այաստանի ներքաղաքական զարգացումների, ընդդիմադիր ուժերի համատեղ յայտարարութեան, սահմանադրական փոփոխութիւնների շուրջ ստեղծւած իրավիճակի, ինչպէս նաեւ տարածաշրջանային հաղորդակցութիւնների եւ Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնների վերաբերեալ «ԱԼԻՔ»-ի հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենեակի համակարգող Լեւոն Զուրաբեանը։
Նշենք նաեւ, որ պրն. Զուրաբեանը ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան զբօսաշրջութեան եւ տարածքային տնտեսական զարգացման վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանի եւ Չինական գիտութեան եւ մշակոյթի կենտրոնի տնօրէն Իզաբելլա Մուրադեանի ընկերակցութեամբ այսօր առաւօտեան հիւրընկալւեցին «ԱԼԻՔ» օրաթերթի յարկի ներքոյ:
ՀԱՏԻՍ
Հարց – Ընդդիմադիր հինգ ուժերը համատեղ յայտարարութիւն են տարածել Սահմանադրական դատարանի որոշման առնչութեամբ։ Այդ ուժերից մի քանիսը ներկայացւած են Ազգային ժողովում, իսկ մի քանիսը խորհրդարան չեն անցել։ Այս պայմաններում համատեղ պայքարն ինչպէ՞ս էք պատկերացնում։
Լեւոն Զուրաբեան – Համատեղ պայքարի մեր պատկերացումները, ըստ էութեան, արտացոլւած են այդ համատեղ յայտարարութեան մէջ։ Գլխաւոր վտանգը, որ այսօր ստեղծւել է Հայաստանի համար, այն է, որ կեղծւած ընտրութիւնների արդիւնքում գործող իշխանութիւնը, ըստ էութեան, ստացել է խորհրդարանում երեք հինգերորդից աւելի մեծամասնութիւն։
Ընդ որում, Կենտրոնական ընտրական յանձնաժողովը խախտել է Ընտրական օրէնսգրքի 101-րդ յօդւածի պահանջները։ Այդ յօդւածի համաձայն՝ այն ընտրատեղամասերում, որոնց արդիւնքները կարող էին ազդել ընտրութիւնների վերջնական ելքի վրայ, պարտադիր էր անցկացնել վերահաշւարկ։ Սակայն չի իրականացւել ո՛չ մէկը, ո՛չ միւսը։
Դրա հետեւանքով Նիկոլ Փաշինեանին տալիս է փաստացի բացարձակ իշխանութիւն։
Սա լուրջ խնդիր է, որովհետեւ, ըստ էութեան, այլեւս չեն գործում Սահմանադրութեամբ նախատեսւած զսպումների եւ հակակշիռների մեխանիզմները։ Նա կարող է իր քաղաքական կամքով նշանակել պետական առանցքային մարմինների ղեկավարներին՝ սկսած գլխաւոր դատախազից մինչեւ դատական իշխանութեան հետ առնչւող այլ կառոյցներ։ Այս իրավիճակը բռնապետական կառավարման ձեւաւորման վտանգ է ստեղծում, եւ դրա դէմ անհրաժեշտ է համատեղ պայքարել։
Երկրորդ խնդիրը վերաբերում է այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինեանը, Ադրբեջանի ճնշման ներքոյ, ցանկանում է Սահմանադրութիւնից հանել Անկախութեան հռչակագրին վերաբերող յղումը։ Ինչպէս բազմիցս եմ նշել, սա Ադրբեջանի կողմից պարտադրւող պահանջ է։
Այս քայլն իրականացնելու համար գործող իշխանութիւնը ներկայումս չունի անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնութիւնը։ Սակայն մենք համոզւած ենք, որ Փաշինեանի ռեժիմը, «ռեժիմ» եզրոյթը ես միտումնաւոր եմ օգտագործում, որովհետեւ ընտրութիւնների կեղծումից յետոյ այլ բնորոշում չեմ կարող տալ, ամէն ինչ կը ձեռնարկի այդ սահմանադրական պատնէշը յաղթահարելու համար։
Հարց – Ի՞նչ մեխանիզմներով կարող է իշխանութիւնը հասնել դրան։
Լեւոն Զուրաբեան – Ամենահաւանական մեխանիզմը ընդդիմութեան ներսից առանձին մարդկանց հաւաքագրելու փորձն է։ Դրա համար կը կիրառւեն ամենատարբեր ճնշումներ՝ սկսած քննչական մարմինների գործողութիւններից եւ դատական հետապնդումներից։
Մենք արդէն տեսնում ենք, որ ընդդիմադիրների, յատկապէս խորհրդարան անցած քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ զանգւածաբար քրէական գործեր են յարուցւում, իրականացւում են ձերբակալութիւններ։ Ակնյայտ է, որ իշխանութիւններն անցել են քաղաքական ահաբեկման մարտավարութեան։
Այս ամենի գլխաւոր նպատակը, իմ համոզմամբ, արհեստական ճանապարհով երկու երրորդ մեծամասնութիւն ապահովելն է, որպէսզի իրականացւեն Ադրբեջանի պահանջները։
Հէնց այդ պատճառով մեր համատեղ յայտարարութեան մէջ ընդգծել ենք, որ անհրաժեշտ է ընդդիմանալ այս գործընթացին եւ ձեւաւորել միասնական ճակատ, որը կը կարողանայ դիմակայել այդ ճնշումներին։
Այսպիսով լուծւում է երկու կարեւոր խնդիր՝ մէկ կողմից կանխել Նիկոլ Փաշինեանի ձեռքում ամբողջական իշխանութեան կենտրոնացումը, իսկ միւս կողմից՝ մերժել Ադրբեջանի պարտադրանքով նախաձեռնւող սահմանադրական փոփոխութիւններն ու դրանց նպատակով նախատեսւող հանրաքւէն։
Հարց – Համաձա՞յն էք այն տեսակէտին, որ Հայաստանում երբեք ընտրութիւնների միջոցով իշխանափոխութիւն տեղի չի ունեցել։
Լեւոն Զուրաբեան – Առնւազն 1991 թւականի ընտրութիւնները որեւէ լուրջ քաղաքական ուժի կողմից չեն վիճարկւել։ Կարելի է տարբեր գնահատականներ տալ այդ ընտրութիւններին, սակայն դրանց արդիւնքները, ըստ էութեան, կասկածի տակ չեն դրւել։ Նոյնը կարելի է ասել նաեւ 2018 թւականի ընտրութիւնների մասին։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինեանը ընտրութիւններ կեղծելու անհրաժեշտութիւն չունէր։
Հարց – Սակայն նա իշխանութեան եկաւ փողոցային շարժման արդիւնքում։
Լեւոն Զուրաբեան – Այո՛, համաձայն եմ։ Սակայն դրանից յետոյ տեղի ունեցան 2018 թւականի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները, որոնցում նա յաղթեց՝ առանց ընտրակեղծիքների անհրաժեշտութեան։ Որոշ վերապահումներով նոյնը կարելի է ասել նաեւ 2021 թւականի ընտրութիւնների մասին. կարելի է ընդունել, որ այդ ընտրութիւնների արդիւնքում նա ստացել էր լեգիտիմ իշխանութիւն։
Սակայն 2026 թւականի ընտրութիւնները, մեր համոզմամբ, խայտառակ կեղծիքներով ուղեկցւած ընտրութիւններ էին։ Տեղի են ունեցել զանգւածային ընտրախախտումներ, եւ մենք պարտաւոր ենք ընդդիմանալ այդ իրողութեանը։
Հարց – Ստեղծւած իրավիճակը, կարծես, կարող է հիմք դառնալ ընդդիմադիր քաղաքական համագործակցութեան նոր մշակոյթի ձեւաւորման համար։ Աւելի պարզ՝ այսօր ընդդիմադիր դաշտում միաւորւած են այնպիսի ուժեր, որոնք, այլ քաղաքական պայմաններում, կարող էին միմեանց ընդդիմախօսները լինել։ Այս համախմբումը, ինքնին, հետաքրքրական երեւոյթ է։ Ի՞նչ հեռանկար էք տեսնում. հնարաւո՞ր է, որ այս համագործակցութիւնը շարունակական բնոյթ կրի։
