Ներկայացնում ենք Foreign Policy պարբերականի կայքում հրապարակուած Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութեան նախկին նախագահ Յենրի Թերիոյի եւ Վաշինգտօնում Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի քաղաքականութեան գծով տնօրէն Ալեքս Գալիցկիի A Perpetrator’s Peace յօդուածի հայերէն թարգմանութիւնը:
Յենրի Թերիոյ եւ Ալեքս Գալիցկի
Գազայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ մի քանի ամսուայ ընթացքում լուծել է աշխարհի ամենածանր հակամարտութիւններից մի քանիսն իր խաղաղութեան ծրագրերով, որոնք նախատեսուած են հիմնականում հեռուստատեսութեան համար։ Բազում փորձառու դիտորդներ զգուշացրել են, որ այս համաձայնագրերը այն չէն, ինչ թւում են։ Դրանք թերի են, խորապէս ասիմետրիկ եւ դրանց իրականացումը մեծապէս կախուած է յաղթողների մեծահոգութիւնից։
Սակայն սա միակ վտանգը չէ։ Փորձելով չարաբաստիկ Խաղաղութեան Նոբելեան մրցանակ ստանալ՝ Թրամփն աւելի կարեւոր է համարում ներկայացումը, քան էութիւնը, եւ նրա խաղաղարարութիւնը ծառայում է ցեղասպանութեան արդիւնքների ամրապնդմանը՝ զոհերին զրկելով իրաւազօրութիւնից։ Այդպիսով նա վերականգնում է հակամարտութեան կարգաւորման «յաղթողի խաղաղութեան» մոդելը, որը խաթարում է խաղաղութեան հաստատումը աշխարհում։
Սա առաւել ակներեւ է դառնում վերջին հաղորդագրութիւններից, որ Ադրբեջանը կարող է ղեկավարել Գազայում միջազգային կայունացման ուժերի բազմակողմանի մարմինը (ISF), որը Թրամփի խաղաղութեան ծրագրի շրջանակներում մշտադիտարկելու է անվտանգութիւնն ու հրադադարը։ Այս դերի համար դժուար է աւելի վատ երկիր պատկերացնել։ Ընդամէնը երկու տարի առաջ Ադրբեջանը շրջափակման, սովի եւ ռազմական ուժի միջոցով բռնի տեղահանեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ողջ հայ բնակչութեանը, ինչը Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութիւնը որակել է որպէս ցեղասպանութիւն։

Լուսանկարը` REUTERS
Անկախ նրանից՝ արդյօք Ադրբեջանը դեր կխաղայ ISF-ում, թէ ոչ, Թրամփի մօտեցումն արդէն թողել է Գազայի պաղեստինցիներին եւ Ղարաբաղի հայերին այն ուժերի ողորմածութեանը, որոնք ձգտում են ոչնչացնել նրանց։
2020 թուականին հայկական ուժերի դէմ ռազմական յաղթանակից յետոյ, 2022-ի դեկտեմբերին Ադրբեջանը շրջափակման ենթարկեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեանը։ Յաջորդ 10 ամիսների ընթացքում Ադրբեջանը զրկեց տարածաշրջանի 150 000 հայերին սննդից, վառելիքից, դեղորայքից եւ այլ անհրաժեշտ մարդասիրական ապրանքներից, յետոյ սկսեց ռազմական յարձակումը, որը յանգեցրեց ողջ հայ բնակչութեան էթնիկ զտմանը։
Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով կալանքի տակ պահել եւ բռնութեան ենթարկել տասնեակ հայ ռազմագերիներին եւ նախկին քաղաքական առաջնորդներին՝ միաժամանակ համակարգուած ձեւով ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգութիւնն ու քաղաքացիական սեփականութիւնը։ Այս ամէնի նպատակն է զրկել հայերին իրենց տները վերադառնալու իրաւունքից եւ հնարաւորութիւնից։
Ցեղասպանին մէկ այլ ցեղասպանութիւնից յետոյ խաղաղապահութեան պատասխանատու դարձնելը նողկալի գաղափար է։ Սակայն իրավիճակն աւելի են վատթարացնում Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ խոր ռազմայ-տնտեսական կապերը։ Ադրբեջանի պատերազմը Լեռնային Ղարաբաղում փորձարկումն էր այն զէնքերի, մարտաւարութեան եւ մեթոդների, որոնք Իսրայելը յետագայում կիրառեց Գազայի պաղեստինցիների դէմ։ 2016-2020 թուականներին Իսրայելը մատակարարել է Ադրբեջանի զէնքի գրեթէ 70 տոկոսը։ Այն վճռորոշ գործոն դարձաւ Ադրբեջանի 2020-ի ռազմական արշաւում, որը հիմք հանդիսացաւ 2023-ի էթնիկ զտումների համար։ Իր հերթին Ադրբեջանը մատակարարում է Իսրայելի նաւթի 40 տոկոսը՝ անփոխարինելի էներգէտիկ գործընկեր հանդիսանալով։
Այն, որ Ադրբեջանը, չնայած այս ամէնին, կարող է դիտարկուել որպէս դերակատար Գազայում, բացայայտում է Թրամփի մօտեցման աղաւաղուած տրամաբանութիւնը հակամարտութիւնների կարգաւորման հարցում։
Արդարադատութիւնն ու հաշուետուողականութիւնը հանուել են խաղաղութեան հայեցակարգից, որը դարձել է պարզապէս աշխարհաքաղաքական եւ նոյնիսկ ֆինանսական նպատակներին հասնելու միջոց։
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան գործընթացը լայն քննադատութեան է արժանացել, քանի որ Բաքուն ոչ մի արդարադատութիւն չի ապահովել ագրեսիայի զոհերի համար։ Խաղաղութեան մասին խօսելով՝ Ադրբեջանը շարունակում է գրաւած պահել սահմանի երկայնքով ինքնիշխան հայկական տարածքներ եւ փորձում է օգտագործել իր ռազմական առաւելութիւնը՝ մաքսիմալիստական պահանջներ պարտադրելու համար։
Արդիւնքում Ադրբեջանը կարողացել է կտրուկ փոխել բանակցութիւնների նպատակները։ Տասնամեակներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերահսկողութեան ներքոյ ընթացող խաղաղութեան բանակցութիւնները փորձում էին առաջնահերթութիւն տալ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրաւունքին։ Սակայն Ադրբեջանն այժմ թալանում եւ քանդում է ժամանակին հայերով բնակեցուած քաղաքները եւ արտասահմանեան ներդրումներ է ներգրաւում տարածաշրջանի վերակառուցման եւ վերաբնակեցման համար։ Պարզ է, որ Բաքուն ոչ մի շահագրգռուածութիւն չունի թոյլ տալու հայերին վերադառնալ իրենց տներ, առաւել եւս՝ ամենափոքր ինքնավարութիւն տրամադրել։
Իրականում Ադրբեջանը խորհրդանշական վերջնական հարուած հասցրեց ինքնորոշման սկզբունքին՝ որպէս խաղաղութեան նախապայման պահանջելով Մինսկի խմբի լուծարումը, որը հաստատուեց օգոստոսին Սպիտակ տանը Թրամփի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
Բացի ուժի սպառնալիքով եւ կիրառմամբ իր պայմանները պարտադրելուց, Ադրբեջանը նաեւ յաջողութեամբ զրկել է Լեռնային Ղարաբաղի հայերին բանակցային սեղանի շուրջ նստելու հնարաւորութիւնից՝ ձերբակալելով տարածաշրջանի նախկին ղեկավարներին եւ նախկին զրուցակիցներին: Այդ պաշտօնեաներն այժմ մասնակցում են քաղաքականացուած մեղադրանքներով ցուցադրական դատավարութիւններին: Նրանք արժանանում են բռնութեան եւ դաժան վերաբերմունքի, զրկուել են իրենց օրինական իրաւունքներից եւ Միջազգային Կարմիր Խաչի հետ կապ հաստատելու հնարաւորութիւնից։
Խաղաղութեան գործընթացի ծաղր է նաեւ այն, որ Ադրբեջանը հրաժարուել է երաշխաւորել այս պաշտօնեաների (կամ իր կալանքի տակ գտնուող մօտ մէկ տասնեակ այլ հայ ռազմագերիների եւ գերիների) ազատ արձակումը՝ որպէս վերջնական համաձայնագրի մաս: Պատասխանատուութիւնից խուսափելու համար Ադրբեջանը նաեւ պնդել է, որ Հայաստանը հետ վերցնի Ադրբեջանի դէմ մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ միջազգային հայցերը: Այս գործերից շատերով արդէն կայացուել էին նախնական որոշումներ Հայաստանի օգտին, օրինակ՝ Միջազգային դատարանի կողմից Ադրբեջանին պարտադրուել էր պահպանել մարդասիրական իրաւունքը կալանաւորների նկատմամբ եւ ապահովել տեղահանուած հայերի արագ, անվտանգ եւ կամաւոր վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
