Զարեհ Սինանեանը պետութեան ու ժողովրդի հարկերի հաշուին շրջում է՝ իբրեւ տուրիստ, Լիլիթ Մակունցի վերաբերմունքն արտառոց է. Յարութ Սասունեան

Զարեհ Սինանեանը պետութեան ու ժողովրդի հարկերի հաշուին շրջում է՝ իբրեւ տուրիստ, Լիլիթ Մակունցի վերաբերմունքն արտառոց է. Յարութ Սասունեան

Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանն ԱՄՆ շրջայցից յետոյ այցելութիւններ է ունեցել նաեւ Լիբանանում եւ Սիրիայում: Թէ ի՞նչ յանձնարարութեամբ էր յանձնակատարը որոշել շրջել Սփիւռքի մի քանի համայնքներում Հայաստանի ու Արցախի համար սրուած այս մարտահրաւէրների փուլում, դեռեւս յայտնի չէ: Մամլոյ հաղորդագրութիւններում, ձեռնպահ որոշ դիտարկումներից զատ, ոչ մի առանցքային յանձնառութիւն չկար:

Արդեօ՞ք Զարեհ Սինանեանը Սփիւռք էր տարել նաեւ իշխանութիւնների թրենդային «խաղաղութեան օրակարգը»՝ հարցը եւս բաց է:

«Կալիֆոռնիայ Կուրիեր» թերթի գլխաւոր խմբագիր եւ հրատարակիչ Յարութ Սասունեանը, սակայն, շեշտում է՝ եթէ դա է եղել այցի նպատակը, ապա շատ վատ անձ են ընտրել այդ պատգամը փոխանցելու համար:

Ըստ նրա՝ Զարեհ Սինանեանը ոչ մի բան չի կարող փոխանցել եւ պարզապէս պետութեան ու ժողովրդի հարկերի հաշուին շրջում է՝ իբրեւ տուրիստ:

«Իր այցելութիւնները միայն փողի վատնում են: Ինձ համար առաւել տարօրինակ է, որ այս ճգնաժամային օրերին, երբ բոլորս աշխարհով մէկ փորձում ենք հասկանալ, թէ ինչ կարող ենք անել, որպէսզի Լաչինի միջանցքը բացուի, Արցախն ու Հայաստանը կարողանան դիմագրաւել մարտահրաւէրներին, Զարեհ Սինանեանը չփորձեց մի խելացի պատգամ փոխանցել, ուղղութիւն տալ Սփիւռքին:

Վերջիվերջոյ, իր պաշտօնը Սփիւռքի յանձնակատարի պաշտօնն է, բայց նա նոյնիսկ չի էլ հասկացել, թէ ինչ է իր պաշտօնն ու պարտականութիւնը. նա կարծում է, թէ իր պաշտօնը Փաշինեանին գովերգելն է՝ պրոպագանդայի նախարարի նման (պաշտօն, որ դիկտատորական մի քանի երկրներում կայ)»,- 168.am–ի հետ զրոյցում մանրամասնեց Յարութ Սասունեանը:

Ամերիկահայ գործիչը տեղեկացրեց նաեւ, որ հերթական շրջայցի մասին Զարեհ Սինանեանի գրասենեակի տարածած հաղորդագրութիւններն ուռճացուած են եւ չէն արտացոլում իրականութիւնը:

«Երբ կարդում եմ զեկոյցներ, որ իր գրասենեակն ու ինքը չէն գրել, այլ մարդիկ, որոնք ներկայ են եղել այդ հանդիպումներին, պատմում են ճիշտ հակառակը. այսինքն՝ գրեթէ ամէն տեղ, ուր եղել է յանձակատարը, քիչ թուով մարդիկ են ներկայ եղել: Ոչ միայն նրա հրաւէրներն են մերժել, այլեւ եղել են մարդիկ, որոնք չէին ցանկացել գնալ հանդիպման, բայց գնացել են, որպէսզի տեսնեն, թէ այս մարդն այս անգամ ինչ է ասելու, եւ յետոյ համայնքին յայտնէն, թէ իսկապէս ինչ է եղել, ոչ թէ այն, ինչ Զարեհ Սինանեանը պէտք է ներկայացնի մամլոյ հաղորդագրութիւններով:

Ես կարդացի առնուազն երկու զեկոյց, որ «Հայրենիք» եւ «The Armenian Weekly» լրատուականները հրապարակեցին, ըստ որոնց՝ Սինանեանը շատ արտառոց գաղափարներ է ասել, որոնք տեղ չէն գտել իր կողմից հրապարակուած զեկոյցներում. օրինակ, ասել է, որ երբ 2020 թ. պատերազմը սկսուել է, ինքն առաջին երկու շաբաթից հասկացել է, որ ՀՀ-ն պարտուելու է պատերազմում:

Ես չգիտէի, որ Սինանեանը ռազմական գործի մասնագէտ է եւ հասկանում է՝ որ կողմը պէտք է պարտուի, որ կողմը՝ յաղթի, դա ինձ համար նորութիւն էր:

Հետոյ խօսել է ՌԴ-ՀՀ յարաբերութիւնների մասին՝ ասելով, թէ Հայաստանը չի կարող ՌԴ-ին վստահել եւ այլն. արդեօ՞ք ինքը կարծում է, թէ ՀՀ արտգործնախարարն է, կամ վարչապետը: Սինանեանի գործը քաղաքական հարցերով զբաղուելը չէ. նա Սփիւռքի հետ կապերի պատասխանատու է եւ պէտք է փորձի Սփիւռք-Հայաստան կապն աւելի ամրացնել, որպէսզի համատեղ ուժերով կարողանան գործակցել Հայաստանի եւ Արցախի վիճակը բարելաւելու ուղղութեամբ»,- նշեց նա:

Իսկ թէ Հայաստանի ու Արցախի վիճակը բարելաւելու, հայկական կողմի շահերը ներկայացնելու ուղղութեամբ ի՞նչ է անում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը՝ Յարութ Սասունեանը չգիտի:

Սփիւռքահայ գործիչը յիշեց, որ անկախութիւնից ի վեր՝ Հայաստանի բազմաթիւ դեսպանների է հանդիպել, եւ անկախ ՀՀ այդ օրուայ իշխանութիւնների հանդէպ իր վերաբերմունքից՝ բոլորին փորձել է լսել, աջակցել, քանի որ գրեթէ բոլորն էլ փորձել են օգտակար աշխատանք տանել Հայաստանի համար, իսկ Լիլիթ Մակունցն արտառոց պահուածքով է աչքի ընկել:

«Անհասկանալի է, թէ ինչ է անում Լիլիթ Մակունցը. ես երբեք չեմ տեսնում, որ ինքը համայնքի հետ շփուի: Անցեալ օրը զանգ ստացայ, ասում էին՝ տեղեա՞կ ես, որ Մակունցը մի քանի ժամով եկել է Լոս Անջելես եւ մեկնել. ինչպե՞ս կարող է ՀՀ դեսպանը գալ Լոս Անջելես՝ ամենահայաշատ համայնքն աշխարհում, եւ համայնքի հետ հանդիպում չունենայ:

Մեկ տարի առաջ էլ եկաւ այստեղ եւ մի քանի մարդկանց հետ ճաշեց միայն, եւ դարձեալ ոչ մի յայտարարութիւն, ոչ մի լուր՝ ինչ ասեց, ինչու է եկել, այսինքն՝ գաղտագողի էր եկել ու գնացել:

Սա շատ արտառոց վերաբերմունք է ՀՀ ներկայացուցչի համար: Եւ Արցախի շրջափակման 90 օրերին էլ ես ոչ մի բան չեմ լսել իր կողմից, մինչդեռ Հայաստանի դեսպանն այս օրերին պէտք է գիշեր ու ցերէկ՝ օրը 24 ժամ վազվզեր, հանդիպումներ ունենար, համոզեր, որ՝ օգնեք մէզ»,- ամփոփեց Յարութ Սասունեանը:

Ի դէպ, ԱՄՆ-ի անգլիալեզու «The Armenian Weekly» լրատուամիջոցն այս այցին անդրադառնալով՝ նկատել էր. «Անհասկանալի է, թէ ինչու եւ ինչ նպատակով Սինանեանը պարաշիւտով թռաւ ԱՄՆ արեւելեան շրջան՝ շրջելու մեր համայնքներով։ Հայաստանի կառավարութեան ուշադրութեան կենտրոնում պէտք է լինի մեր հայրենիքում տիրող իրավիճակը. Հայաստանը կարմիր տագնապի տակ է»:

168.am

Share