Վահէ Սարգսեան
Գերեզմանային խաղաղութեան պայմանագրի կնքահայր Նիկոլ Փաշինեանն ասում է՝ նոր Սահմանադրութեան մէջ Անկախութեան հռչակագրին յղում չպէտք է յղում լինի, քանի որ Հռչակագիրը կառուցուած է կոնֆլիկտի տրամաբանութեան վրայ։ Ասուլիսին նաեւ ուղիղ յայտարարեց, որ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրենին ինքն է խնդրել (!!!) դիմում գրել, քանի որ Արցախի մասին գիրք նուիրելը ԱՄՆ փոխնախագահին սադրիչ քայլ է դիտուել։
Սոյն հակահայի, հակաճշմարտութեան ու հակատրամաբանութեան մարմնացմանը լսողներին ու ինչ-որ տեղ հաւատացողներին յուշէնք՝ ի՞նչ է լինելու, եթէ այս չարիքը յաջողի։
1․ Հայ ժողովրդի վերջին հազարամեակի պատմութիւնը, որը թուրքական բռնակալութեան դէմ ազգային ազատագրական պայքարի պատմութիւն է նաեւ, «շուռ է գալու» հայ ժողովրդի դէմ․ վերջինս աշխարհին ներկայացուելու է տարածաշրջանում մշտապէս կոնֆլիկտ հրահրած զաւթիչ։
2․ Դպրոցական դասագրքերը պէտք է մաքրուէն թիւրքական բռնակալութեան դէմ ազգային-ազատագրական պայքարի բոլոր դրուագներից։ Օրինակ, ֆիդայեական շարժումը կամ Մայիսեան հերոսամարտէրը կընկալուէն ոչ թէ որպէս սխրանք, այլ որպէս «կոնֆլիկտ հրահրող» գործողութիւններ։ Անդրանիկի, Նժդեհի, Դրոյի եւ Արցախեան ազատամարտի հերոսների կերպարները պաշտօնական մակարդակով կուերածուէն «խաղաղութեանը խանգարող արկածախնդիրների»։
3․ Առաջարկուող Սահմանադրութեամբ Հայաստանը զրկւում է դիմադրողականութիւնից՝ դառնալով «սպիդով (Էյդզ)հիւանդ» պետութիւն։ Եթէ պայքարը համարւում է «կոնֆլիկտածին», ապա ցանկացած ինքնապաշտպանութիւն յետագայում կարող է որակուել որպէս հակասահմանադրական։ Մենք պետութիւնը վերածում ենք անպաշտպան մի միաւորի, որի գոյութիւնը կախուած է լինելու բացառապէս հարեւանների (իմայ՝ ցեղասպան Թուրքիայի եւ Ադրբեջանի ! ) բարի կամքից։
4․ Ստեղծուելու է մի համակարգ, որտեղ վախը դառնում է պետական կառավարման հիմնական գործիք։ Երբ ժողովրդին ստիպում են ամաչել իր յաղթանակներից կամ ազատագրական ձգտումներից, այդ ժողովուրդը դադարում է գործոն լինելուց եւ վերածւում է բիոզանգուածի։
5․ Եթէ իշխանութիւնը չի կարողանում պաշտպանել իր հիմնադիր փաստաթուղթը՝ Անկախութեան հռչակագիրը, նա ի զօրու չէ պաշտպանել նաեւ իր սահմանները եւ քաղաքացուն։ Եթէ Սահմանադրութիւնը փոխւում է, որովհետեւ դա հարեւանին «դուր չի գալիս» կամ «կոնֆլիկտային է», նշանակում է՝ մենք թշնամուն տալիս ենք մեր ներքին կեանքի վրայ անժամկէտ ւէտոյի իրաւունք․ այսօր նրանց դուր չի գալիս Հռչակագիրը, վաղը դուր չի գայ մեր բանակի առկայութիւնը, միւս օրը՝ մեր լեզուն կամ եկեղեցին։ Սա անվերջանալի նահանջի ճանապարհ է, պետութեան կամաւոր «ինքնալուծարում»։
6․ «Կոնֆլիկտի տրամաբանութիւնից» հրաժարուելը նշանակում է յայտարարել, որ մինչեւ այսօր Հայաստանը եղել է «սխալ» պետութիւն։ Սա ջնջում է մի քանի սերունդների կեանքի իմաստը, զոհողութիւնները եւ ձեռքբերումները։
Եւ այս ամէնը՝ այն դէպքում, երբ Ադրբեջանը եւ Թուրքիան ոչ թէ վերանայել են Հայաստանին եւ հայ ժողովրդին բնաջնելու իրենց քաղաքականութիւնը, այլ ճիշտ հակառակը՝ աւելի են սեղմում հայ ժողովրդին խեղդամահ անող պարկի բերանը։