Թերեւս ամենաաղաղակող երեւոյթը «Թրամփի միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման ուղին» (TRIPP) է, որը Միացեալ Նահանգներին զարգացման եւ շահագործման բացառիկ իրաւունքներ կը տայ Հայաստանի հարաւային Սիւնիք նահանգում տրանսպորտային եւ հաղորդակցութեան ցանցերի նկատմամբ՝ ապահովելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ անխափան առեւտրային տարանցումը: Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց ի վեր ձգտում են մուտք գործել այս տարածք, որն անուանում են «Զանգեզուրի միջանցք», որպէսզի մենաշնորհէն էներգիայի եւ ռեսուրսների հոսքը Կենտրոնական Ասիան Եւրոպային կապող միջանցքով:
Այն, ինչին Ադրբեջանը ժամանակին ցանկանում էր հասնել ուժի միջոցով, այժմ շնորհուել է Թրամփի միջամտութեամբ՝ ապահովելով ԱՄՆ-ի յենակէտը տարածաշրջանում եւ կանխելով Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի գերիշխանութիւնը այս համաշխարհային խաչմերուկում: Այս գործընթացում Հայաստանին վերաբերուել են որպէս «կողմնակի վնասի»՝ անհրաժեշտ զոհաբերութեան տարածաշրջանային էներգէտիկ քաղաքականութեան զոհասեղանին:

Լուսանկարը` REUTERS
Պատկերը ոչ պակաս մռայլ է պաղեստինեան ժողովրդի համար, որին եւս զրկել են իրենց ապագան որոշող խաղաղութեան գործընթացում որեւէ իրական դերակատարութիւնից: Այս երկու այսպէս կոչուած խաղաղութեան գործընթացներն յստակ նմանութիւններ ունեն. երկու համաձայնագրերն էլ առաջնահերթութիւն են տալիս թղթի վրայ խորհրդանշական ստորագրութիւններին՝ վիճելի եւ հիմնարար հարցերի լուծման համապարփակ մօտեցման փոխարէն:
Հայաստանի համար սա հայ կալանաւորների չլուծուած կարգավիճակն է, Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգութեան ճակատագիրը, հարաւային Հայաստանի անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնը, ինչպէս նաեւ բռնի տեղահանուած բնակչութեան անվտանգ վերադարձի հեռանկարները: Պաղեստինցիների համար դա Պաղեստինի ինքնիշխանութեան ապագան է, տեղահանուած բնակչութեան վերադարձի հնարաւորութիւնը, Երուսաղեմի կարգավիճակը եւ Արեւմտեան ափում շարունակուող օկուպացիան ու ցեղային խտրականութիւնը:
Շատ առումներով «խաղաղութիւնը» այս համատեքստում պարզապէս սառեցնում է հայերի եւ պաղեստինցիների բռնաճնշման հիմքում ընկած անտանելի պայմանները, իսկ Թրամփի ծրագրերը չէն մօտեցնում դրանց լուծումը:
Միջազգային անվտանգութեան ամուր երաշխիքներ ապահովելու փոխարէն համաձայնագրերը մեծ մասամբ հէնւում են այն սխալ համոզմունքի վրայ, որ տարածաշրջանային ներդրումները, զարգացման նախագծերը եւ առեւտուրը կնպաստէն խաղաղութեանը եւ կը կանխէն նոր լարուածութիւնը: Սակայն սա մաքուր ֆանտազիայ է. եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Իսրայելը արդէն տարածաշրջանային առեւտրի եւ ներդրումների կենտրոններ են, ինչն ամենեւին չկանխեց նրանց արկածախնդրութիւնը:
Փոխարէնը, խորացող խճճուած տնտեսական կապերը եւ փոխադարձ կախուածութիւնները միայն աւելի դժուար ու թանկ են դարձնում այս երկրներին պատասխանատուութեան ենթարկելը՝ միաժամանակ խրախուսելով եւ նորմալացնելով ռազմական ագրեսիան: Իրական պատասխանատուութեան, վերահսկողութեան կամ անվտանգութեան երաշխիքների բացակայութեան արդիւնքում պաղեստինցի եւ հայ ժողովուրդների ճակատագրերը թողնուել են իրենց ճնշողների հայեցողութեանը։
Այս համաձայնագրերը նշանակում են նաեւ լիակատար հրաժարում անցումային արդարադատութիւնից: Եթէ նախկինում ճշմարտութեան եւ հաշտեցման յանձնաժողովները եւ միջազգային ռազմական յանցագործութիւնների դատարանները հակամարտութիւնների կարգաւորման անկիւնաքարեր էին համարւում, յատկապէս՝ ցեղասպանութիւնից յետոյ, այս դէպքում դրանք ոչ միայն անտեսուել են, այլեւ բացայայտօրէն կորցրել լեգիտիմութիւնը: Միացեալ Նահանգների եւ Իսրայելի ջանքերը՝ վարկաբեկելու միջազգային դատարանները, եւ Ադրբեջանի յաջող փորձը՝ ստիպելու Հայաստանին հետ վերցնել մարդու իրաւունքների գծով հայցերը, անդառնալիօրէն խաթարել են միջազգային մարդասիրական օրէնքի կարգավիճակը:
Անգամ եթէ համեմատենք այն համեստ յաջողութիւնների հետ, որոնք ունեցել են նախկին Հարաւսլաւիայի եւ Ռուանդայի միջազգային քրէական դատարանները, Հարաւային Աֆրիկայի, Սիեռայ Լեոնէի, Գուատեմալայի, Արգենտինայի, Կանադայի եւ այլ երկրների ճշմարտութեան յանձնաժողովները, այս խաղաղութեան գործընթացները չափազանց թերի են: Թէ՛ Գազայի, թէ՛ Լեռնային Ղարաբաղի համար արդարադատութիւնն ու հաշուետուողականութիւնը դիտարկուել են որպէս խոչընդոտներ խաղաղութեան ենթադրեալ տնտեսական դիւիդէնտները քաղելու համար։
Սա յանգեցրել է «խաղաղութեան լուացմանը», երբ ցուցադրական խաղաղարարութիւնը թաքցնում է խաղաղութեան հետ անհամատեղելի վարքագիծը։ Ադրբեջանը չափազանց հմտօրէն օգտագործում է հանրային միջոցառումներն ու արարողութիւնները՝ իր հանրային կերպարը վերականգնելու համար. այն «սպորտային լուացում» է կատարել մարդու իրաւունքների աղաղակող խախտումները կոծկելու համար՝ պարբերաբար միջազգային միջոցառումներ անցկացնելով, օրինակ՝ Formula 1 մրցարշաւը եւ UFC խաղերը, իսկ անցեալ տարի «կանաչացրեց» վառելիքի հետ կապուած ոճրագործութիւնները՝ հիւրընկալելով COP29 կլիմայական գագաթնաժողովը։։ Ադրբեջանի մասնակցութիւնը ISF-ին մաքուր «խաղաղութեան լուացում» է. ներկայանալ որպէս Գազայում խաղաղութեան բարի կամքի գործընկեր, միաժամանակ ամրապնդել Լեռնային Ղարաբաղի ռազմական ենթակայութիւնը։

Լուսանկարը` REUTERS
Սակայն «խաղաղութեան լուացումը» չի սահմանափակւում միայն յանցագործներով. միջազգային երաշխաւորները նոյնպէս օգտագործում են խաղաղութիւնը՝ շայաւէտ հետկոնֆլիկտային վերականգնման եւ զարգացման գործարքների ակնկալիքով։ Վերածելով խաղաղութիւնը ռազմական յանցագործների եւ նրանց աջակիցների հեղինակութեան վերականգնման մարքեթինգային հնարքի՝ այս համաձայնագրերը վտանգաւոր նախադէպ են ստեղծում, որը ստուեր կնետի այլ համաշխարհային հակամարտութիւնների միջնորդութեան վրայ։
Նոր բռնութեան համար աւելի լաւ բաղադրատոմս չկայ, քան անարդար խաղաղութիւնը։ Երբ պետութիւնները պարգեւատրւում են միջազգային իրաւունքի խախտումների համար, դա օրինականացնում է բռնի ռազմական ուժի կիրառումը՝ որպէս բանակցութիւնների այլընտրանք։ Իսկ երբ զոհերը արդարադատութիւն կամ փոխհատուցում իրենց դէմ կատարած յանցագործութիւնների համար չէն ստանում, դա միայն ամրապնդում է ճնշման անտանելի պայմանները, որոնք ի սկզբանէ յանգեցրել էին բռնութեանը։

Լուսանկարը` REUTERS
Ներկայացումը էութիւնից վեր դասելով՝ Թրամփի խաղաղութեան համաձայնագրերը դատապարտուած են ձախողման։ Երբ տասնամեակների հակամարտութիւնները, որոնց հիմքում հպատակեցումն ու ցեղասպանութիւնն է, վերածւում են պարզապէս տարածքային վէճերի, թերեւս հասկանալի է դառնում, թէ ինչու են առաջարկուող լուծումները նման հողերի իւրացման համաձայնագրերի։ Սակայն ո՛չ առաջարկուող «Թրամփի միջանցքը», ո՛չ էլ «Գազայի Ռիւիերան» մխիթարութիւն չէն տալիս համայնքներին, որոնց կեանքը անդառնալիօրէն խաթարուել է բռնութիւնից եւ որոնց կրկին տեղ չէն տուել սեղանի շուրջ, որտեղ որոշուելու է իրենց ապագան։
Արդարադատութիւնից եւ հաշուետուողականութիւնից խուսափելով եւ հակամարտութիւնների արմատական պատճառները անտեսելով՝ այս «խաղաղութեան ծրագրերը» կարող են վերադարձնել հակամարտութիւնների կարգաւորման այնպիսի մոդելը, որտեղ ով ուժեղ է, նա էլ յաղթում է, իսկ աւարը ստանում է ցեղասպանը։
Թարգմանութիւնը՝ Մարիայ Սադոյեանի
Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Աղբիւր՝ Մեդիամաքս:
