Այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան գոյութեան համար արցախցիներն ամենաբարձր գինն են վճարել. Սամուել Շահրամանեան

Այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան գոյութեան համար արցախցիներն ամենաբարձր գինն են վճարել. Սամուել Շահրամանեան

Շահրամանեանի հարցազրոյցը լրագրողներին՝ Եռաբլուրում: 

Արցախի ժողովուրդը վճարել է ամենաբարձր գինը, որպէսզի Հայաստանի Հանրապետութիւնն այսօր գոյութիւն ունենայ։ Այս մասին սեպտեմբերի 19-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրոյցում յայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Սամուել Շահրամանեանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի դէմ ագրեսիայի եւ տեղահանութեան սկզբի տարեդարձի առթիւ։

Նախ նախագահը շնորհակալութիւն յայտնեց լրատուամիջոցներին եւ ընդգծեց, որ վերջին ագրեսիայի ժամանակ զոհուածները, նրանք, ովքեր առաջինը կրեցին հարուածի ծանրութիւնը, հնարաւորութիւն տալով բնակչութեանը լքել իրենց տները, թաղուած են Եռաբլուրում: «Ագրեսիայի արդիւնքում մենք զրկուել ենք մեր հայրենիքից եւ բռնի տեղահանուել: Մեր համաքաղաքացիների մեծ մասը բնակութիւն է հաստատել Հայաստանում, որը մենք նոյնպէս համարում ենք մեր հայրենիքը», — նշեց Սամուել Շահրամանեանը։

Կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի նախարարութեան դէմ այդ օրուայ իրադարձութիւնները դասագրքերում խեղաթիւրելու համար դատական հայցի վերաբերեալ հարցին պատասխանելով՝ նախագահը մանրամասներ չյայտնեց՝ ընդգծելով միայն, որ ապագայ սերունդները պէտք է իմանան ճշմարտութիւնը։ «Մենք դատարանին կը ներկայացնենք բոլոր ապացոյցները, որոնք կը հաստատէն մեր խօսքերը», — յայտարարեց Շահրամանեանը։

Մեկնաբանելով այն պնդումները, որ «Արցախը յանձնուել է Եւլախի հանդիպումներում», Սամուել Շահրամանեանը յիշեցրեց, որ ինքը ներկայ չի եղել այդ հանդիպումներին եւ երբեք Եւլախում չի եղել։ Նա յաւելեց, որ հանդիպումների մասնակիցները ոչինչ չէն ստորագրել, եւ որ հանդիպումները զուտ մարդասիրական բնոյթի էին։

Անդրադառնալով վարչապետի այն յայտարարութիւններին, թէ «մենք չկորցրեցինք Լեռնային Ղարաբաղը, այլ գտանք Հայաստանը», Արցախի նախագահը նշել է. «Կարող եմ միայն աւելացնել, որ Արցախի ժողովուրդը վճարեց ամենաբարձր գինը, որպէսզի այսօր Հայաստանի Հանրապետութիւնը գոյութիւն ունենայ»։

Ինչ վերաբերում է բնակչութեան Արցախ վերադառնալու հարցին, Շահրամանեանն ընդգծեց, որ հարցը վերաբերում է ոչ միայն Արցախի ժողովրդին, այլեւ համահայկական հարց է, եւ «մենք յոյս ունենք կոնսենսուսի, որը ներկայումս գոյութիւն չունի»։ «Արցախի հարցը չի կարող փակուած լինել, քանի դեռ արցախցիները զրկուած են իրենց հայրենիքից, նախնիների գերեզմաններից եւ սրբավայրերից։ Մենք կարծում ենք, որ վաղ թէ ուշ պէտք է համապատասխան գնահատական տրուի», — եզրափակեց Արցախի նախագահը:

Մանրամասները՝ տեսանիւթում

Share