Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից յաղթանակն էր Արցախեան ազատամարտում: Ռազմական գործողութիւնն անցկացուեց 1992 թ. մայիսի 8-9-ին։ Մշակման եւ իրականացման առումով գրեթէ անթերի, հայ ռազմարուեստի մէջ եզակի ռազմական գործողութիւն, որով արմատական բեկում առաջացաւ Արցախեան ազատագրական պատերազմում։ Գործողութիւնն իրականացուեց 4 ուղղութիւններով՝ միաժամանակեայ յարձակումներով՝ մայիսի լոյս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրաւելուց եւ Լաչին-Շուշի ճանապարհը հսկողութեան տակ վերցնելուց յետոյ։ Ռազմական գործողութիւնը ղեկավարում էր Ինքնապաշտպանութեան ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսեանը։
Շուշիի ազատագրման օպերատիւ պլանը մշակուել էր հէնց նրա գլխաւորութեամբ, ինչին զինուորականները ձեռնամուխ եղան Խոջալուն ազատագրելուց անմիջապէս յետոյ։ Պլանը կազմուել էր մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տուեալները ճշգրտելուց յետոյ։ Յարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր։ Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով եւ սպառազինութեամբ։ Ապրիլի 28-ին արդէն վերջնականապէս որոշուել, ճշգրտուել էին յարձակման գլխաւոր ուղղութիւնները, հրամանատարները, առկայ զէնք ու զինամթերքի քանակը։ Լ. Մարտիրոսովի յանձնարարութեամբ, պատրաստուել էր Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրայ հրամանատարները ճշգրտել էին իրենց գործողութիւններն ու ընթացիկ ուղղութիւնները։
Ռազմագործողութիւնը ղեկավարում էին Շոշից հիւսիս գտնուող բարձունքի վրայ տեղակայուած եւ 4 այլ հրամանատարական դիտակէտէրից։ Յարձակումը նախատեսուած էր սկսել դեռեւս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինութեան պակաս, վատ եղանակ եւ այլն) յետաձգուել էր։ ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 յարձակողական եւ 1 պահեստազօրային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցան յարձակման։ Ռազմական գործողութեան ելքը կանխորոշուել էր արդէն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի եւ միւս ուղղութիւնների ստորաբաժանումները նպաստաւոր բնագծեր էին գրաւել Շուշիի մատոյցներում։ Մայիսի 8-ի երեկոյեան կողմ տրուած դադարը հակառակորդին հնարաւորութիւն էր ընձեռել յատկացուած միջանցքով հեռանալ բերդաքաղաքից։
Կեսօրին մօտ յարձակման անցան հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ եւ ուղղաթիռներ, որոնք ռմբակոծում էին հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպէս նաեւ Շուշին ու Ստեփանակերտը։ Աւելի ուշ պարզուեց, որ այդ օդային յարձակման նպատակը Շուշիում թողնուած զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները յոյս ունէին կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չյաջողուեց։ Երեկոյեան կողմ հիմնականում աւարտուեց Շուշիի ազատագրման գործողութիւնը։ Մայիսի 9-ին հինաւուրց հայկական բերդաքաղաքն ազատագրուած էր:
