Տասնեակ հազարաւոր դոլարներ պետբիւջեից Սուքիասեանների ընկերութեանը՝ պաշտօնեաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար

Տասնեակ հազարաւոր դոլարներ պետբիւջեից Սուքիասեանների ընկերութեանը՝ պաշտօնեաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար

Վահե Սարուխանյան
hetq.am

Նախագահ Վահագն Խաչատուրեանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը մարտի վերջին տասնօրեակում այցելել են Վրաստան ու Ղազախստան: Նրանց տեղափոխել է գործարար պատգամաւոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան անդամ Խաչատուր Սուքիասեանի ընտանիքին պատկանող աւիաընկերութեան բիզնես դասի ինքնաթիռը (բիզնես ջեթը):

Միայն փոխվարչապետ Գրիգորեանի պատուիրակութեանը Ղազախստան տանելու եւ հետ բերելու համար Սուքիասեանների «Ֆլայուան Արմենիայ» ՍՊԸ-ն ՀՀ պետբիւջեից 28.600.000 դրամ է ստացել (հարկերը ներառեալ): Կենտրոնական բանկի ներկայ փոխարժէքով այս գումարը հաւասար է մօտ 77 հազ. դոլարի: Թէ որքան է վաստակել աւիաընկերութիւնը Վ. Խաչատուրեանին Վրաստան տանել-հետ բերելու համար, նախագահի աշխատակազմը չի ասում:

Երեւան-Թբիլիսի-Երեւան՝ ոչ թէ պետական, այլ մասնաւոր ինքնաթիռով


Մարտի 22-ին Վ. Խաչատուրեանի գլխաւորած պատուիրակութիւնն աշխատանքային այցով Երեւանից թռել է Թբիլիսի՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլեայ II-ի յուղարկաւորութեան արարողութեանը:

Նախագահի պաշտօնական կայքի տարածած լուսանկարներում տեսնում ենք, որ Խաչատուրեանին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննայ Անդրէասեանը եւ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատեանը: Յուղարկաւորութեանը մասնակցելուց բացի՝ Թբիլիսիում Վ. Խաչատուրեանն առանձնազրոյց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կաւելաշուիլիի հետ։

ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաներին, մասնաւորապէս՝ նախագահին ու վարչապետին, սպասարկում է ՀՀ կառավարական բորտը՝ Airbus A319 ACJ տիպի ինքնաթիռը, որը VIP օդանաւ է: 1998 թ. արտադրութեան այս ինքնաթիռը ՀՀ սեփականութիւնն է եւ մեր երկրում շահագործւում է 2007-ից:

Պետական բորտի այն չուերթերը, որոնք սպասարկում են վարչապետին, ներկայում համարակալւում են FIE4001, նախագահի պարագայում՝ FIE4002, միւս պաշտօնեաների համար (օրինակ՝ ԱԺ նախագահ, ԱԳ նախարար)՝ FIE4003 (FIE-ն 2023-ի սեպտեմբերից պետական ինքնաթիռը շահագործող «Ֆլայուան Արմենիայի» կոդն է, իսկ թիւը բնորոշում է թռիչքի շայառու պաշտօնեային):

Կառավարական Airbus A319-ը՝ Ֆրանկֆուրտում, 20.02.2026, հեղ.՝ Յենս Բրոկուֆ, jetphotos.com


Մարտի 22-ին, երբ նախագահը պէտք է մեկներ Թբիլիսի, Airbus A319-ը, ըստ թռիչքներին առցանց հետեւող հարթակների, այլ պաշտօնեաների սպասարկող չուերթերի մէջ (FIE4001 կամ FIE4003) ներգրաւուած չի եղել: Բայց թէ ինչու Խաչատուրեանը չի թռել պետական բորտով, պարզ չէ:

Փոխարէնը նախագահին սպասարկել է Gulfstream G450 տիպի բիզնես ջեթ, որը պատկանում է «Ֆլայուան Արմենիայ» ՍՊԸ-ին: Օդանաւը Երեւանից թռել է ամսի 22-ի առաւօտեան՝ 9:06-ին՝ Թբիլիսիում վայրէջք կատարելով 30 րոպէ անց:

