Շահէն Մեղրեան. երկու անյայտ լուսանկար

Շահէն Մեղրեան. երկու անյայտ լուսանկար

90-ականների սկզբին Միխայիլ Շեւելեւը «Մոսկովսկիյէ նովոստի» թերթի թղթակիցն էր եւ յաճախ էր Անդրկովկաս այցելում։ Գործուղումներից մէկի ժամանակ նա ծանօթացել էր հայ հրամանատար Շահէն Մեղրեանի հետ։ Մեդիամաքսը խնդրել է Միխայիլ Շեւելեւին վերյիշել իրենց հանդիպումը։


Շահէն Մեղրեան

Շահէն Մեղրեանը ծնուել է 1952 թ. յունուարի 2-ին Շահումեանի շրջանի Գիւլիստան գիւղում։ Գերազանց աւարտելով միջնակարգ դպրոցը՝ 1969 թ. ընդունուել է ԵՊՀ տնտեսագիտութեան ֆակուլտետ։ 1975 թ. աւարտել է համալսարանը եւ վերադարձել Շահումեանի շրջան։ Աշխատել է որպէս տնտեսագէտ, շրջանի կոմերիտմիութեան առաջին քարտուղար։ 1981-1988 թթ. եղել է պահածոների գործարանի տնօրէն, 1988-1991 թթ.` Ագրոարդիւնաբերութեան վարչութեան պետ, 1991-1992 թթ. շրջանի շրջկոմի նախագահ եւ առաջին քարտուղար:

Շահէն Մեղրեանն առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել զինուած ջոկատներ: 1990 թ. անդամագրուել է ՀՅԴ կուսակցութեանը: 1991 թուականին, «Օղակ» օպերացիայից յետոյ, Ադրբեջանը գրաւեց Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գիւղեր։
Սեպտեմբերին Շահէն Մեղրեանը կազմակերպեց օպերացիայ, որի արդիւնքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրուեցին երեք գիւղերը։

1992 թ.յունիսին Շահէն Մեղրեանը Հաթերք գիւղում հաւաքեց 25 հոգանոց ջոկատ եւ մտաւ թշնամու թիկունք։ Հայդուկների անմիջական օգնութեամբ ազատագրուեցին Մարտակերտի մի շարք գիւղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշէնը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը:

1993 թ. մարտի 11-ին ՀՀ ՊՆ կողմից ստեղծուեց զօրամաս, որի հրամանատար նշանակուեց Շահէն Մեղրեանը։ 1993 թ. ապրիլի 17-ին, ուղղաթիռը, որի մէջ էր Շահէն Մեղրեանը՝ իր զինակիցների հետ, խփուեց եւ բոլորը զոհուեցին։

2014 թուականի հոկտեմբերի 24-ին Շահէն Մեղրեանին յետմահու շնորհուել է «Արցախի հերոս» կոչումը:


Շահէն Մեղրեանի հետ ծանօթացանք 1991 թ․ձմռանը։ Դեռ Խորհրդային Միութիւնում։ Ես «Մոսկովսկիյէ նովոստի» թերթի թղթակից էի, իսկ նրա ով լինելը ինձնից էր կախուած։ Այսինքն՝ այն ռեպորտաժում, որի համար եկել էի Շահումեան, պիտի նրան ինչ-որ կերպ բնութագրէի, նրա դերը նկարագրէի։ Այդքան էլ դիւրին գործ չէր։

Այն ժամանակ արդէն ի յայտ եկած բոլոր ազատութիւններով հանդերձ, դեռ Խորհրդային Միութիւն էր, իր բոլոր շտամպերով ու սահմանափակումներով։ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկար ու չէր կարող որեւէ «պատերազմ» լինել․ թոյլատրուած էր միայն «իրադրութիւնը Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ» ձեւակերպումը։ Ապօրինի զինուած խմբաւորումների դաշտային հրամանատարներ, պարտիզաններ կամ ապստամբներ նոյնպէս չկային։ Ստիպուած էի Շահէն Մեղրեանին այսպէս նկարագրել․ «․․․Շահումեանի շրջանում անառարկելի հեղինակութիւն վայելող մարդը»։ Նրա հետ ոչ մի հարցազրոյցի մասին խօսք լինել չէր կարող․ես երջանիկ էի, որ կարողացայ յօդուածում մէկ կարճ մէջբերում պահել։

