Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախօսազրոյցի ժամանակ Ռուբէն Վարդանեանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմէն Սաբինայ Ալիեւային, բայց հեռախօսազրոյցը հարկադրաբար ընդհատուել է, այս մասին յայտնում է Ռուբէն Վարդանեանի ընտանիքը:
«Ռուբէն Վարդանեանը ստիպուած է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով, գրաւոր դիմումներով եւ հեռախօսազանգերով կապ հաստատելու փորձերը որեւէ արդիւնք չէն տուել: Դատավարութիւններն աւարտուել են մէկ ամիս առաջ, սակայն ո՛չ Ռուբենը, ո՛չ էլ, մեր տեղեկութիւններով, միւս հայ բանտարկեալներն իրենց պաշտօնական դատաւճիռների տեքստէրը որեւէ լեզուով՝ ռուսերէն, հայերէն կամ ադրբեջաներէն, դեռ չէն ստացել: Նրանք չգիտէն, թէ ինչ յօդուածներով են դատապարտուել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու»,- ասուած է Վարդանեանի ընտանիքի տարածած յայտարարութիւնում:
Ընտանիքը կցել է Ռուբէն Վարդանեանի աուդիոձայանգրութիւնը, որտեղ նա դիմում է Ադրբեջանի օմբուդսմենին, ընթացքում, սակայն, ընդհատւում է նրա ուղերձը. «Նրանք թոյլ չէն տալիս ինձ դիմել Ձեզ, որպէսզի Դուք՝ միակ մարդը, որը կարող է այս իրավիճակում այնտեղ…Ես մէկ ամիս է՝ չեմ կարող ստանալ դատաւճիռը. ո՛չ ռուսերէն, ո՛չ հայերէն, ո՛չ ադրբեջաներէն: Չգիտեմ՝ ինչի համար եմ դատապարտուել եւ որ յօդուածներով: Ես հանդիպում եմ խնդրում, որպէսզի կարողանանք քննարկել այս ամէնը: Ցաւօք, Կարմիր խաչը հեռացել է: Այստեղ չկայ որեւէ հաստատութիւն, որը կարող է մէզ հետ կապ պահել: ՀՀ կառավարութիւնն այստեղ չունի ներկայացուցչութիւն եւ զբաղուած է մատակարարումներով…»,- ասում է Ռուբէն Վարդանեանը՝ չկարողանալով աւարտել խօսքը: Ընտանիքի տարածած յայտարութիւնում նշւում է, որ զանգն ընդհատւում է ադրբեջանական կողմից եւ Վարդանեանը չի կարողանում շարունակել ուղերձը:
«Մենք նաեւ մտավախութիւն ունենք, որ նոյնիսկ կարճ հեռախօսազրոյցները՝ կապի պահպանուած միակ միջոցը, կարող են դադարեցուել»,- ասուած է ընտանիքի յայտարարութիւնում:
Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը դատապարտուեց 20 տարուայ ազատազրկման: Երբեւէ զինուորական պաշտօն չզբաղեցրած Ռուբէն Վարդանեանին Բաքուի դատարանը մեղաւոր ճանաչեց մի շարք յանցանքների, այդ թւում՝ Ադրբեջանի դէմ պատերազմի, ահաբեկչութեան ֆինանսաւորման, մարդկանց տեղահանելու մէջ։
Վարդանեանը փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ՝ տեղի ունեցողը որակելով ոչ թէ դատ, այլ ֆարս:
