Ազգային ժողովում իշխանական պատգամաւորների յայտարարութիւնները, թէ ՀՅԴ-ն իրաւունք չունի խօսել Սփիւռքի անունից կամ իր քաղաքականութիւնն է պարտադրում, վկայում են միայն նրանց տկարութեան մասին, քանի որ նրանք փորձում են ամէն կերպ թիրախաւորել Դաշնակցութեանը եւ ազդեցիկ միւս ուժերին։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը։
«Այն պնդումը, թէ ես կամ Սփիւռքի իմ գործընկերները քաղաքականութիւն ենք պարտադրում, բացարձակ սուտ է։ Մենք երբեք ոչինչ չենք պարտադրել։ Միշտ ներկայացրել ենք առաջարկներ, խորհուրդներ ու մեր տեսակէտները, ինչը, որպէս հայ եւ Հայաստանի քաղաքացի, մեր լիարժէք իրաւունքն է»,- նշել է Գասպար Կարապետեանը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականութեան օրակարգից հանելու իշխանութիւնների դիրքորոշմանը՝ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի ղեկավարն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանութեան հարցի անտեսումն ու դրա միջազգային ճանաչումից հրաժարումը լի է նոր սպառնալիքներով։
«Անցեալը չճանաչելու դէպքում պատմութիւնը կրկնւում է։ Արցախի կորուստը թարմ օրինակ է, եւ Հայաստանի համար այդ սպառնալիքը պահպանուելու է այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանութիւնը։ Եւրոպական խորհրդարանի եւ միջազգային այլ կառոյցների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը Թուրքիայի վրայ ճնշում գործադրելու միջոց է՝ այն ճանաչելու համար»,- նշել է Գասպար Կարապետեանը։
Մանրամասները՝ տեսանիւթում։
