Յայտարարութիւն՝ ԵԱՀԿ-ի ընդհանուր քարտուղար Սինիրլիօղլուի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերեալ արտայայտութիւնների մասին

Յայտարարութիւն՝ ԵԱՀԿ-ի ընդհանուր քարտուղար Սինիրլիօղլուի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերեալ արտայայտութիւնների մասին

Կոչ ենք անում հրապարակաւ պարզաբանել եւ չեղեալ համարել ցանկացած առաջարկ, թէ ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտօնանկութեանը

Յայտարարութիւն՝ ԵԱՀԿ-ի ընդհանուր քարտուղար Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերեալ արտայայտութիւնների մասին

Քաղաքական իրաւունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկեան կոմիտէն, Եւրոպայում կրօնի ազատութեան ֆորումը եւ Միջազգային քրիստոնէական համերաշխութիւնը (Christian Solidarity International) խոր մտահոգութիւն են յայտնում եւ դատապարտում Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) ընդհանուր քարտուղար, Թուրքիայի քաղաքացի Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի ձայնագրուած արտայայտութիւնները, որոնցում նա, ըստ էութեան, պատրաստակամութիւն է յայտնել իր գրասենեակի աջակցութիւնը տրամադրելու Հայաստանի կառավարութեանը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ին պաշտօնանկ անելու արշաւում։ Այն հանգամանքը, որ մարդու իրաւունքների պաշտպանութիւնը որպէս հիմնարար առաքելութիւն ունեցող կազմակերպութեան ամենաբարձր պաշտօնեան, թէեւ հպանցիկ, այնուամենայնիւ պատրաստակամութիւն է յայտնում աջակցելու նման խնդրանքի, խորապէս մտահոգիչ է եւ պահանջում է անհապաղ ու հրապարակային պարզաբանում։

Մենք գիտակցում ենք, թէ ինչ պայմաններում են հնչել այդ արտայայտութիւնները։ Դրանք ստացուել են ռուս փրենքըրների (prankers) կողմից, որոնք հեռախօսազրոյցի ընթացքում ներկայացել են որպէս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան։ Զրոյցը հրապարակուել է Յուլիսի 8-ին։ Նշուած փրենքըրներն ունեն քաղաքական գործիչների եւ պաշտօնատար անձանց թիրախաւորելու փաստագրուած պատմութիւն՝ հանրային զգայուն հարցերի վերաբերեալ արտայայտութիւններ ստանալու նպատակով։ Մենք չենք արդարացնում նման խաբէութեան կիրառումը։ Սակայն, թէեւ գիտակցում ենք, որ զրոյցը հնարքով հրահրուած էր, ընդհանուր քարտուղարի խօսքերը, այնուամենայնիւ, բացայայտում են այնպիսի դիրքորոշում, որն անհամատեղելի է նրա պաշտօնի պարտականութիւնների հետ։

Զրոյցի ընթացքում ընդհանուր քարտուղարը մեղադրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականացնելու մէջ։ Այնուհետեւ նա համաձայնել է «ուսումնասիրել» («look into»), թէ ինչպէս ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Հայաստանի վարչապետ ներկայացող անձին՝ Կաթողիկոսին պաշտօնանկ անելու հարցում։ Երբ ընդհանուր քարտուղարը հարցրել է, թէ արդեօք նա կարող է «փոխել Կաթողիկոսին», վարչապետ ներկայացող անձը պատասխանել է, թէ «դիտարկում է բոլոր հնարաւոր ճանապարհները»։ Նա խնդրել է ընդհանուր քարտուղարի աջակցութիւնը այն դէպքում, եթէ այդ քայլը հանրային քննադատութեան արժանանայ, ինչին ընդհանուր քարտուղարը պատասխանել է. «Լաւ, կանեմ ամէն ինչ, կը փորձեմ» («OK, I’ll do my best, I’ll try»)։ Զրոյցի ոչ մի փուլում ընդհանուր քարտուղարը չի առարկել, որ կրօնական առաջնորդի հարկադիր հեռացումը պետութեան կողմից կը խախտի այն հիմնարար ազատութիւնները, որոնց պաշտպանութեան կոչուած է ԵԱՀԿ-ն։

1975 թուականի Հելսինկիի Եզրափակիչ ակտի VII սկզբունքը սահմանում է ԵԱՀԿ-ի հիմնարար յանձնառութիւնը՝ «մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների յարգում, ներառեալ մտքի, խղճի, կրօնի կամ դաւանանքի ազատութիւնը»։ Այս յանձնառութիւնը բազմիցս վերահաստատուել է եւ պարտադիր է ԵԱՀԿ-ի բոլոր 57 մասնակից պետութիւնների, ներառեալ Հայաստանի համար։ Կրօնական կազմակերպութիւնների ինքնավարութիւնը եւ իրենց ներքին ու կանոնական գործերը ինքնուրոյն կարգաւորելու ազատութիւնը այդ երաշխիքի առանցքային բաղադրիչներից են։ Քանի որ ընդհանուր քարտուղարին վերապահուած է այդ յանձնառութեան պահպանման պատասխանատուութիւնը, նա նոյնիսկ զուսպ աջակցութիւն չպէտք է ցուցաբերի այնպիսի կառավարութեան, որը տրամադրուած է եկեղեցու առաջնորդին պաշտօնանկ անելու։

