Դժուարութիւնների եւ փորձութիւնների միջով անցնելով՝ մարդը շատ աւելի սթափ է սկսում գնահատել իր իրական հարստութիւնը. Գագիկ Ծառուկեան

Դժուարութիւնների եւ փորձութիւնների միջով անցնելով՝ մարդը շատ աւելի սթափ է սկսում գնահատել իր իրական հարստութիւնը. Գագիկ Ծառուկեան

«Երէկ Հայ Առաքելական Եկեղեցին նշում էր Սուրբ Աստուածածնի Վերափոխման տօնը։ Վստահ եմ, որ հայոց բոլոր եկեղեցիները լի են եղել հաւատացեալներով՝ մեծով, փոքրով, ծնողով ու երեխայով։ Ցաւօք, ես զրկուած էի այդ գեղեցիկ ու լուսաւոր տօնին մասնակցելու հնարաւորութիւնից»,- նշուել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկեանի՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից յղած հերթական ուղերձում։

Նա գրել է. «Հայ Առաքելական Եկեղեցին կանանց, մայրերին առանձնայատուկ ձեւով է մեծարում՝ Աստուածամօրը դնելով խորանի ամենաբարձր կէտում եւ նրա միջոցով իր ակնածանքն ու խոնարհումն ուղղելով բոլոր հայ մայրերին։

Դժուարութիւնների եւ փորձութիւնների միջով անցնելով՝ մարդը շատ աւելի սթափ ու ազնուօրէն է սկսում գնահատել իր իրական հարստութիւնը։ Փորձութիւնների իմ բաժին այս շրջանն անցնելով եւ կտրուած լինելով արտաքին աշխարհից, իմ ամենամտերիմ մարդկանց հետ շփումից՝ ես աւելի պարզ եւ ուժգին եմ զգում կապն ամենաթանկ մարդկանց հետ։ Զգում եմ իմ բախտաւորութիւնը՝ այսքան տարի մայր ունենալու շնորհը վայելելու։ Զգում եմ իմ բախտաւորութիւնը՝ լաւ ընտանիք, լաւ կին՝ կեանքի ընկեր, նուիրուած, խելացի ու շնորհալի դուստրեր ունենալու, որոնք բոլորն այսօր բազմազաւակ մայրեր են։

Ես այս շրջանն անցնում եմ որպէս իմ ստացածն ու ունեցածն արժեւորելու փուլ, եւ Աստուածամօրը նուիրուած տօնին ուզում եմ պարզապէս շնորհակալ լինել այն մարդկային հարստութեան համար, որ ինձ բաժին է հասել՝ ի դէմս Աստծուց ինձ շնորհուած մօր, կնոջ, քրոջ, դուստրերի եւ իմ քաղցր թոռնուհիների։ Աւելի թանկ նուէրներ, աւելի թանկ հարստութիւն մարդ խնդրել չի էլ կարող։ Ես կուզէի, որ ամէն մարդ կարողանար գնահատել իրեն բաժին հասած բարեբախտութիւնը եւ իր սրտում պահէր շնորհակալութեան զգացումը՝ անկախ պահի բերած դժուարութիւններից։ Հէնց այդ զգացումն է, որ ինձ ամրութիւն է տալիս հիմա, հէնց այդ զգացումն է, որ ինձ օգնում է հաւատով նայել առաջ։

Ամիսներ առաջ երիտասարդ ուսանողի հարցին, թէ՝ էլ ո՞ւմ արձանը կը կառուցէիք, եթէ հնարաւորութիւն ունենաք առանց մի վայրկեան մտածելու պատասխանել եմ՝ հայ կնոջ, հայ մօր։ Աշխարհի բոլոր մայրերի հանդէպ յարգանքով հանդերձ՝ ես շեշտել եմ եւ շեշտում եմ հայ կնոջը՝ որպէս ընկեր, որպէս մայր, որպէս ընտանիքի եւ պետութեան հիմնասիւն։ Հիմա էլ, առանց տատանուելու, կը կրկնեմ նոյնը։

Աստուած պահապան բոլորիս։

Կենտրոն ՔԿՀ

17.08.26 թ.»։

Share