Շահէն Մեղրեանը
Լուսանկարը` Յակոբ Պողոսեան

Շահէն Մեղրեանը-Լուսանկարը` Յակոբ Պողոսեան

Հետոյ եղան այլ հետսովետական պատերազմներ, այլ հրամանատարներ։ Նրանց մէջ տարբեր մարդիկ կային։ Բայց ես այլեւս երբեք չհանդիպեցի մէկին, ով պատերազմին կուերաբերեր Շահէն Մեղրեանի պարզութեամբ։ Պատէրազմը նրա համար աշխատանք էր, որը նա չէր փնտրել ու չէր սիրել։ Սակայն նրանից բացի այդ գործն անողներ չկային, եւ նա դա գիտէր։ Իսկ ցանկացած աշխատանք պէտք է լաւ արուի՝ դա գործի հանդէպ ոչ թէ պարտաճանաչ սովետական ղեկավարի վերաբերմունք էր, այլ գիւղացու, ով ապրում է սեփական աշխատանքով եւ ոչ մէկի վրայ չի կարող յոյս դնել։

Նրա մէջ ոչ ֆանատիզմ կար, ոչ էլ գազանի ազարտ։ Նա պատերազմն ընկալում էր ոչ թէ որպէս օտարների սպանութիւն, այլ որպէս իւրայինների փրկութիւն։ Եթէ դրա համար պէտք է սպանել, ուրեմն այդպէս է պէտք։ Եթէ կարելի է չսպանել՝ փառք Աստծոյ։

Նրա մէջ կար հպարտութիւն լաւ արուած աշխատանքի համար։ Ռոմանտիզմ էլ կար։ Շահէն Մեղրեանը անկեղծ հաւատում էր, որ կռւում է ոչ միայն հայերի կեանքները փրկելու համար, բայց եւ նրա համար, որ հայերը ապրէն այլ պետութեան մէջ՝ ոչ միայն անվտանգ, այլեւ ազնիւ ու արդար բոլորի համար։


Շահէն Մեղրեանը իր ջոկատի հետ-Լուսանկարը` Յակոբ Պողոսեան

Երբ Շահէն Մեղրեանը զոհուեց, ես բազմաթիւ վարկածներ լսեցի։ Մեղադրում էին եւ օտարներին, եւ իւրայիններին։ Այժմ, երբ անցել է քսանից աւելի տարի, կարծում եմ, ամենակարեւորն այլ հարց է՝ եթէ Շահէնը ողջ լինէր, կը հաւաներ արդեօ՞ք այն, ինչ կը տեսներ։

Ինձ թւում է, դժուար թէ։ Դեռ չի ստեղծուել մի պետութիւն, որտեղ Շահէն Մեղրեանի նմանների համար արդարութիւնը կբաւականացներ։

Նա պինդ մարդ էր, բայց դաժան չէր։ Նպատակասլաց էր, բայց ցինիկ չէր։ Ամբիցիոզ էր, բայց խենթ չէր։ Նման մարդկանց պատերազմում առաջինն են սպանում։

Այն միակ մէջբերումը մեր խօսակցութիւններից, որն ինձ յաջողուեց պահպանել «Մոսկովսկիէ նովոստիի» ռեպորտաժում, այսպէս էր հնչում․«Այս հողի համար արժէ կռուել ու մահանալ»։ Փոքր-ինչ պաթոսայի՞ն է հնչում հիմա։ Չէ, դուք պարզապէս Շահենին չեք ճանաչել։ Նա դրան հաւատում էր։

Միխայիլ Շեւելեւ (Մոսկուա)


Վերջերս Միշան իր արխիւում գտել էր Շահէն Մեղրեանի երկու լուսանկար, որոնք նախկինում երբեւէ չէին հրապարակուել։

Կադրերը 1991 թուականի ամռանը Շահումեանում արել է «Մոսկովսկիէ նովոստիի» լուսանկարիչ Եւգենի Կոնդակովը։

Խնդրեցի Միշային յիշել, այս լուսանկարները ի՞նչ պայմաններում են արուել։

Ահա նրա կարճ պատմութիւնը, որը 2026-ի գարնանը դժուար է կարդալ առանց յուզուելու.
«1991-ի ամառն է՝ Շահումեանի անկումից մի քանի օր առաջ։ Շահէնը մտահոգ էր, բայց շփոթուած չէր։ Անելիք շատ կար՝ մարդկանց տարհանումը։ Ու նա տեսնում էր հեռանկարը՝ եւ՛ Ղարաբաղի, եւ՛ իր համար։ Այն ժամանակ բոլորս էինք հեռանկար տեսնում»։

Արայ Թադեւոսեան

Share