Այս արտայայտութիւնները չեն կարող դիտուել առանձին։ 2025 թուականի Մայիսից ի վեր Հայաստանի կառավարութիւնը համակարգուած եւ շարունակական արշաւ է իրականացնում ՀԱՍԵ-ի դէմ, որը ժողովրդավարութեան եւ օրէնքի գերակայութեան դէմ ուղղուած աւելի լայն յարձակման մաս է կազմում։ Վարչապետ Փաշինեանը հրապարակաւ կոչ է արել պաշտօնանկ անել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ին, հրապարակել է նրա պաշտօնանկութեան քայլերի «ճանապարհային քարտէզը», ինչպէս նաեւ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Կաթողիկոսի եւ բարձրաստիճան հոգեւորականների հասցէին։ Կաթողիկոսի եւ մի շարք եպիսկոպոսների նկատմամբ կիրառուել են երկրից դուրս գալու սահմանափակումներ, իսկ բարձրաստիճան հոգեւորականներ կալանաւորուել են քրէական մեղադրանքներով, որոնք, ըստ երեւոյթի, քաղաքական դրդապատճառներ ունեն։ Այս գործողութիւնները, իրենց ամբողջութեան մէջ, պետութեան կողմից կազմակերպուած ջանքեր են, որոնց նպատակն է Եկեղեցին ենթարկել կառավարութեան կամքին՝ վտանգի տակ դնելով Հայաստանի Սահմանադրութեամբ ամրագրուած եկեղեցու եւ պետութեան տարանջատման սկզբունքը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սովորական կողմ չէ քաղաքական վէճում։ 301 թուականին Հայաստանի կողմից քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն ընդունելուց ի վեր Եկեղեցին վճռորոշ դեր է ունեցել հայ ժողովրդի լեզուն, մշակոյթը եւ ազգային ինքնութիւնը պահպանելու գործում։ Այդ դերը Հայաստանի Սահմանադրութեան 18-րդ յօդուածով ճանաչուած է որպէս նրա «բացառիկ առաքելութիւն»։ Ի տարբերութիւն ընդհանուր քարտուղարի պնդման, թէ Կաթողիկոսը քաղաքականացնում է Եկեղեցին, նա իրականում ձգտում է կատարել իր սահմանադրական առաքելութիւնը՝ պաշտպանելով հայ ժողովրդի, ներառեալ 2023 թուականին Լեռնային Ղարաբաղից ցեղային զտման ենթարկուած հայութեան իրաւունքները։ Հետեւաբար, պետութեան կողմից Կաթողիկոսին պաշտօնանկ անելու ցանկացած փորձ խախտում է ոչ միայն Հայաստանի՝ կրօնի ազատութեան ոլորտում ստանձնած միջազգային պարտաւորութիւնները, այլեւ երկրի սահմանադրական կարգը։

Հետեւաբար, մենք կոչ ենք անում ընդհանուր քարտուղար Սինիրլիօղլուին՝

● հրապարակաւ պարզաբանել եւ չեղեալ համարել ցանկացած առաջարկ, թէ ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտօնանկութեանը կամ որեւէ այլ կերպ միջամտել ՀԱՍԵ-ի ներքին կառավարմանը,

● վերահաստատել ԵԱՀԿ-ի յանձնառութիւնը Հայաստանում կրօնի կամ համոզմունքի ազատութեան պաշտպանութեան նկատմամբ՝ իր մարդկային չափանիշի շրջանակում ստանձնած պարտաւորութիւններին համապատասխան,

● երկխօսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ՝ ապահովելու համար ՀԱՍԵ-ի, նրա հոգեւորականների եւ հաւատացեալների իրաւունքների լիարժէք պաշտպանութիւնը։

Մենք պատրաստակամ ենք հանդիպել ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու լրացուցիչ տեղեկութիւններ եւ մեր մտահոգութիւնները, եւ շարունակելու ենք ուշադիր հետեւել կազմակերպութեան ղեկավարութեան գործունէութեանը։ ԵԱՀԿ-ի ղեկավարը պէտք է լինի կրօնի ազատութեան խախտումների դէմ պաշտպանական պատնէշ, այլ ոչ թէ դրանց կամաւոր աջակիցը։ Հրապարակուած արտայայտութիւնների լոյսի ներքոյ ընդհանուր քարտուղար Սինիրլիօղլուն ձախողել է այս փորձութիւնը եւ այժմ պարտաւոր է յստակեցնել իր դիրքորոշումը։

Ջոն Այպներ
Նախագահ, Միջազգային քրիստոնէական համերաշխութիւն

Եան Ֆիկել
Նախագահ, Եւրոպայում կրօնի ազատութեան ֆորում

Ռաֆայէլ Իշխանեան
Նախագահ, Քաղաքական իրաւունքների հայկական կենտրոն

Սիրանուշ Սահակեան
Նախագահ, Հայաստանի Հելսինկեան կոմիտէ

է։

Share