Լեւոն Զուրաբեան – Կարծում եմ՝ այսօր գոյութիւն ունի մէկ ընդհանուր շահ՝ ժողովրդավարութեան պաշտպանութիւնը եւ Սահմանադրութեամբ նախատեսւած զսպումների ու հակակշիռների համակարգի պահպանումը։ Մենք տեսնում ենք, որ, ըստ էութեան, Հայաստանը յայտնւել է արտաքին պարտադրանքների ազդեցութեան ներքոյ, եւ այդ գործընթացը պէտք է կասեցնել։
Բնականաբար, տարբեր քաղաքական ուժերի միջեւ կան եւ կը շարունակեն մնալ գաղափարական հակասութիւններ ու անհամաձայնութիւններ։ Սա նոր երեւոյթ չէ։ Ժամանակին բարդ յարաբերութիւններ են եղել, օրինակ, Հայ ազգային կոնգրեսի, իսկ աւելի վաղ՝ Հայոց համազգային շարժման եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան միջեւ։
Սակայն այսօր համագործակցում ենք, որովհետեւ տեսնում ենք, որ ունենք լուծելու մէկ ընդհանուր խնդիր։ Երբ այդ խնդիրը լուծւի, միանգամայն բնական է, որ քաղաքական ուժերը կրկին կը վերադառնան իրենց բնական մրցակցային յարաբերութիւններին եւ կարող են դառնալ քաղաքական հակառակորդներ։ Բայց ներկայ իրավիճակը բոլորովին այլ է եւ պահանջում է համատեղ գործողութիւններ։
Հարց – Ձեր նշած կուսակցութիւնները ընդդիմութեան ճակատում անցեալ ունեցող ու ողնաշարով ուժեր են: Աւելի յստակ՝ գաղափարական ուժեր են: Կարող են ներկայացնել նաեւ իրենց գաղափարը։ Սրանով ուզում եմ անցնել վերջին հարցին: Համաձա՞յն էք էս ձեւաչափին, եթէ, ասենք, Հայաստանում գաղափարը չի, որ ընտրութեան է դրւո՞ւմ: Ժողովուրդը գաղափարը չէ, որ ընտրում է, այլ անձի հեղինակութիւնն է ընտրում նա։ Սա ինչքանով վտանգաւոր կարող է լինել:
Լեւոն Զուրաբեան – Ես խնդիրը ոչ թէ անձի ընտրութեան մէջ եմ տեսնում, այլ տեսնում եմ նրա մէջ, որ, ցաւօք սրտի, այսօր կան քաղաքական ուժեր, որոնք ունեն քաղաքական մտածելակերպ ու միտք, բայց չունեն ռեսուրսներ։ Եւ կան ուժեր, որոնք ունեն ռեսուրսներ, բայց չունեն քաղաքական մտածողութիւն։ Եթէ մեզ յաջողւի ամուսնացնել այդ 2-ը, Հայաստանում կը ձեւաւորւի, վերջապէս, նորմալ քաղաքական համակարգ։
Հարց – Պատասխանէք այն հարցին, որ գուցէ սպասում էիք, բայց որը չհնչեց։
Լեւոն Զուրաբեան – Կը նշէի, որ ներկայ պայմաններում մեզ համար շատ կարեւոր է ստեղծել Իրանի հետ ռազմավարական հաղորդակցութիւններ, որոնք Հայաստանին հնարաւորութիւն կը տան զերծ մնալու Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշումներից։
Այսօր, եթէ զարգացումներն ընթանան այն տարբերակով, որն առաջարկում է Հայաստանի գործող իշխանութիւնը, մեր ռազմավարական հաղորդակցութիւններն ամբողջութեամբ անցնելու են Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքներով։ Դա նշանակում է, որ մենք մշտապէս գտնւելու ենք նրանց ճնշումների ներքոյ եւ ստիպւած ենք լինելու գնալ զիջումների՝ մէկը միւսի յետեւից։
Այս առումով ես չափազանց կարեւոր եմ համարում Հայաստան-Իրան ուղիղ երկաթուղու կառուցումը եւ ընդհանրապէս այնպիսի խոշոր հաղորդակցային հանգոյցի ձեւաւորումը, որը կանցնի Հայաստանի տարածքով եւ կը կապի մեզ Իրանի հետ։
Ես այս հարցը բարձրացնում եմ նաեւ Իրանի պաշտօնեաների հետ հանդիպումների ընթացքում, որովհետեւ համարում եմ, որ դրա իրականացումը ռազմավարական նշանակութիւն ունի։
