Հայաստանում ստեղծուած կառավարման նոր պրակտիկայով դատարաններով են ամէն ինչ որոշում։ Դատարաններով Սրբազան են նշանակում, դատարաններով թեմի առաջնորդ են նշանակում, դատարաններով կարգալոյծ եղած հոգեւորականներին են վերականգնում, հիմա էլ դատարաններով սպորտն են կառավարում։ Հերթական աբսուրդ իրաւական գործընթացն է տեղի ունենում։
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկեանի եւ վերստուգիչ յանձնաժողովի անդամների լիազօրութիւնները։ Սրան կարելի էր վերաբերել որպէս ընթացիկ իրաւական գործընթացի, եթէ չլինէր մի շատ կարեւոր հանգամանք՝ Ծանրամարտի ֆեդերացիան գլխաւորում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Պետական բարձրաստիճան պաշտօնատար անձը, ըստ էութեան, միջամտում է հասարակական կազմակերպութեան գործունէութեանը։ Աւելին, դատելով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցից, նոյնիսկ ենթադրութիւնների տեղիք չի մնում դատարանի նկատմամբ հնարաւոր ճնշման հարցում։ Հերթական անգամ անձնական ամբիցիաներն ու քաղաքական հաշուեյարդարը բարձր է դասւում մեր երկրի հեղինակութիւնից։ Սա բերելու է լուրջ միջազգային սկանդալի, որովհետեւ բարձրաստիճան պետական պաշտօնեան, օգտագործելով իրենց կողմից կառավարելի դատարանները, միջամտում է Օլիմպիական կոմիտէի աշխատանքներին։
Մնում է յուսալ, որ կը գտնուեն աւելի օբյեկտիւ դատաւորներ, որոնք չէն տրուի շանտաժին եւ մեր երկրի շահն աւելի բարձր կդասէն մանր խմորումներից։
Էլինար Վարդանեան
ՀՀ ԱԺ պատգամաւոր
Այլընտրանքային նախագծեր խումբ
