Հայ Դատի Ամերիկայի Յանձնախմբի Արեւմտեան շրջանը իր բարձրագոյն օրէնսդրական պատիւը կը շնորհի Քալիֆորնիոյ Նահանգային ժողովին մէջ ծառայող հայկական ծագում ունեցող միակ պատգամաւորին՝ ի գնահատութիւն Մերձաւոր Արեւելքի եւ Հիւսիսային Ափրիկէի (MENA) ներառման մասին օրէնքի ընդունման ուղղութեամբ նրա առաջնորդութեան, հայ ռազմագերիների, ինչպէս նաեւ բռնի տեղահանուած եւ էթնիկ զտման ենթարկուած Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան, եւ Քալիֆորնիայի ու Հայաստանի միջեւ փոխադարձ առեւտրի, արուեստի եւ մշակութային փոխանակման հարցերով Նահանգային ժողովի նորաստեղծ յատուկ յանձնաժողովը նախագահելու նրա գործունէութեան համար։
Լոս Անջելես, Քալիֆորնիա — Հայ Դատի Ամերիկայի Յանձնախմբի Արեւմտեան շրջանը (ANCA-WR) ուրախութեամբ յայտարարում է, որ Քալիֆորնիայի Նահանգային ժողովի պատգամաւոր Ջոն Հարաբեդեանը (Դեմոկրատ, 41-րդ ընտրատարածք) արժանանալու է կազմակերպութեան 2026 թ. «Տարուայ օրէնսդիր» մրցանակին՝ հոկտեմբերի 11-ին, կիրակի օրը, Լոս Անջելեսի «Թագլեան» համալիրում կայանալիք ամենամեայ հանդիսաւոր ճաշկերոյթի ընթացքում։ ANCA-WR-ի «Տարուայ օրէնսդիր» մրցանակն ամեն տարի շնորհւում է ընտրովի պաշտօնեայի, որն աչքի է ընկել բացառիկ առաջնորդութեամբ, արդարութեան նկատմամբ անսասան յանձնառութեամբ եւ ամերիկահայ համայնքի համար կարեւոր հարցերի հետեւողական պաշտպանութեամբ։
«Նահանգային ժողովում իր պաշտօնավարման հէնց առաջին օրուանից պատգամաւոր Հարաբեդեանը եղել է ամերիկահայ համայնքի անխոնջ եւ սկզբունքային պաշտպանը»,— յայտարարել է ANCA-WR-ի Տնօրէնների խորհրդի ատենապետ Օշին Յարութիւնեանը։ «Որպէս Քալիֆորնիայի Նահանգային ժողովում ծառայող հայկական ծագում ունեցող միակ ներկայացուցիչ՝ նա իր պարտականութիւնները կատարել է խորին համոզմունքով՝ դառնալով Քալիֆորնիայում ամերիկահայութեան խնդիրների առաջամարտիկը։ Նրա առաջնորդութիւնը նրան դարձնում է այս տարուայ «Տարուայ օրէնսդիր» մրցանակի բացառապէս արժանի դափնեկիր»։
Պատգամաւոր Հարաբեդեանը ներկայացնում է Քալիֆորնիայի Նահանգային ժողովի 41-րդ ընտրատարածքը, որը Փասադենայից տարածւում է Սան Գաբրիէլի հովտով մինչեւ Քլէրմոնթ, Լա Վեռն եւ Սան Դիմաս՝ ընդգրկելով նաեւ Սան Բերնարդինօ շրջանի որոշ հատուածներ։ Նա ընտրուել է 2024 թ. նոյեմբերին եւ պաշտօնը ստանձնել 2024 թ. դեկտեմբերի 2-ին՝ յաջորդելով պատգամաւոր Քրիս Հոլդընին։ Ներկայում նա Քալիֆորնիայի Նահանգային ժողովում ծառայող միակ ամերիկահայն է, իսկ 2025 թ. յունուարից մեծ նուիրումով նախագահում է Քալիֆորնիայի Հայկական օրէնսդրական խմբակցութեան հիմնադրամը։
Հարաբեդեանի պատմութիւնը սկսւում է Սիերա Մադրեում՝ նոյն համայնքում, որն այսօր նա ներկայացնում է Սակրամենտոյում։ Լինելով Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների թոռ՝ նա մեծացել է՝ անմիջականօրէն լսելով, թէ ինչ գին ունի հայրենիքի կորուստը եւ ինչ է պահանջւում կեանքը վերակառուցելու համար մի երկրում, որը ապաստան է տուել։ Ինչպէս ինքն է նշել, այդ ժառանգութիւնը մինչ օրս ոգեշնչում եւ ուղղորդում է Նահանգային Կապիտոլիումում նրա մղած իւրաքանչիւր պայքարը։ Պարտքի այդ զգացումը նրան ուղեկցել է Եէյլի, Օքսֆորդի եւ Սթենֆորդի իրաւաբանական դպրոցի ուսումնառութեան տարիներին, սակայն ուսումն աւարտելուց յետոյ անցած տարիներն էին, որ ձեւաւորեցին ապագայ օրէնսդրին։ Դաշնային դատարանում աշխատանքը նրան ցոյց տուեց օրէնքի ուժը՝ անարդարութիւնները շտկելու գործում, Լոս Անջելեսի շրջանում դատախազի պաշտօնավարումը նրան անմիջական շփման մէջ դրեց այն համայնքների հետ, որոնց հետագայում ծառայելու էր, իսկ ներգաղթեալների իրաւունքների անվճար պաշտպանութիւնը ամրապնդեց ձայն չունեցողների անունից խօսելու նրա վճռականութիւնը։ Նոյնիսկ «Latham & Watkins»-ի նման իրաւաբանական ընկերութիւններում մասնագիտական ուղի կառուցելիս, իսկ հետագայում «Ellis George LLP»-ում որպէս գործընկեր աշխատելիս, նա շարունակ վերադարձել է հանրային ծառայութեանը՝ նախ CORO կրթաթոշակային ծրագրի շրջանակում՝ աշխատելով արհմիութենական կազմակերպիչների եւ քաղաքապետարանի աշխատակիցների կողքին, ապա՝ ընտրովի պաշտօններում՝ 2012 թ. ընտրուելով Սիերա Մադրեի քաղաքային խորհրդի անդամ եւ երկու անգամ ծառայելով որպէս քաղաքի քաղաքապետ։
Ամերիկահայ համայնքի համար Հարաբեդեանը Նահանգային Կապիտոլիումում եղել է հետեւողական եւ ազդեցիկ ձայն։ 2025 թ. հոկտեմբերին նահանգապետ Գեւին Նիւսոմը ստորագրեց AB 91-ը՝ MENA-ի ներառման մասին օրէնքը, որն ընդլայնեց ժողովրդագրական տուեալների հաւաքագրումը եւ նահանգային տուեալներում սահմանեց ամերիկահայերի առանձին դասակարգում՝ ապահովելով, որ Քալիֆորնիայում ամերիկահայերը պատշաճ կերպով հաշուառուեն եւ դուրս չմնան մարդահամարի տուեալներից։
Այդ հետեւողական պաշտպանութիւնը նոր փորձութեան ենթարկուեց 2026 թ. յունուարին, երբ Թրամփի վարչակազմի «Medicare»-ի եւ «Medicaid»-ի ղեկավար դոկտ. Մեհմեթ Օզը Վան Նայսում գտնուող հացատան առջեւ արտայայտութիւններ արեց, որոնցով մի ամբողջ համայնք ներկայացրեց որպէս յանցագործներ։ Այդ յայտարարութիւնների հետեւանքով թիրախաւորուած ձեռնարկութիւնը մէկ օրուայ ընթացքում կորցրեց իր յաճախորդների մօտ մէկ երրորդը։ Հարաբեդեանն անարձագանգ չթողեց այդ միջադէպը եւ օրեր շարունակ՝ հրապարակային յայտարարութիւններով եւ ընկերային ցանցերում, ANCA-WR-ի հետ ուս ուսի շարունակեց հակազդել՝ թոյլ չտալով, որ Օզի պնդումները մնան անպատասխան։ Հարաբեդեանի եւ ANCA-WR-ի այդ հետեւողական արձագանգը նպաստեց այն հանրային արձանագրութեան ձեւաւորմանը, որի հիման վրայ նահանգապետ Նիւսոմը Օզի դէմ քաղաքացիական իրաւունքների խախտման վերաբերեալ բողոք ներկայացրեց՝ նրա գրասենեակի բնորոշմամբ՝ ամերիկահայ համայնքի դէմ ուղղուած «անհիմն եւ ռասայական երանգաւորում ունեցող մեղադրանքների» առնչութեամբ։
2026 թ. ապրիլին Հարաբեդեանը նախաձեռնեց ANCA-WR-ի աջակցութիւնը վայելող երկկուսակցական նամակ, որը ստորագրեցին Քալիֆորնիայի օրէնսդիր մարմնի աւելի քան քսանհինգ անդամներ։ Նախագահ Թրամփին ուղղուած նամակով պահանջւում էր ազատ արձակել Բաքւում ապօրինաբար պահուող հայ ռազմագերիներին, պատանդներին եւ քաղաքական բանտարկեալներին, ապահովել բռնի տեղահանուած արցախահայութեան վերադարձի իրաւունքը եւ վերջ տալ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնագրաւմանը։ Հարաբեդեանը նաեւ աջակցել է Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանութեան նահատակների յուշարձանը Քալիֆորնիայի նահանգային պատմական յուշարձան հռչակելու նախաձեռնութեանը։ Նրա նախագահած Քալիֆորնիայի Հայկական օրէնսդրական խմբակցութեան հիմնադրամը, որն այժմ երկու պալատներում միասին ունի 61 անդամ, ամէն տարի Քալիֆորնիայի ուսանողներին շնորհում է Հայոց Ցեղասպանութեան յիշատակի կրթաթոշակներ։
Վերջերս Հարաբեդեանը ստանձնել է Քալիֆորնիայի եւ Հայաստանի միջեւ փոխադարձ առեւտրի, արուեստի եւ մշակութային փոխանակման հարցերով Նահանգային ժողովի նորաստեղծ յատուկ յանձնաժողովի նախագահի պաշտօնը։ Յանձնաժողովն իր անդրանիկ լսումն անցկացրեց Նահանգային Կապիտոլիումում՝ 2026 թ. օգոստոսին։ Յանձնաժողովի օրակարգը ներառում է Հայաստանի Հանրապետութեան հետ առեւտրի եւ ներդրումների ընդլայնումը, Քալիֆորնիայի համալսարանի եւ Քալիֆորնիայի նահանգային համալսարանների համակարգերի ու Հայաստանի կրթական հաստատութիւնների միջեւ ակադեմիական համագործակցութեան զարգացումը, մշակութային ժառանգութեան պահպանման եւ զբօսաշրջութեան խթանումը, ամերիկահայ ձեռնարկութիւնների՝ նահանգային մատակարարների բազմազանութեան եւ գնումների ծրագրերից դուրս մնալու խնդրի շտկումը, ինչպէս նաեւ Քալիֆորնիայի հնարաւորութիւնների օգտագործումը՝ Հայաստանի ինքնիշխանութեան, մարդու իրաւունքների եւ քաղաքական բանտարկեալների ազատ արձակման օգտին հանդէս գալու համար։
Պատգամաւոր Հարաբեդեանին «Տարուայ օրէնսդիր» մրցանակով պատուելը վերահաստատում է ANCA-WR-ի յանձնառութիւնը՝ մեծարելու այն հանրային ծառայողներին, որոնք անսասան պաշտպանում են մարդու իրաւունքները, լսելի են դարձնում ամերիկահայ համայնքի ձայնը եւ անարդարութեան դէմ վճռական քայլերի դիմում։ Նրա առաջնորդութիւնը գնահատելով՝ ANCA-WR-ը վերահաստատում է սկզբունքային շահերի պաշտպանութեան կենսական դերը՝ թէ՛ Հայրենիքում եւ թէ՛ Սփիւռքում հայութեան համար աւելի ապահով եւ արդար ապագայ կերտելու գործում։
ANCA-WR-ի 2026 թ. հանդիսաւոր տարեկան ճաշկերոյթը մէկ յարկի տակ կը համախմբի համայնքի հարիւրաւոր առաջնորդների, պետական պաշտօնեաների եւ հասարակական գործունէութեան նուիրեալ աջակիցների՝ նշելու շահերի պաշտպանութեան ձեռքբերումներն ու ազդեցութիւնը։ Տոմսերի, հովանաւորութեան հնարաւորութիւնների եւ միջոցառման վերաբերեալ յաւելեալ տեղեկութիւնների համար այցելէք՝ https://ancawr.org/gala2026
