Հայաստանի Հանրապետական կուսակցութիւն՝ Ընտրութիւնների պաշտօնական արդիւնքները կեղծ են եւ չէն արտացոլում հայ ժողովրդի կամքը

Հայաստանի Հանրապետական կուսակցութիւն՝ Ընտրութիւնների պաշտօնական արդիւնքները կեղծ են եւ չէն արտացոլում հայ ժողովրդի կամքը

Յունիսի 7-ի ընտրութիւնների պաշտօնական արդիւնքները կեղծ են եւ չէն արտացոլում հայ ժողովրդի կամքը․ ձեւաւորուող ԱԺ-ն ժողովրդի ներկայացուցչական մարմին չէ, այլ իւրացուած մանդատների հաւաքածու

2026 թուականի յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների եւ երկրում ստեղծուած քաղաքական իրավիճակի վերաբերեալ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան գործադիր մարմինը յայտարարութիւն է տարածել։

«Յունիսի 7-ին Հայաստանում ընտրութիւններ չէն կայացել. կայացել է ընտրակեղծիք՝ նախապէս ծրագրուած, կենտրոնացուած ղեկավարութեամբ իրականացուած եւ վարչախմբի ղեկավարի ուղիղ միջամտութեամբ պսակուած յանցաւոր գործողութիւն՝ ուղղուած ժողովրդի կամքի իւրացմանը։

Մեր կուսակցութիւնը հետեւողականօրէն ու սկզբունքօրէն արձանագրել է, որ այս ընտրութիւնները նախապատրաստւում էին այնպիսի պայմաններում, որոնք ի սկզբանէ զրկում էին ընտրական գործընթացն ազատ, արդար եւ մրցակցային բնոյթից։ Նաեւ այս խորը համոզմունքից ելնելով՝ Հանրապետական կուսակցութիւնը որոշում կայացրեց իր մասնակցութեամբ լեգիտիմութեան շղարշ չհաղորդել մի գործընթացի, որի ընթացքն ու արդիւնքը կանխորոշւում էին ոչ թէ ժողովրդի կամքով, այլ վարչական մեքենայի ճնշմամբ։ Նիկոլ Փաշինեանի վարչախումբը ոչ մի պարագայում չի հանդուրժելու ազատ ու արդար ընտրութիւն, քանի որ ազատ ընտրութիւնը նրա համար պարտութիւն է։

Ընտրութիւնների օրը եւ դրան նախորդած ողջ ժամանակահատուածն ամբողջութեամբ հաստատեցին մեր նախազգուշացումների հիմնաւորուածութիւնը։

Մենք կիսում ենք ընտրութիւններին մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ յունիսի 14-ի համատեղ յայտարարութեան գնահատականները։ Վարչական ռեսուրսի համատարած գործադրումը, պետական ու համայնքային ծառայողների ահաբեկումը, ընդդիմադիր գործիչների ու ակտիւիստների քաղաքական հետապնդումներն ու ձերբակալութիւնները, ընդդիմադիր շտաբերի կանխամտածուած կաթուածահարումը, պետական եւ իշխանամէտ լրատուամիջոցների վերածումը վարկաբեկման գործիքի, ձայների ուղղակի կեղծումն ու ընտրատեղամասէրի արդիւնքների աղաւաղումը մէկ ընդհանուր կենտրոնից ղեկավարուող յանցաւոր ծրագրի օղակներն են։ Սա առանձին խախտումների շարք չէ, այլ պետական մեքենայի ուժով իրականացուած համակարգային ընտրակողոպուտ։

Այս յանցաւոր ծրագիրն իր աւարտին հասցրեց Կենտրոնական ընտրական յանձնաժողովը, որը յունիսի 14-ին իր որոշմամբ իրականացրեց Ազգային ժողովի 3/5 մեծամասնութեան բացայայտ ուզուրպացիայ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի»՝ ապօրինաբար հրաժարուելով երեք ընտրատեղամասերում վերաքուէարկութիւն կազմակերպելուց եւ այդ կերպ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեանը զրկելով անցողիկ շեմը յաղթահարելու հնարաւորութիւնից»։ Ի յայտ եկած պաշտօնական պատկերը ոչ թէ ընտրութեան արդիւնք է, այլ իշխանութեան բացայայտ բռնազաւթում ՔՊ-ի կողմից։

Պետական բոլոր մարմինները՝ ներառեալ իրաւապահ համակարգը, Կենտրոնական ընտրական յանձնաժողովը եւ այսպէս կոչուած անկախ մարմինները, ապօրինաբար ծառայել են եւ շարունակում են ծառայել բացառապէս Նիկոլ Փաշինեանի վերարտադրութեան շահին՝ միտումնաւոր չապահովելով իրապէս ժողովրդավարական ընտրութիւնների անցկացման օրինական պայմանները։

Ելնելով վերոշարադրեալից՝ Հանրապետական կուսակցութիւնը յայտարարում է՝

Յունիսի 7-ի այսպէս կոչուած ընտրութիւնների պաշտօնական արդիւնքները կեղծ են, առ ոչինչ եւ չէն արտացոլում հայ ժողովրդի կամքը։

Այդ արդիւնքների հիման վրայ ձեւաւորուող Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմին չէ, այլ իւրացուած մանդատների հաւաքածու՝ զուրկ ժողովրդավարական որեւէ լեգիտիմութիւնից։ Հանրապետական կուսակցութիւնը նման կերպ ձեւաւորուած Ազգային ժողովը եւ դրա ստեղծած իշխանութիւնը չի ճանաչում որպէս հայ ժողովրդի կամքի օրինական արտայայտութիւն։

Երկիրը խորը ներքաղաքական ճգնաժամի մէջ գցելու եւ դրա հնարաւոր ողջ հետեւանքների քաղաքական ու իրաւական պատասխանատուութիւնը կրում է անձամբ Նիկոլ Փաշինեանը, ով իշխանութիւնն ամէն գնով պահելու համար ոտնահարեց ժողովրդի ընտրելու սահմանադրական իրաւունքը եւ վտանգի ենթարկեց հաեօց պետականութեան հիմքերը։

Հանրապետական կուսակցութիւնը կոչ է անում ազգային-պետական պատասխանատուութիւն կրող բոլոր քաղաքական ուժերին եւ իւրաքանչիւր քաղաքացու՝ յաղթահարել տարակարծութիւնները եւ համախմբուել մէկ նպատակի շուրջ՝ վերականգնել ժողովրդի իւրացուած ընտրութիւնը եւ պաշտպանել Հայաստանի պետականութիւնը։

Մենք պայքարելու ենք հետեւողականօրէն եւ անզիջում՝ բացառապէս Սահմանադրութեան, օրէնքի եւ ժողովրդավարական սկզբունքների ուժով՝ ի պաշտպանութիւն քաղաքացիների ընտրական իրաւունքի, Հայաստանի Հանրապետութեան պետականութեան շահերի եւ ժողովրդաւարութեան հիմնարար արժէքների։

Կեղծուած ընտրութիւնը չի կարող եւ չի դառնալու օրինական իշխանութեան աղբիւր։

Հանրապետութիւնը եղել եւ մնում է մեր բարձրագոյն արժէքը»,-ասուած է յայտարարութեան մէջ։

Share