Նախագահն ու նրան ուղեկցողները վերադարձել են նոյն օրը երեկոյեան: Յետադարձ թռիչքը տեւել է 32 րոպէ:

Flightradar24.com կայքում G450-ի թռիչքների պատմութիւնը յուշում է, որ այն հիմնականում կայանում է Երեւանի «Զուարթնոց» օդանաւակայանում: Բայց հարկ է շեշտել, որ օդանաւը գրանցուած է ոչ թէ ՀՀ-ում, այլ Ռումինիայում որպէս YR-SIL (YR-ն Ռումինիայի ազգային նիշն է, իսկ SIL-ը Սուքիասեան ընտանիքին պատկանող «ՍԻԼ Կապիտալ» ընկերութեան անունից է, որը 2022-2025 թթ. փայատէր էր «Ֆլայուան Արմենիայում»): Ինքնաթիռը շահագործողը «Ֆլայուան Արմենիայի» ռումինական քոյր ընկերութիւնն է՝ FlyOne Romania-ն (երկուսն էլ մոլդովական Fly One աւիաընկերութեան ցանցի մաս են):

Սուքիասեանների G450-ը՝ Տեներիֆեում, 19.04.2025, հեղ.՝ Մարիանոյ Ռոդրիգէս, jetphotos.com

Անվճար փոխադրու՞մ, թե՞ պետական գնում նախկին գործընկերներից

«Ֆլայուան Արմենիայի» 50 %-ը պատկանում է ՔՊ-ական պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանի եղբայրներից Էդուարդ Սուքիասեանին, 4 %-ը՝ ընկերութեան գլխաւոր տնօրէն Արամ Խաչատրեանին, մնացած 46 %-ը՝ մոլդովական Fly One աւիաընկերութեանը: Այսինքն՝ Է. Սուքիասեանը աւիաընկերութեան ամենախոշոր սեփականատէրն է:

Ձախից երկրորդը՝ Էդուարդ Սուքիասեանը, չորրորդը՝ Արամ Խաչատրեանը, facebook.com
Միւս կողմից՝ Խաչատուր, Սարիբեկ եւ Էդուարդ Սուքիասեաններին է պատկանում «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի վերահսկիչ փաթեթը՝ 51,45 %-ը: Իսկ 2022-ին ԱԺ-ի կողմից նախագահ ընտրուած Վահագն Խաչատուրեանը 2019-2021 թթ. եղել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի ազատ անդամ: Ընդ որում՝ այս խորհրդի անդամ է աւիափոխադրողի ղեկավար Ա. Խաչատրեանը, իսկ խորհրդի նախագահը Սարիբեկ Սուքիասեանն է:

Այլ կերպ ասած՝ երկրի նախագահին սպասարկել է մի օդանաւ, որը պատկանում է խոշոր գործարար ընտանիքի, միւս կողմից՝ Խաչատուրեանը Սուքիասեանների նախկին գործընկերն է բանկային բիզնեսում: Ինչպե՞ս է սա տեղի ունեցել:

Հաւանական է երկու տարբերակ:

Առաջինը նախագահին անվճար տեղափոխելու կամ նրան անվճար ծառայութիւն մատուցելու տարբերակն է՝ հաշուի առնելով Խաչատուրեանի կապը Սուքիասեանների հետ:

Սակայն այս դէպքում բախւում ենք օրէնքի արգելքի, քանի որ «Հանրային ծառայութեան մասին» օրէնքն արգելում է հանրային պաշտօն զբաղեցնող անձանց, այդ թւում՝ երկրի նախագահին, իրենց պաշտօնեական (ծառայողական) պարտականութիւնների իրականացման հետ կապուած նուէրներ ընդունել: «Նուեր» հասկացութիւնը ենթադրում է ցանկացած գոյքային առաւելութիւն, այդ թւում՝ անհատոյց կամ անհամարժէք ցածր գնով մատուցուած ծառայութիւնը կամ այլ գործողութիւններ, որոնց հետեւանքով անձն ստանում է օգուտ կամ առաւելութիւն, եւ որը տրամադրւում է պայմանաւորուած անձի պաշտօն զբաղեցնելու հանգամանքով։

