Հայկական կողմը մեղադրւում է TRIPP-ի հանդէպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մէջ

Հայկական կողմը մեղադրւում է TRIPP-ի հանդէպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մէջ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբեանը գրում է. Գեներալ-մայոր Եահեա Ռահիմ Սաֆաւին, որը զբաղեցնում է Իրանի Իսլամական հոգեւոր առաջնորդ Մոջթաբա Խամենէիի զինուած ուժերի գործերով գլխաւոր օգնականի եւ աւագ խորհրդականի պաշտօնը, կարեւորագոյն յայտարարութիւն է արել TRIPP-ի վերաբերեալ։ Նա, ըստ էութեան, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդէպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մէջ։

Հերքելով ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի ընտրուելիք նախագահ ՔՊ-ական Սարգիս Խանդանեանի յայտարարութիւնները՝ նա յայտարարել է.

«Մենք Հայաստանի հետ ոչ մի նախնական պայմանաւորուածութիւն TRIPP-ի վերաբերեալ չունենք։ Այդ հարցով չունենք ոչ մի իրական փոխըմբռնում, ոչ էլ հատման ընդհանուր կէտ։

Մենք բացայայտ եւ յստակ կերպով Հայաստանի ուշադրութեանն ենք ներկայացրել մեր կարմիր գծերը։ Հետեւաբար, Հայաստանի խորհրդարանի պատգամաւորի յայտարարութիւնը չի համապատասխանում իրականութեանը։

Միւս կողմից, եթէ մենք դէմ ենք ԱՄՆ-ի ներկայութեանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պէտք է աջակցենք նրանց ներկայութեանը Հարաւային Կովկասում։ Մենք տարածաշրջանը եւ մեր սահմանների անվտանգութիւնը դիտարկում ենք որպէս մէկ միասնական ամբողջութիւն։ Ուստի, այս նախագիծն իր ներկայիս ձեւաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։

Մենք շարունակում ենք բանակցութիւնները Հայաստանի հետ։ Այդուհանդերձ, եթէ այնտեղ անվտանգութեան պատասխանատուութիւնը փոխանցուի ԱՄՆ զինուորականներին, Իրանն իրեն իրաւունք է վերապահում դիմել պատասխան քայլերի եւ ունակ է ձեռնարկել համապատասխան միջոցներ»։

Հայ Ազգային Կոնգրեսը վաղուց է զգուշացրել, որ TRIPP-ի իրականացումն այն ձեւով, որ որդեգրել են Հայաստանի իշխանութիւնները, իրականում աշխարհաքաղաքական ռումբ է, որ դրուած է Հայաստանի տակ, եւ առաջարկել TRIPP+BRICS այլընտրանքային նախագծի իրականացումը՝ որպէս Հայաստանի անվտանգութեան իրական երաշխիք։

Սա յատկապէս կարեւոր է՝ հաշուի առնելով ստեղծուած իրավիճակը, որը շատ լուրջ փորձագէտների կողմից գնահատւում է որպէս Իրանի դէմ պատերազմում ԱՄՆ-ի ստրատեգիական պարտութիւն։

Այստեղ ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանութիւնները փաստօրէն նորից ստում են սեփական ժողովրդի առաջ՝ փորձելով թաքցնել բացառապէս իշխանութեան պահպանման նպատակով իրագործուող արկածախնդրութիւնը, որը կարող է նոր ճակատագրական աղէտների բերել Հայաստանն ու հայ ժողովրդին։

Այդպէս եղել է 2020 թուականի պատերազմից առաջ, այդպէս եղել է 2023 թուականին՝ Արցախը հայաթափելուց առաջ, այդպէս է նաեւ հիմա։

Share