Հայ գերիների կեղծ «դատավարութիւնը» Բաքւում․
Այսօր Բաքուի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել ապօրինի պահուող հայ գերիների բողոքների վերաբերեալ հերթական այսպէս կոչուած «դատական նիստը»։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատուամիջոցները։
Խօսքը տրուել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասեանին, որը շարունակել է նախորդ «նիստում» սկսած իր ելոյթը։ Ղուկասեանը կրկին յայտարարել է, որ իրեն մեղաւոր չի ճանաչում։
Այնուհետեւ ելոյթ է ունեցել Վասիլի Բեգլարեանի փաստաբանը, որը «դատարանին» խնդրել է բեկանել 2026 թուականի Փետրուարի 5-ի այսպէս կոչուած «դատավճիռը» եւ արդարացնել իր պաշտպանեալին։ Բեգլարեանը նոյնպէս յայտարարել է, որ իրեն մեղաւոր չի ճանաչում։
Ելոյթ է ունեցել նաեւ Արցախի նախկին նախագահ Բակօ Սահակեանի փաստաբանը, որը նոյնպէս «դատարանին» խնդրել է բեկանել 2026 թուականի Փետրուարի 5-ի այսպէս կոչուած «դատավճիռը» եւ արդարացնել իր պաշտպանեալին։
Բակօ Սահակեանը եւս յայտարարել է, որ իրեն մեղաւոր չի ճանաչում։
Յաջորդ այսպէս կոչուած «դատական նիստը» նշանակուել է Յուլիսի 14-ին։
