Խախտումներն այնքան շատ են եղել, որ անգամ եւրադիտորդները չէն կարողացել աչք փակել
Չնայած Նիկոլ Փաշինեանի եւ նրա իշխանութեան նկատմամբ Արեւմուտքի կողմնապահ վերաբերմունքին, ընտրութիւնների միջազգային դիտորդական առաքելութեան (ԵԽ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ) նախնական եզրակացութեան մէջ յունիսի 7-ի ընտրութիւնների վերաբերեալ մի շարք ուշագրաւ արձանագրումներ են կատարուել։ Խախտումներն այնքան շատ են եղել, որ անգամ նիկոլասէր եւրոպացիները չէն կարողացել բոլորի վրայ աչք փակել:
Զեկոյցը, բնականաբար, ամբողջական իրավիճակը չի արտացոլում եւ առաւել կենտրոնացուած է Ռուսաստանի՝ նախընտրական քարոզչութեանը միջամտութեան վրայ։ Սակայն տեղ են գտել նաեւ իշխանութիւնների կողմից իրականացուած չարաշահումների վերաբերեալ որոշ գնահատականներ։
Մասնաւորապէս արձանագրուել է, որ նախընտրական քարոզարշաւը եղել է ակտիւ եւ հիմնականում խաղաղ, սակայն խիստ բեւեռացուած, սադրիչ հռետորաբանութեամբ, այդ թւում՝ իշխող կուսակցութեան ցուցակը գլխաւորող թեկնածուի կողմից։ «Քարոզարշաւն աչքի է ընկել բարձր առճակատմամբ եւ պառակտող հռետորաբանութեամբ, ինչպէս նաեւ՝ ձայների գնման եւ ընտրական այլ խախտումների վերաբերեալ մեղադրանքներով, որոնք յանգեցրել են ընդդիմութեան թեկնածուների եւ ակտիւիստների նկատմամբ բազմաթիւ քրէական վարոյթների յարուցմանը, ինչի հետեւանքով ընդդիմութեան բազմաթիւ աջակիցներ ձեռնպահ են մնացել քարոզարշաւին ակտիւ մասնակցելուց։ Այս հանգամանքները, ինչպէս նաեւ պետական հատուածի աշխատակիցների նկատմամբ՝ իշխող կուսակցութեան միջոցառումներին մասնակցելու նպատակով գործադրուած ճնշումները եւ վերջերս ներդրուած սոցիալական եւ տնտեսական միջոցառումները մտահոգութիւններ են առաջացրել քարոզչութիւն իրականացնելու հնարաւորութիւնների հաւասարութեան առնչութեամբ»,- գրուած է զեկոյցում։
Արձանագրել են, որ 2026 թ․ կատարուած որոշ փոփոխութիւններ ներդրուել են արագացուած կարգով, սահմանափակ քննարկումների արդիւնքում, առանց քաղաքական ուժերի լայն աջակցութեան, ընդ որում դրանցից մի քանիսն ընդունուել են ընտրութիւնները նշանակուելուց յետոյ, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտաւորութիւններին եւ միջազգային լաւագոյն փորձին: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն դիտարկել եւ ստացել է բազմաթիւ հաղորդումներ, որոնցից մի քանիսը գնահատել է որպէս արժանահաւատ` իշխող կուսակցութեան նախընտրական միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերեալ։
«Ընդհանուր քաղաքական միջավայրը բնութագրւում էր նաեւ կառավարութեան եւ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարութեան միջեւ առկայ լարուածութեամբ, ինչպէս նաեւ՝ մի շարք նախկին պաշտօնատար անձանց, եկեղեցական առաջնորդների եւ յայտնի ընդդիմադիր գործիչների, այդ թւում՝ «Ուժեղ Հայաստան»-ի գործող ղեկավարի նկատմամբ յարուցուած քրէական գործերով եւ ձերբակալութիւններով։ Թեեւ իշխանութիւնները պնդում էին, որ այդ գործերը հիմնականում միտուած են եղել կոռուպցիայի կանխարգելմանը կամ սահմանադրական կարգի պաշտպանութեանը՝ իշխանութիւնը բռնի զաւթելու փորձերից, այնուամենայնիւ, ընդդիմութիւնը եւ քաղաքացիական հասարակութեան որոշ կազմակերպութիւններ դրանք դատապարտել են որպէս քաղաքական շարժառիթներով պայմանաւորուած՝ պնդելով, որ դրանք նպաստել են վախի մթնոլորտի ձեւաւորմանը։ Վերջին տարիներին մի շարք միջազգային եւ տեղական իրաւապաշտպան կազմակերպութիւններ արձանագրել են խօսքի եւ հաւաքների հիմնարար ազատութիւնների նկատմամբ յարգանքի նուազում, ինչպէս նաեւ մտահոգութիւններ են յայտնել մինչդատական կալանքի չափազանց լայն կիրառման, ոստիկանութեան կողմից թոյլ տրուած չարաշահումների ոչ բաւարար քննութեան եւ դատական իշխանութեան անկախութեան թուլացման վերաբերեալ»։
Եւրադիտորդների գնահատմամբ՝ Հանրային հեռուստաընկերութիւնը ցուցաբերել է ակնյայտ կողմնակալութիւն՝ յօգուտ իշխող կուսակցութեան, ինչը հակասում է նրա իրաւական պարտաւորութիւններին եւ հանրային առաքելութեանը։ ԵՄ եւ ԱՄՆ որոշ առաջնորդներ հրապարակաւ աջակցութիւն են յայտնել վարչապետին, ինչը ՄԸԴԱ-ի հետ հանդիպած ընդդիմադիր կուսակցութիւնների մեծ մասը գնահատել է որպէս արտաքին ուժերի ներգրաւուածութիւն՝ հօգուտ իշխող կուսակցութեան։
Զեկոյցում արձանագրել են, որ ՀՀ վարչապետը կիրառել է վիրաւորական եւ հրահրող արտայայտութիւններ, այդ թւում՝ տեղահանուած հայ փախստականների հասցէին։ Վարչապետը նաեւ հրապարակայնօրէն սպառնացել է ընդդիմադիր թեկնածուներին հետաքննութիւններով եւ նրանց պատկանող ընկերութիւնների ազգայնացմամբ։
Ընտրութիւններից առաջ կառավարութեան կողմից ներդրուել են մի շարք սոցիալական եւ տնտեսական միջոցառումներ, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտաւորութիւններին եւ միջազգային չափանիշներին, որոնք պահանջում են պետութեան եւ քաղաքական կուսակցութիւնների միջեւ յստակ տարանջատում, եւ կարող է խաթարել ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնների (կուսակցութիւնների դաշինքների) համար հաւասար հնարաւորութիւնների սկզբունքը։
