«Ապառաժ»-ը դադարեցնում է իր աշխատանքը
Արցախի ժողովրդի բռնի տեղահանութիւնից յետոյ «Ապառաժ»-ն արցախեան միակ լրատուականն էր, որ շնորհիւ իր նուիրուած թիմի` չդադարեցրեց իր աշխատանքը։
Ցաւօք, արցախցիների սոցիալական կացութիւնն այլեւս հնարաւորութիւն չի տալիս նման կարգով գործունէութիւնը շարունակելու։ Տեղեկանում ենք, որ ֆինանսական դժուարութիւնների պատճառով, սոյն թուականի յուլիսի 1-ից «Ապառաժ»-ը դադարեցնում է իր աշխատանքը։
Այսօր պաշտօնապէս աւարտուեց ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի օրգան՝ «Ապառաժ» թերթի պատմութեան մի հատուածը։ Հրատարակութիւն, որը ժողովրդի հետ էր ամենադժուարին եւ ճակատագրական ժամանակահատուածներում, գոյատեւեց մինչեւ իր վերջին համարը՝ չնայած տեղահանութեան, չնայած բոլոր փորձութիւններին։
«Ապառաժ»-ն Արցախում՝ որպէս քաղաքական, հասարակական եւ գրական թերթ, առաջին անգամ հրատարակւել է 1917 թ.-ին՝ Շուշի քաղաքում, երկար ընդմիջումից յետոյ այն հրատարկւել է 1991 թ.-ին, լուսաբանել Արցախի ազատագրական պայքարի ընթացքը, հայ ժողովրդի պայքարի ուղին՝ մինչեւ մեր օրեր, սերմանել գաղափարական եւ ազգային արժէքներ։ 2020 թ.-ի 44-օրեայ պատերազմի ժամանակ եւս երկշաբաթաթերթի հրատարակութիւնն առժամանակ դադարեցւել եւ վերահրատարկւել էր 2021 թ.-ի գարնանը, սակայն www.aparaj.am կայքէջը, 2010 թ.-ից, բոլոր իրավիճակներում, շարունակել է իր գործունէութիւնը։
1917 Թուականին «Ապառաժ»ը հրատարակուել է Շուշիում իբրև ՀՅԴ Ղարաբաղի շրջանի պաշտօնաթերթ: Ապա 1991ին դարձեալ վերսկսել է «Ապառաժ»ի հրատարակութիւնը: Վերջին տպագիր համարը տպուել է բլոկադայի ժամանակ:

Խմբագիրներն են եղել՝ Սերգեյ Շահուերդեան, Ռիթա Մնացականեան, Հերմինէ Աւագեան, Սևակ Խաչատրեան, Յասմիկ Շինդեան, Ալիսա Բեջանեան, և Արա Պուլուզեան: 2023ի Օգոստոսին տպագրուել է վերջին տպագիր համարե: Բլոկադայի ընթացքում շարունակել է առցանց հրատարակումը, իսկ Արցախի բռնի հայաթափումից յետոյ Հայաստանից վերսկսել է 2024 թուականի Ապրիլին առցանց եղանակով:

1917 թուականից ի վեր «Ապառաժի» կեանքում ընդմիջումներ եղել են, եւ ամէն անգամ թերթը վերածնուել է, երբ առարկայական հանգամանքները թոյլ են տուե։ Հիմա էլ սա մի «ցտեսութիւն» է, այլ ոչ թէ հրաժեշտ։
Յուսանք որ Ապառաժը ևս իր վերածնունդը կապրի ինչպէս մեր Արցախն ու Արցախի հայութիւնը…
վերադարձի հաւատքով…