Դատաւորը որոշեց Վեհափառի ու Սրբազանների գործն ուղարկել Երեւան քաղաքի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարան
Վեհափառի ու Սրբազանների գործով դատական նիստը կը լուսաբանուի. դատաւորը մերժեց կարգալոյծ Արման Սարոյեանի միջնորդութիւնը։
Սարոյեանն այսօր միջնորդեց, որ նիստերը լինեն դռնփակ։ Նրան միացան նաեւ հանրային մեղադրողները, Վեհափառ Հօր ու Սրբազանների փաստաբանները, սակայն, առարկեցին։
Այսպիսով՝ դատաւոր Սերժ Ռուշանեանը մերժեց կարգալոյծի միջնորդութիւնը. հիմքեր չկան նիստերը դռնփակ անելու։
Դատաւոր Սերժ Ռուշանեանը որոշեց Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործն ուղարկել Երեւան քաղաքի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարան։
Դատաւորը յայտարարեց, թէ մտավախութիւն ունի, որ կարող է ենթարկուել կարգապահական պատասխանատուութեան, քանզի ընդդատութեան խնդիր է տեսնում։ Ըստ այդմ՝ որոշեց գործն ուղարկել Երեւանի դատարան։
Դատական նիստը յետաձգուեց։
Դատաւորը չցանկացաւ Վեհափառի ու Սրբազանների գործը քննել. լրագրողներին ասաց Վեհափառի փաստաբան Արա Զոհրաբեանը։
«Դատաւորները հասկանում են, որ սա խնդրայարոյց գործ է, մի կողմում իրենց խիղճն է, միւս կողմում՝ քաղաքական ճնշումը»,- ասաց նա։
Զոհրաբեանը չի բացառում, որ այս գործը կարող է մակագրուել իշխանութեան «սրտի դատաւորներ» Մասիս Մելքոնեանին, Կարէն Ֆարխոյեանին, Արմինէ Մելիքսեթեանին ու այլոց։
