Ուղիղ 20 տարի առաջ՝ 2006 թուականի ապրիլի 13-ին Բուդապեշտի մայրաքաղաքի դատարանը արդար վճիռ կայացրեց հայ սպային կացնահարած ադրբեջանցի մարդասպանի նկատմամբ: Այսօր կէսգիշերին յայտնի դարձաւ, որ Հունգարիայում խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում աւարտուել է մոլի թուրքասէր եւ հայատեաց Վիկտոր Օրբանի դարաշրջանը. նա ընդունել է իր պարտութիւնը եւ հեռանում է վարչապետի պաշտօնից։ Յենց Օրբանը 2012 թուականի օգոստոսի 31-ին Ադրբեջանին արտայանձնեց, իսկ փաստացի՝ վաճառեց մարդասպան Սաֆարովին։
ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՎԵԼ ԷՐ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՏԱՐԻ, եւ ողջ այդ ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենան չէր դադարեցնում կատարուածի էութիւնը խեղաթիւրելու եւ իր զոմբիին արդարացնելու փորձերը: Սակայն, չնայած ծախսած ահռելի գումարներին, կեղտոտ ստի հեղեղին ու Սաֆարովի համար վարձուած լաւագոյն փաստաբաններին, Ալիեւին չյաջողուեց Բաքու տանել իր հովանաւորեալ ոճրագործին եւ ազդել դատարանի որոշման վրայ։
Դատաւոր Անդրաշ Վասկուտին ողջ դատավարութիւնն անցկացրեց մասնագիտական բարձր մակարդակով եւ առաւելագոյն խիստ դատաւճիռ կայացրեց մոլագար մարդասպանի նկատմամբ, որը 2004 թուականի փետրուարի 19-ի գիշերը կտրել էր քնած 26-ամեայ հայ սպայի գլուխը: Դատաւարութեան ընթացքում շատ լաւ աշխատեցին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները եւ Հունգարիայի հայ համայնքը, որոնց համատեղ ջանքերով արդարութիւնը յաղթեց։ Դատաւճիռը դարձաւ Հայաստանի նորագոյն պատմութեան մէջ միակ պատիժը հայասպանի նկատմամբ, ընդ որում՝ կայացուած եւրոպական երկրի դատական համակարգի մակարդակով:
6 տարի անց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որն իշխանութեան եկաւ 2010 թուականին, վերջապէս կատարեց սպանութեան պատուիրատուի՝ Իլհամ Ալիեւի բաղձալի երազանքը եւ Բաքուին յանձնեց յանցագործին։ Արդէն այն ժամանակ մամուլում սկսեցին տեղեկութիւններ շրջանառուել գործարքի համար վճարուած նաւթադոլարների գումարի մասին. 9 միլիոն զուտ գումարից մինչեւ 3 միլիարդ դոլարի հունգարական պարտատոմսերի գնում Ադրբեջանի կողմից։
Այն բանից յետոյ, երբ Ալիեւը տեղնուտեղը ներում շնորհեց Սաֆարովին եւ ազգային հերոսի կոչում տուեց մարդասպանին՝ բազմաթիւ պատիւներ մատուցելով, Հունգարիայի վարչապետը ամէն կերպ արդարանում էր միջազգային բարձրացած աղմուկի խորապատկերին, թէ իբր՝ իրեն երդմնալից խոստացել էին, որ յանցագործը կը շարունակի կրել պատիժը բանտում։ Բայց անցած գրեթէ 14 տարիների ընթացքում Վիկտոր Օրբանը ոչ մի անգամ այդպէս էլ զղջանք չի յայտնել Բաքուի հետ իր գործարքի համար եւ ներողութիւն չի խնդրել հայ ժողովրդից:
Ընդհակառակը, Սաֆարովի երկու կողմերին էլ ձեռնտու առքւովաճառքով (այլ կերպ չես անուանի) սկսուեցին Հունգարիայի վարչապետի մեծ բարեկամութիւնն ու դաշնակցային սերտ յարաբերութիւնները թուրքական երկու պետութիւնների հետ։ Այդ երկրում երբեմնի բաւական ազդեցիկ հայկական համայնքն աստիճանաբար կորցրեց կշիռը, այդ թւում՝ Օրբանի արտաքին քաղաքականութեան բացայայտ թուրքամէտ վեկտորի պատճառով։
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ նաեւ մարդասպանի արտայանձնման իրաւաչափութեան վերաբերեալ գործի շրջանակներում Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի պահանջների եւ որոշումների փաստացի անտեսման առումով:
2012 թուականին հայ-հունգարական յարաբերութիւնների խզումը տեւեց 10 տարի. դրանք վերականգնուեցին փաշինեանական կառավարութեան կողմից 2022 թուականի դեկտեմբերին։ «Յեղափոխական» իշխանութիւններին հետ չպահեցին ո՛չ Հունգարիայի մերժումը՝ պաշտօնապէս ներողութիւն խնդրելու հայ ժողովրդից, ո՛չ էլ Օրբանի կառավարութեան թուրքամէտ քաղաքականութիւնը։
Հակառակը, կասկածից վեր է, որ հէնց Ադրբեջանն ու Թուրքիան են դրդել Երեւանում իրենց դրածոներին, որ Սաֆարովի արտայանձնման առնչութեամբ որեւէ զղջման բացակայութեան պայմաններում Հայաստանի համար նուաստացուցիչ համաձայնագիր կնքէն դիւանագիտական յարաբերութիւնների վերականգնման մասին։
Աւելորդ է նշել, որ Նիկոլը պատրաստակամօրէն գնաց այդ քայլին՝ բաւական սերտ երկխօսութիւն հաստատելով Բուդապեշտի հետ եւ գերազանց լեզու գտնելով թուրքամոլ Օրբանի հետ։ Այս ընթացքում հունգարական կառավարութիւնը բազմիցս բացայայտ ապտակներ է հասցրել իր երեւանեան «բարեկամներին», օրինակ՝ արգելափակել կամ պայմաններ է առաջադրել Խաղաղութեան եւրոպական հիմնադրամից Հայաստանին գումար յատկացնելու համար։
Բայց Փաշինեանին ու Միրզոյեանին դա ամենեւին չի յուզել. նրանք շարունակում էին հորթի հրճուանքով յարաբերութիւններ զարգացնել Հայաստանի հանդէպ բացայայտ թշնամական տրամադրուած եւ դա նոյնիսկ չթաքցնող երկրի իշխանութիւնների հետ։ Բնականաբար, դաւաճանների թիմին բնաւ չկասեցրեց նաեւ այն հանգամանքը, որ Հունգարիան բազմիցս յայտարարել է բռնազաւթուած Արցախում «վերականգնողական աշխատանքներին» մասնակցելու մտադրութեան մասին:
Աւելին, ինչպէս հոկտեմբերին ԵԽԽՎ նստաշրջանում յայտարարեց հայկական պատուիրակութեան ընդդիմադիր անդամ Հայկ Մամիջանեանը, ըստ մամուլում հրապարակուած տեղեկութիւնների՝ Արցախի վրայ Ադրբեջանի յարձակումից մի քանի ամիս առաջ Բուդապեշտն արդէն պայմանագրեր է կնքել Լեռնային Ղարաբաղում «գիւղերի վերականգնման աշխատանքներում» Բաքուին օգնութիւն ցուցաբերելու վերաբերեալ:
ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ՕՐԵՐՍ՝ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ, ՀԱՅՏՆՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, որը հաստատում է Օրբանի ինքնամոռաց սէրը ամէն տեսակի թուրքերի նկատմամբ եւ նրա թշնամական վերաբերմունքը հայերի հանդէպ. Հունգարիան 30 մլն դոլարի դրամաշնորհ կը յատկացնի բռնազաւթուած Արցախի Ջրականի շրջանում վերականգնողական աշխատանքների համար։
Վիկտոր Օրբանի 16-ամեայ իշխանաւարումն աւարտուած է, եւ հաւանաբար մեծ խորհրդանշականութիւն կայ նրանում, որ դա աւարտուեց հէնց այն օրը, երբ Բուդապեշտում կայացուեց Գուրգէն Մարգարեանին սպանողի դատաւճիռը: Թէ արտաքին քաղաքական ինչ ուղեգիծ կընտրի Հունգարիայի յաջորդ կառավարութիւնը՝ յանձն չենք առնի դատել, լոկ յոյս կը յայտնենք, որ աւելի խելամիտ ու հաւասարակշռուած մօտեցում կը լինի։ Եւ դժուար է դիմանալ ու չնշել. եթէ Հայաստանում ազգային իշխանութիւն լինէր, ապա ներողութիւն կը պահանջեր Հունգարիայի նոր իշխանութիւններից գրեթէ 14 տարի առաջ կատարած հակահայկական քայլի համար։ Քաղաքականութիւնը սենտիմենտներ չի հանդուրժում, բայց դժուար է չհամաձայնել Արմէն Աշոտեանի հետ, որն ընտրութիւնների նախօրեին գրել էր հետեւեալը. «Վիկտոր Օրբանը դեռեւս 2012-ից Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ թոյլ է տուել անյարգանք եւ խաբէութիւն։ Եւ բնական է, որ Օրբանի հնարաւոր պարտութիւնը որոշակի պատմական արդարութիւն ունի իր մէջ նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի տեսակէտից»։
