Եւրամիութիւնը կոչ է արել յարգել ընտրութիւնների արդիւնքները

Եւրամիութիւնը կոչ է արել յարգել ընտրութիւնների արդիւնքները

Եւրոպական միութեան արտաքին գործերի ու անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Կայայ Կալասը ԵՄ անունից յայտարարութիւն է արել Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ։
Յայտարարութեան մէջ ասուած է.

«Եւրոպական Միութիւնը շնորհաւորում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին խորհրդարանական ընտրութիւններում ժողովրդավարական քուէարկութեան իրենց ինքնիշխան իրաւունքն իրականացնելու կապակցութեամբ եւ ողջունում է քաղաքացիական բարձր ակտիւութիւնը։ Քուեարկութիւնը վկայում է Հայաստանի ժողովրդաւարութեանը, խաղաղութեանը, տարածաշրջանում համագործակցութեան խորացմանը, ինչպէս նաեւ Եւրոպայի հետ աւելի սերտ կապերին հաստատակամ հաւատարմութեան մասին։

Ընտրութիւնների դիտարկման ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելութեան նախնական եզրակացութիւնների եւ գնահատականների համաձայն՝ չնայած նախընտրական քարոզարշաւի բեւեռացուածութեան բարձր աստիճանին, ընտրութիւնները ընտրողներին ընձեռել են յստակ քաղաքական այլընտրանքներ եւ լաւ կազմակերպուած էին համապատասխան իրաւական դաշտի շրջանակներում։

Նախընտրական քարոզարշաւն ու քուէարկութիւնն անցան Ռուսաստանի կողմից աննախադէպ միջամտութեան, ճնշման եւ անընդհատ հիբրիդային յարձակումների պայմաններում, այդ թւում՝ տնտեսական հարկադրանքի միջոցների կիրառմամբ, որոնք ուղղուած էին ժողովրդավարական գործընթացը խաթարելուն եւ բեւեռացումը սրելուն։ Այնուամենանիւ, ընտրութիւնները արտացոլեցին Հայաստանի ժողովրդավարական կայունութիւնն ու բարեփոխումների ճանապարհին նրա յաջողութիւնները։ Դրանք նաեւ հաստատեցին հայ ժողովրդի հաւատարմութիւնը եւրոպական արժէքներին, խաղաղ քաղաքական մասնակցութեանը եւ կայուն, անվտանգ ու բարգաւաճ ապագայի ձգտմանը։

ԵՄ-ն ի գիտութիւն է ընդունում ՀՀ ընտրական մարմինների կողմից յայտարարուած նախնական արդիւնքները, որոնք վկայում են վարչապետ Նիկոլ Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վստահ առաջատարութեան մասին։ Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին յարգել քուէարկութեան արդիւնքներն ու ժողովրդավարական ընթացակարգերը, ինչպէս նաեւ ցանկացած ընտրական բողոք քննարկելու համար օգտուել իրաւական մեխանիզմներից։

ԵՄ-ն հաստատակամ կանգնած է Հայաստանի եւ նրա ժողովրդի կողքին եւ հաստատում է Հայաստանին աջակցելու եւ մեր գործընկերութիւնն առաւել խորացնելու իր յանձնառութիւնը։ Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի ապագայ կառավարութեան եւ խորհրդարանի հետ սերտ համագործակցութեան շարունակութեանը՝ նրանց համապարփակ բարեփոխումների ծրագրի իրականացման, տարածաշրջանային խաղաղութեանը, տնտեսական աճին եւ փոխկապակցուածութեանը նպաստելու նպատակով՝ հանուն Հայաստանի ինքնիշխանութեան, կայունութեան, ժողովրդաւարութեան եւ բարգաւաճման ամրապնդման»։

Նշենք, որ Եւրամիութիւնը միշտ գտնուել է Փաշինեանի օրագարգի պաշտպանի դերում:

Share