Երկրորդ տարբերակը պետական գնում կատարելն է, այսինքն՝ Խաչատուրեանի աշխատակազմը պետբիւջէի հաշուին փոխադրման ծառայութիւն է ձեռք բերել, որը մատուցել է Սուքիասեանների օդանաւը: Բայց ի՞նչ ընթացակարգով է գնումը կատարուել: Եթէ ընտրուել է «մէկ անձից» (առանց մրցոյթի) ընթացակարգը, ապա օրէնսդրական ի՞նչ հիմնաւորմամբ, եւ ինչու՞ է ընտրուել հէնց «Ֆլայուան Արմենիան» կամ FlyOne Romania-ն (պարզ չէ, թէ սրանցից որի հետ է պայմանագիր կնքուել, եթէ, իհարկէ, պետգնում է իրականացուել):

Ընդգծենք՝ միայն այն, որ նախագահն օգտուել է Սուքիասեանների բիզնես ջեթից (անկախ նրանից՝ դա եղել է անվճար, թէ վճարի դիմաց), հարց է առաջացնում, թէ արդյօք այստեղ չկայ շահերի բախում:

«Հանրային ծառայութեան մասին» օրէնքը նշում է, որ պաշտօն զբաղեցնող անձը պէտք է խուսափի շահերի բախման իրավիճակի առաջացումից, ձեռնպահ մնա նման իրավիճակում գործողութիւն (անգործութիւն) կատարելուց կամ որոշում ընդունելուց:

Իսկ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտօն զբաղեցնող անձի (այս դէպքում՝ Վ. Խաչատուրեանի) մասնաւոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտօնեական պարտականութիւնների անաչառ եւ օբյեկտիւ կատարման վրայ։ Մասնաւոր շահը ներառում է որեւէ արտօնութիւն, մասնաւորապէս, այն անձանց (այս դէպքում՝ Սուքիասեաններին) կամ կազմակերպութիւններին, որոնց հետ ինքը ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական յարաբերութիւններ։

Այսպիսով՝ եթէ փոխադրումը եղել է անվճար, ապա, ըստ էութեան, գործ ունենք ոչ միայն նուէր ընդունելու օրէնսդրական արգելքը խախտելու հետ, այլեւ շահերի բախման, քանի որ նման նուէրը պէտք է որ ազդի նախագահի պաշտօնեական պարտականութիւնների անաչառ եւ օբյեկտիւ կատարման վրայ: Իսկ եթէ փոխադրումը եղել է վճարի դիմաց, շահերի բախման տեսանկիւնից հարց է ծագում, թէ ինչու է ընտրուել հէնց «Ֆլայուան Արմենիան» (կամ FlyOne Romania-ն), արդյօք այդ ընտրութեան վրայ չի ազդել Վ. Խաչատուրեանի անձնական ու նախկին գործնական կապը Սուքիասեանների հետ:

Հաշուի առնելով այս ամէնը՝ նախագահ Խաչատուրեանին հարցրել էինք, թէ արդյօք շահերի բախում չի տեսնում այն բանում, որ իբրեւ ՀՀ բարձրաստիճան պաշտօնեայ օգտուել է Սուքիասեանների աւիաընկերութեանը պատկանող ինքնաթիռի մատուցած ծառայութիւններից։

Յետաքրքրուել էինք նաեւ, թէ ինչու նա չի թռել ՀՀ պետական օդանաւով, G450-ը փոխադրման ծառայութիւնը մատուցել է անվճա՞ր, թե՞ վճարի դիմաց, եթէ եղել է վճարի դիմաց, ապա արդյօք կատարուել է պետական գնում եւ ումի՞ց՝ հայկական «Ֆլայուան Արմենիայի՞ց», թե՞ ռումինական FlyOne Romania-ից, ի՞նչ ընթացակարգով է իրականացուել գնումը (ենթադրելի է, որ եղել է «մէկ անձից» ընթացակարգով – հեղ.): Եթէ գնումն իրականացուել է «մէկ անձից», ապա ո՞րն է դրա իրաւական հիմնաւորումը, եւ նոյնիսկ այդ դէպքում ինչու՞ է ընտրուել հէնց Սուքիասեաններին անմիջականօրէն («Ֆլայուան Արմենիայ») կամ ոչ անմիջականօրէն (FlyOne Romania) առնչուող ընկերութիւնը: Խնդրել էինք յայտնել, թէ որքան է կազմել փոխադրման ծառայութեան պայմանագրի արժէքը:

Ինչպէս են բարձրաստիճան պաշտօնեաները «պաշտպանւում» լրագրողների հարցերից


Ի պատասխան «Հետքի» հարցման՝ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնել են, որ «Գնումների մասին» օրէնքի կարգաւորումների համաձայն՝ ՀՀ նախագահի կեցութեան, սննդի, փոխադրման, տրանսպորտային սպասարկման ծախսէրը ներառուած են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում: Սրա հիման վրայ նախագահի աշխատակազմը հրաժարուել է պատասխանել «Հետքի» հարցերին:

«Գնումների մասին» օրէնքը սահմանում է. «Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառւում են «Յատուկ պետական պաշտպանութեան ենթակայ անձանց անվտանգութեան ապահովման մասին» օրէնքի 5-րդ յօդուածի 2-րդ մասով նախատեսուած պաշտօնատար անձանց (դրանց թւում է ՀՀ նախագահը – հեղ.) արարողակարգային ծախսէրի, կեցութեան, սննդի եւ տրանսպորտային սպասարկման … ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայութիւնները» (ընդգծումները մերն են – հեղ.):

Մեր փորձը ցոյց է տալիս, որ 2016-ի դեկտեմբերին ընդունուած օրէնքի այս դրոյթը դարձել է լրագրողների անցանկալի հարցերից «պաշտպանուելու» միջոց բարձրաստիճան պաշտօնեաների ու նրանց աշխատակազմերի համար: Այս առումով ներկայ պաշտօնեաները արդիւնաւետօրէն կրկնօրինակում են նախկինների փորձը:

2018-ին գրել էինք, որ գործարար Սամուել Կարապետեանին պատկանող Gulfstream G650 տիպի բիզնես ջեթը այդ տարուայ յունուարին վարչապետ Կարէն Կարապետեանի պատուիրակութեանը տեղափոխել էր Ցիւրիխ՝ մասնակցելու Դաւոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Կառավարութիւնից մամուլին յայտնել էին, որ օդանաւի վարձակալութեան համար պետբիւջեից գումար չի յատկացուել: Հաշուի առնելով, որ գործարար Ս. Կարապետեանը այն ժամանակուայ (2016-2018 թթ.) վարչապետ Կ. Կարապետեանը ընկերն է ու սանահայրը՝ մենք կասկած էինք յայտնել, որ չուերթն իրականացուել է անվճար (այսինքն՝ Կ. Կարապետեանը սեփական գրպանից եւս չէր վճարել), բայց այդ դէպքում առաջ էր գալիս «Հանրային ծառայութեան մասին» օրէնքը խախտելու տարբերակը, քանի որ հանրային ծառայողին արգելւում է ծառայողական պարտականութիւնների առնչութեամբ այլ անձանցից ստանալ ծառայութիւններ:

Վարչապետը չի հերքում, որ ընդունել է Սամուել Կարապետեանի մատուցած ծառայութիւնը՝ խախտելով օրէնքը
Կառավարութիւնից մեր հարցերին չէին պատասխանել, այսինքն՝ չէին հերքել շահերի բախման եւ օրէնքի խախտման փաստը: Չէին յայտնել նաեւ, թէ արդյօք վարչապետ Կարապետեանն ինքն իր գրպանից է վճարել ծառայութեան դիմաց՝ հաստատելով մեր կասկածը, որ օդանաւը նրա պատուիրակութեանը սպասարկել է անվճար:

Այնուհետ մեր ընթերցողներից մէկի յուշման շնորհիւ պարզել էինք, որ Ս. Կարապետեանի բիզնես ջեթը 2017-ի յուլիսին էլ նախագահ Սերժ Սարգսեանին էր տեղափոխել Թեհրան՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահի երդման արարողութեանը:

Սամուել Կարապետեանի օդանաւը փոխադրել է նաեւ Սերժ Սարգսեանին
Երբ Ս. Սարգսեանի աշխատակազմին հարցրել էինք, թէ արդյօք պետբիւջեից վճարում է կատարուել օդային փոխադրման ծառայութեան դիմաց, ստացել էինք նոյնպիսի պատասխան, ինչպիսին տուել է Վ. Խաչատուրեանի աշխատակազմը:

Չնայած նախկին ու ներկայ նախագահների աշխատակազմերը յղում են կատարել «Գնումների մասին» օրէնքին, ինչից կարելի է ենթադրել, որ փոխադրման ծառայութիւնը գնուել է եւ ոչ թէ պաշտօնեաներին տրամադրուել անվճար, իրականում այս հարցում չի կարելի վստահ լինել եւ պնդել, որ հէնց այդպէս էլ եղել է՝ առաջին հերթին հաշուի առնելով Սերժ Սարգսեանի ու Սամուել Կարապետեանի, ինչպէս նաեւ Վահագն Խաչատուրեանի ու Սուքիասեանների յարաբերութիւնները:

Երբ նախագահի աշխատակազմը յղում է կատարում պետական գաղտնիքին եւ, դրա թիկունքում «պաշտպանուելով», չի մեկնաբանում նաեւ շահերի բախման հաւանական իրավիճակը, ընդամէնը ամրապնդում է կասկածները, որ նուազագոյնը տեղի է ունեցել շահերի բախում:

Օրենքին յղում անելը՝ ըստ հայեցողութեան ու քաղաքական իրավիճակիՕրենքին յղում անելը՝ ըստ հայեցողութեան ու քաղաքական իրավիճակի
Մեր փորձը ցոյց է տուել նաեւ, որ «Գնումների մասին» օրէնքի վերոնշեալ դրոյթին յղում անելն ու մասնաւոր բիզնես ջեթերից օգտուելու մասին ինֆորմացիան չհանրայնացնելը կարող է կատարուել ըստ հայեցողութեան եւ քաղաքական իրավիճակի: Նման բան արել է վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Մանրամասներին կարող եք ծանօթանալ ստորեւ ներկայացուող յղումներով:

Ու՞մ օդանաւով է Փաշինեանը թռել ԱՄՆ, կամ ովքե՞ր են կլորիկ գումար աշխատել վարչապետի ուղեւորութիւնից
Վարչապետի աշխատակազմը գաղտնի է պահում Փաշինեանին ԱՄՆ տեղափոխած օդանաւի վարձակալութեան գինը. «Հետքը» պարզել է այն
77 հազար դոլար՝ Մհեր Գրիգորեանի պատուիրակութեան փոխադրման համար77 հազար դոլար՝ Մհեր Գրիգորեանի պատուիրակութեան փոխադրման համար
Մարտի 18-ին վարչապետ Փաշինեանը որոշում է կայացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի գլխաւորութեամբ Ղազախստան (ք. Շիմքէնդ) պատուիրակութիւն գործուղելու մասին: Դրա կազմում եղել են ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարեանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Արմէն Ղեւոնդեանը, էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմեանը, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆայել Գեւորգեանը, փոխվարչապետի խորհրդականն ու արարողակարգի պատասխանատուն:

Փաշինեանն իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանին յանձնարարել է կազմակերպել չուերթ. մարտի 26-ին՝ Երեւան-Շիմքէնդ, իսկ 27-ին՝ Շիմքէնդ-Երեւան երթուղով:

Ինչպէս մարտի 22-ին (նախագահի թռիչքի օրը), այնպէս էլ ամսի 26-27-ին ՀՀ պետական Airbus A319-ը, ըստ աւիացիոն հարթակների, ներգրաւուած չի եղել թռիչքների մէջ: Սակայն այս դէպքում եւս Մ. Գրիգորեանի պատուիրակութեանը Ղազախստան է տարել ու հետ բերել Սուքիասեանների Gulfstream G450-ը:

Մ. Գրիգորեանի պատուիրակութիւնը ժամանել է Շիմքէնդ. երկրորդ պլանում՝ YR-SIL-ը, 26.03.2026, gov.am
Քանի որ փոխվարչապետը պետական պահպանութեան ենթակայ պաշտօնեայ չէ, եւ նրա վրայ չի տարածւում «Գնումների մասին» օրէնքի վերոնշեալ դրոյթը պետական գաղտնիքի մասին, մենք վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա. Յարութիւնեանին հարցում էինք ուղարկել նոյնպիսի բովանդակութեամբ, ինչ նախագահի աշխատակազմին՝ ակնկալելով պատշաճ պատասխան: Սակայն աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Արմէն Խաչատրեանը չի պատասխանել հետեւեալ հարցերին:

  1. Ինչու՞ ՀՀ պատուիրակութիւնը չի օգտուել ՀՀ կառավարական ինքնաթիռից, կամ ինչու՞ ձեռք չէն բերուել աւիատոմսեր կանոնաւոր ուղեւորափոխադրումներ կատարող աւիաընկերութիւններից, այլ ընտրուել է բիզնես դասի օդանաւի ծառայութիւններից օգտուելու տարբերակը:
  2. Պայմանագիր կնքելուց առաջ արդյօք իրականացուել է գնային համեմատութիւն այս օդանաւի մատուցած ծառայութեան եւ կանոնաւոր ուղեւորափոխադրումներ կատարող աւիաընկերութիւնների տոմսերի արժէքների միջեւ:
  3. Եթէ գնումը կատարուել է «մէկ անձից» ընթացակարգով, ապա ո՞րն է դրա իրաւական հիմնաւորումը, եւ նոյնիսկ այդ պարագայում ինչու՞ է պայմանագիր կնքուել իշխող խմբակցութեան անդամի ընտանիքին անմիջական (Ֆլայուան Արմենիայ) կամ ոչ անմիջական (FlyOne Romania) առնչութիւն ունեցող ընկերութեան հետ:

Վարչապետի աշխատակազմից յայտնել են, որ պայմանագրով նախատեսուած վճարումները կատարուել են «արտասահմանեան գործուղումների գծով ծախսէրի» յօդուածով, որի շրջանակներում ծախսէրը չէն մուտքագրւում պետական գնումների armeps.am հարթակ: Այդուհանդերձ, մէզ ուղարկել են մարտի 24-ին վարչապետի աշխատակազմի եւ «Ֆլայուան Արմենիայ» ՍՊԸ-ի միջեւ կնքուած պայմանագիրը:

Սուքիասեանների ընկերութիւնը պարտաւորուել է բիզնես դասի Gulfstream G450-ով 7 հոգու Երեւանից տեղափոխել Շիմքէնդ, այնտեղից էլ՝ Երեւան:

Պայմանագիրը ներառել է օդանաւաւակայանի սպասարկման ծառայութիւնը, սննդի տրամադրումը, VIP սպասարկման ծառայութիւնը, օդանաւի շահագործման ծառայութիւնները, այդ թւում՝ անձնակազմի, վառելիքի, տեխսպասարկման, աէրոնաւիգացիայի, օդանաւակայանային վճարները: Պայմանագրի գինը 28.600.000 դրամ է (ներառում է հարկերն ու տուրքերը), որը ԿԲ ներկայ փոխարժէքով հաւասար է մօտ 77 հազ. դոլարի:

Անպատասխան են մնում հարցերը, թէ ինչու փոխվարչապետի պատուիրակութիւնը չի մեկնել «սովորական» աւիաընկերութիւն(ներ)ով. Երեւանի ու Շիմքէնդի միջեւ չկայ ուղիղ չուերթ, սակայն տրամաբանօրէն փոխադրումը կարելի էր կազմակերպել չուերթերի կապակցմամբ: Այդ իսկ պատճառով վարչապետի աշխատակազմի ղեկավարին հարցրել էինք, թէ արդյօք իրականացուել է գնային համեմատութիւն: Սրա պատասխանի բացակայութիւնը նոր հարցեր է առաջացնում, ինչպէս եւ այն, թէ ինչու է ընտրուել իշխող թիմի անդամ Խաչատուր Սուքիասեանի ընտանիքի «Ֆլայուան Արմենիան»:

Share