Մենք պայմանականօրէն այդ գաղափարը ձեւակերպել ենք որպէս «Թրիպլ Փլիւս ԲՐԻՔՍ» ծրագիր։ Այսինքն՝ նպատակն այն է, որ ձեւաւորւի ոչ միայն «Արեւմուտք-Արեւելք» առանցք, այլ յատկապէս՝ «Հիւսիս-Հարաւ» առանցք։
Այդ դէպքում Հայաստանն իսկապէս կարող է դառնալ խաղաղութեան խաչմերուկ։
Մինչդեռ Նիկոլ Փաշինեանի ներկայացրած «խաղաղութեան խաչմերուկը», իմ գնահատմամբ, իրականում վերածւում է Ադրբեջանի թելադրած քաղաքականութեան իրականացման գործիքի։ Այդ պայմաններում խաղաղութեան խաչմերուկի փոխարէն կարող է ձեւաւորւել պարտադրանքի եւ թելադրանքի խաչմերուկ։
Մենք պէտք է դուրս գանք այդ իրավիճակից եւ ստեղծենք իրական խաղաղութեան խաչմերուկ՝ Հայաստանի տարածքով, Հայաստանի շահերին համապատասխան։
Հարց – Մէկ այլ հարց եւս՝ Սփիւռքում ակնյայտ է, թէ որքան ուշադիր ու զգայուն են հայկական համայնքները հետեւում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Մինչդեռ Հայաստանում, կարծես, այդ հանգամանքը երբեմն անտեսւում կամ պատշաճ կարեւորութիւն չի ստանում։ Տարբեր իշխանութիւնների օրօք Սփիւռքի նկատմամբ վերաբերմունքը փոխւել է՝ երբեմն աւելի ընդգծւելով, երբեմն՝ նահանջելով։ Ի՞նչ դեր էք վերապահում Սփիւռքին Հայաստանի ներքաղաքական գործընթացներում։
Լեւոն Զուրաբեան – Նախ եւ առաջ պէտք է հաշւի առնել, որ գոյութիւն ունի քաղաքացիութեան սկզբունքը։ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներն են, ըստ Սահմանադրութեան, որոշում երկրի ապագան, թէեւ այսօր, ինչպէս գիտէք, շատ քաղաքացիներ փաստացի զրկւել են այդ իրաւունքի լիարժէք իրացումից։ Նոյն կերպ, օրինակ, Իրանի քաղաքացիներն են որոշում Իրանի ապագան՝ մասնակցելով ընտրութիւններին եւ քաղաքական գործընթացներին։ Այս իմաստով գոյութիւն ունի պատասխանատւութիւնների եւ իրաւասութիւնների յստակ բաժանում։
Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ Սփիւռքը չի կարող ազդեցութիւն ունենալ Հայաստանի քաղաքական կեանքի վրայ։ Ընդհակառակը, փոխադարձ համագործակցութեան ծրագրերի միջոցով կարելի է միջնորդաւորւած կերպով դրական ազդեցութիւն ունենալ քաղաքական գործընթացների վրայ։
Հայկական Սփիւռքն ունի ամուր կապեր Հայաստանի հետ, գոյութիւն ունեն համագործակցութեան բազմաթիւ կամուրջներ, եւ դրանց միջոցով հնարաւոր է ազդել նաեւ ներքաղաքական զարգացումների վրայ։ Օրինակ՝ նոյն «ԱԼԻՔ» օրաթերթը։ Այն ունի իր ընթերցողը ոչ միայն Սփիւռքում, այլեւ Հայաստանում, եւ այդ իմաստով, ուզենք թէ չուզենք, արդէն իսկ մասնակցում է հասարակական կարծիքի ձեւաւորմանը եւ, հետեւաբար, որոշակի ազդեցութիւն ունի նաեւ ներքաղաքական գործընթացների վրայ։
Այլ ուղղակի մեխանիզմ ես չեմ պատկերացնում։ Կարծում եմ՝ Սփիւռքի ազդեցութիւնը մեծապէս պայմանաւորւած է նրա հեղինակութեամբ, Հայաստանի կեանքում ներգրաււածութեան աստիճանով եւ կատարած ներդրումներով։ Որքան աւելի խոր լինի այդ ներգրաււածութիւնը, այնքան աւելի ազդեցիկ կը լինեն նաեւ Սփիւռքի ձայնն ու ազդեցութեան լծակները։
