Տեսակ մը խզում կայ հայկական իրականութեան եւ ԱԺ քննարկումներուն միջեւ, ես իրականութեան մէջ այս ելոյթով այդ խզման կ’ուզեմ անդրադառնալ ու հնարաւորինս վերցնել այդ խզումը՝ ամենեւին առանց նսեմացնելու այս քննարկման կարեւորութիւնը․ ԱԺ նիստին ըսած է «Հայաստան» խըմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեան։
«Երէկ ՀՀ ղեկավարը յայտարարել է, որ ՀՀ տարածքը, որտեղ մի ամիս առաջ անցկացուել է ընտրութիւն, որը վարչատարածքային բաժանման մասին օրէնքով, որն անընդհատ այստեղ ՔՊականները վկայակոչում են, պատկանում է Հայաստանին, յայտարարել է ադրբեջանական անուանումով։ Խոշոր հաշուով յայտարարել է, որ Ադրբեջանին է պատկանում»,‒ ըսած է ընդդիմադիր պատգամաւորը՝ միացնելով Նիկոլ Փաշինեանի 2022ի ելոյթէն հատուած մը, ուր Փաշինեան կ’ըսէ․ «Շատ է խօսւում անկլաւների մասին։ Մենք մինչեւ այս պահը որքան ուսումնասիրել ենք, անկլաւների գոյութեան իրաւական հիմք չենք գտել։ Յիշո՞ւմ էք, մի քանի անգամ՝ կա՛մ ձեզ հետ այս ֆորմատով, կա՛մ այլ տեղերում ասել եմ՝ քարտէզը գծագիր է՝ ոնց ուզես գծես, պէտք է իրաւական հիմքը նայես։ Մենք այս մի տարուայ ընթացքում արդէն բոլոր հնարաւոր փաստաթղթերն ուսումնասիրել ենք, բայց նաեւ ուզում եմ արձանագրել, որ այս պահի դրութեամբ այդ իրաւական հիմքը չենք գտնում»։
«Նիկոլ Փաշինեանի այս ելոյթը կարելի էր վերնագրել “յետ բերէք հին Նիկոլին”, շարունակած է Քրիստինէ Վարդանեանը՝ աւելցնելով․ «Եւ հիմա հարց է առաջանում՝ ուսումնասիրութիւնները շարունակել էք, իրաւական հիմքե՞ր էք գտել, եթէ այո, ներկայացրէք, որովհետեւ հարց է առաջանում՝ ի՞նչ իրաւունքով, ի՞նչ տրամաբանութեամբ էք դուք կանգնում ամենաբարձր պետական ամբիոններից, ամենաբարձր պետական մակարդակով ՀՀ տարածքը, հայկական բնակավայրերն անուանում ադրբեջանական անուններով»։
«Եթէ ձեր տրամաբանութիւնն այն է, որ ինչ որ մի տեղ, ինչ որ մի ժամանակ ապրել են այլազգիներ, դա պատկանում է այդ պետութեանը, Հայաստանի տարբեր տեղերում ապրել են ու ապրում են տարբեր այլազգիներ, ի՞նչ է, մենք ունենք իրանական, ռուսական, թուրքական, ադրբեջանական տարածքնե՞ր։ Երբ մենք ձեզ ասում ենք, որ Սահմանադրութիւնը չի կոնֆլիկտածին, ՔՊն է կոնֆլիկտածին, սա նկատի ունենք։ Ի՞նչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա փաստացի ունեմ այլ երկրի տարածք, դա եթէ պատերազմի հրաւէր չէ, բա ի՞նչ է», ըսած է պատգամաւորը
