«18 անձանց նկատմամբ իրականացւում է քաղաքական հետապնդում». «Սրբազան պայքար»-ի գործով պաշտպան

«18 անձանց նկատմամբ իրականացւում է քաղաքական հետապնդում». «Սրբազան պայքար»-ի գործով պաշտպան


Երեւանի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարանում այսօր՝ ապրիլի 30-ին, շարունակուեց «Սրբազան պայքարի» գործի քննութիւնը։ Բացման խօսք ասաց պաշտպանական կողմը։

Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյեանն ասաց՝ հիմնաւորելու են, որ այս գործով 18 անձանց նկատմամբ իրականացւում է քաղաքական հետապնդում։

«Հիմնաւորելու ենք, որ այս անձինք քաղաքական հետապնդման են ենթարկւում կոնկրէտ իրենց դրսեւորած քաղաքական վարքի, հասարակական վարքի, պետական կարեւորութեան նշանակութիւն ունեցող հանգամանքներին՝ որպէս քաղաքացի իրենց անմիջական մասնակցութիւնն ապահովելու իրաւունքն իրացնելու պատճառով»,- յայտարարեց նա։

Ըստ պաշտպանի՝ այս գործընթացին մասնակից են դարձել ՀՀ տարբեր գերատեսչութիւններ, տարբեր պաշտօնատար անձինք։ Պաշտպանը պնդում է՝ գործընթացին նախեվառաջ մասնակից է եղել ԱԱԾ-ն, Քննչական կոմիտէն, դատախազութիւնը, որը կեղծ ապացոյցների հիման վրայ մեղադրական եզրակացութիւն է ներկայացրել դատարան, եւ դրա նպատակը քաղաքական իշխանութեան քաղաքական քմահաճոյքներին ուղղակիօրէն ծառայելն է եղել։

«Գործընթացի մասնակից են դարձել դատարանները, որոնք աչք են փակել կեղծ ապացոյցների վրայ։ Սոյն գործով նախագահող դատարանին բազմիցս ներկայացուել է նման ապացոյցների առկայութիւնը, սակայն դատարանը կրկին աչք է փակել բարձրացուած բոլոր հարցերի վրայ, որոնք վերաբերում են կեղծ ապացոյցներին»,- շեշտեց Հովաննես Խուդոյեանը։

Որն էր քաղաքական հետապնդման շարժառիթը. պարզաբանում է պաշտպանը
Ըստ պաշտպան Խուդոյեանի՝ դեռեւս 2024թ. մարտին վարչապետը մեկնել էր Տաւուշի մարզի գիւղեր եւ բնակչութեանը հարեւան երկրի ագրեսիայի սպառնալիքով համոզում էր, որ անհրաժեշտ է ՀՀ ինքնիշխան տարածքներից հողեր փոխանցել, այնպիսի տարածքներից, որոնք ունէին Կադաստրի կոմիտէի տուած վկայականներ, համարւում էին ՀՀ քաղաքացիների սեփականութիւն։ Եւ առաջին մարդկանցից մէկը Բագրատ Սրբազանն էր, ով դուրս եկաւ այդ անարդարութեան դէմ։

«Ընդ որում, երբ գործով անձանց դէմ մեղադրանք է բերուած ահաբեկչութեան յանցակազմով, ՀՀ Կառավարութիւնն ու իշխող ուժն էր 2024թ. ահաբեկում Տաւուշի բնակչութեանը՝ ասելով՝ եթէ համաձայն չեք լինելու ձեր սեփականութիւնը փոխանցել թշնամական պետութեանը, ապա ձեր նկատմամբ տեղի է ունենալու բռնութիւն՝ պատերազմ Ադրբեջանի կողմից։

Բագրատ Սրբազանը դուրս է եկել էդ անարդարութեան դէմ 2024թ. մարտին եւ փորձել է օրէնքով չարգելուած բոլոր եղանակներով կասեցնել պետութեան՝ սահմանադրական կարգի դէմ ուղղուած ոտնձգութիւնները։ Սկսուել է «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը չէր կարող լոկալ նշանակութիւն ունենալ, այդ տարածքների յանձնումը միայն տարածքի բնակիչների խնդիրը չէր։ Շատ մարդիկ միացել են շարժմանը։

Յունիսին բացառապէս օդից վերցուած տուեալների հիման վրայ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները սկսել են գաղտնալսուել»,- նշեց նա։

Հովհաննես Խուդոյեանն անդրադարձաւ նաեւ գործի նիւթերի արձանագրութիւններում առկայ շեղումներին։ Որպէս օրինակ պաշտպանը նշեց, որ ԱԱԾ երկու աշխատակից նոյն խօսակցութիւնն արձանագրել է մէկը ամսի 4-ին, միւսը՝ ամսի 10-ին։

«Հիմա ինչպե՞ս է դատախազութիւնը հիմնաւորելու՝ որ օրն է եղել այդ խօսակցութիւնը»,- ասաց Խուդոյեանը։

Բացի այդ, պաշտպանի հաւաստմամբ՝ իրենք հիմնաւորելու են նաեւ, որ կան մարդիկ, որոնք որեւէ առնչութիւն չէն ունեցել, սակայն պատահականութեան սկզբունքով կամ վրէժխնդրութիւնից ելնելով՝ ենթարկուել են քրէական հետապնդման։ Պաշտպան Արամ Վարդեւանեանը յայտարարեց՝ դա, օրինակ, Տիգրան Գալստեանի պարագայում է, քանի որ արձանագրութիւններից մէկում նշւում է Տիգրան Գալստեանի անունը, սակայն Վարդեւանեանը պնդում է՝ իր պաշտպանեալը չի մասնակցել զրոյցին։

Բագրատ Սրբազանի եւ Լիդեայ Մանթաշեանի պաշտպան Տաթեւիկ Սողոյեանն էլ հանրային մեղադրողներին խնդրեց՝ թէ ահաբեկչութեան, եւ թէ իշխանութիւնը զաւթելու պարագայում ներկայացնել՝ կոնկրէտ ապացոյցը գործողութիւններից որ մէկն է հիմնաւորում եւ ում է վերաբերում։

Յաջորդ դատական նիստին պաշտպանական կողմը կը շարունակի բացման խօսքը։ Նիստը նշանակուել է մայիսի 7-ին՝ ժամը 15.00-ին։

hetq.am

Share