Յունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների եւ երկրում ստեղծուած քաղաքական իրավիճակի վերաբերեալ
Հայաստանի Հանրապետութիւնում կայացած խորհրդարանական ընտրութիւնները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար եւ մրցակցային բնոյթը։
Ներքոստորագրեալ քաղաքական ուժերս արձանագրում ենք, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառեալ նախընտրական ժամանակահատուածում եւ քուէարկութեան օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպուած խախտումներ, որոնք էական ազդեցութիւն են ունեցել ընտրողների ազատ կամարտայայտութեան, քաղաքական հաւասար մրցակցութեան ապահովման եւ ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահութեան վրայ, իսկ գործող վարչախմբի կողմից թոյլ են տրուել ընտրական իրաւունքի սկզբունքների խախտման ակնյայտ դրսեւորումներ։
Մասնաւորապէս՝
- Վարչական ռեսուրսի լայնածաւալ կիրառում եւ ճնշումներ
Ամբողջ երկրում պետական եւ համայնքային պաշտօնեաների, ինչպէս նաեւ նոյն կառոյցների, կրթական ու առողջապահական հաստատութիւնների, ուժային համակարգի ռեսուրսների ինտենսիւ ներգրաւումը քաղաքական գործընթացներում խաթարել է հաւասար մրցակցային պայմանները։ Պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ գործադրուած ճնշումները, աշխատանքից ազատման եւ իրաւական հետապնդումների սպառնալիքները ձեւաւորել են կախուածութեան մթնոլորտ, ինչն անհամատեղելի է ազատ ընտրութիւնների սահմանադրական սկզբունքի հետ։
- Քաղաքական հետապնդումներ եւ ձերբակալութիւններ
Նախընտրական քարոզարշաւն ուղեկցուել է ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների եւ աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների ալիքով։ Իշխանութիւնները կիրառել են անհիմն ձերբակալութիւնների եւ կալանաւորումների պրակտիկա՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահութիւն վայելող գործիչներին եւ խաթարել ընդդիմադիր ընտրազանգուածի հետ տարուող կազմակերպչական աշխատանքները։ Նման համակարգային բնոյթ կրող գործողութիւնները յատկապէս իրականացուել են նախընտրական քարոզարշաւի ընթացքում՝ համատարած վախի մթնոլորտի սերմանման նպատակով։
- Ընդդիմադիր շտաբերի գործունէութեան նպատակաուղղուած խոչընդոտում
Քուէարկութեան նախօրեակին եւ բուն ընտրութիւնների օրը՝ Յունիսի 7-ին, իրաւապահ մարմինների կողմից իրականացուել է ընդդիմադիր ընտրական շտաբերի աշխատանքների համատարած կաթուածահարում։ Խուզարկութիւնները, անհիմն իրաւական գործողութիւններով շտաբերի բնականոն գործունէութեան խաթարումները եւ կազմակերպիչների ձերբակալութիւնները միտուած են եղել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների չէզոքացմանը։
- Տեղեկատուական քարոզչամիջոցների չարաշահում
Հանրային եւ իշխանութեանը յարող, նոյնիսկ պետական մեդիառեսուրսները ողջ քարոզարշաւի ընթացքում օգտագործուել են ընդդիմութեան վարկաբեկման, անմեղութեան կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման եւ ատելութեան խօսքի տարածման համար։ Տեղեկատուական դաշտում այլակարծութեան ճնշումը խախտել է հաւասար մրցակցութեան բոլոր սահմանադրական նորմերը։
- Ձայների հաշուարկի եւ ընտրողաբար ընտրական տեղամասերի արդիւնքների անվաւեր ճանաչում
Բազմաթիւ ընտրատեղամասերում քուէարկութեան արդիւնքների կամայական խմբագրման եւ առանձին ընտրատեղամասերում այլ անօրինական գործիքակազմի իրացման դէպքեր են արձանագրուել, որոնք ազդեցութիւն են գործադրել ընտրութեան արդիւնքների եւ քաղաքական ուժերի ձայների յարաբերակցութեան վրայ։ Նշուածը զուգորդուել է նախքան քուէարկութեան արդիւնքների վերաբերեալ պաշտօնական տուեալների ներկայացումը վարչախմբի ղեկավարի կողմից ընտրութիւնների արդիւնքներին ուղիղ միջամտութեամբ։
Ուստի մենք յայտարարում ենք.
Ընտրութիւնների վերաբերեալ ներկայացուած պաշտօնական տուեալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը եւ ընտրութիւնների ստոյգ արդիւնքները։
Նման պայմաններում արձանագրուած արդիւնքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնութեան վստահութիւնը վայելող իշխանութեան ձեւաւորման համար։
Երկրում իրավիճակի հետագայ ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատուութիւնն ամբողջութեամբ ընկնում է Նիկոլ Փաշինեանի եւ նրա վարչախմբի վրայ։
Մենք շարունակելու ենք գործել բացառապէս Սահմանադրութեան, օրէնքների եւ ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտայայտութեան իրաւունքը եւ Հայաստանի Հանրապետութեան պետականութեան ու ժողովրդավարութեան հիմնարար արժէքները։
Մեր ապագայ որոշումներում եւ գործողութիւններում ելնելու ենք բացառապէս այս իրողութիւններից։
14 Յունիսի 2026 թ.,
Երեւան
«Ուժեղ Հայաստան» կուսակցութիւնների դաշինք
«Հայաստան» կուսակցութիւնների դաշինք
«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւն
«Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւն
«Հայ ազգային քոնկրէս» կուսակցութիւն
«Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցութիւն
