Իշխող քաղաքական ուժը գնում է պետութեան զաւթման ճանապարհով. Սիրանուշ Սահակեան

Իշխող քաղաքական ուժը գնում է պետութեան զաւթման ճանապարհով. Սիրանուշ Սահակեան

Բարձրագոյն դատական խորհուրդի փետրուարի 27-ի որոշմամբ դադարեցուել են  Երեւանի քաղաքի առաջին ատեանի  ընդհանուր իրաւասութեան  քաղաքացիական դատարանի դատաւոր Զարուհի Նախշքարեանի լիազօրութիւնները  էական  կարգապահական խախտումի հիմքով։ Սակայն մինչ այժմ Նախշքարեանն ու նրա ներկայացուցիչները չէն ստացել որոշումը, թէեւ սահմանուած է հնգօրեայ ժամկէտ։ Այս մասին ասուլիսում յայտարարեց իրաւապաշտպան Ռուբէն Մելիքեանը՝ միաժամանակ նշելով, որ դատարանները նիստի ժամանակ միայն որոշումների եզրափակիչ մասն են հրապարակում։

«Մենք այսօր չենք կարող մեր գնահատականները տալ այդ որոշմանը, որի հետ կապուած մենք անհամաձայնութիւն ունենք»,- ասաց նա։

Մելիքեանը նշեց, որ իրենք աւելի շատ կը խօսէն դատական իշխանութեան անկախութեանը վերաբերող խնդիրների մասին, որոնք գնալով աւելի են խորանում եւ  դատաւորների  խօսքի ազատութեանը վերաբերող նոր սահմանափակումների  մասին։

«Զարուհի Նախշքարեանն այն մարդն է, որը երկար տարիներ դատաւորի  գործառոյթ է իրականացրել, հանրութեանը յայտնի է մարդ, որն անընդհատ  փորձել է իր գործունեութեամբ ընդարձակել դատական իշխանութեան անկախութեան հարցերը, բարձրացնել դատական իշխանութեան հեղինակութիւնը, մեծ հեղինակութիւն է վայելում իրաւաբանական հանրութեան տարբեր խմբերի մօտ, այն մարդն է, որը  բոլոր բարոյական իրաւունքներն ունի բարձրաձայնելու այս խնդիրների մասին, հակապէս հիմա, երբ Բարձրագոյն դատական խորհուրդը որոշեց, որ  խնդիրների բարձրաձայնումն արգելուած է դատաւորի կարգավիճակով, հիմա  արդէն  ոչ դատաւորի կարգավիճակով կբարձրաձայնի»,- ասաց իրաւապաշտպանը։

Զարուհի Նախշքարեանի ներկայացուցիչ, իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանն ասաց, որ դատական իշխանութեան հետ կապուած խնդիրը մտահոգիչ է, քանի որ առիթ են օգտագործում համատարած խնդիր, որը կախուած է իւրաքանչիւր դատաւորի գլխին։

«Այստեղ մենք ոչ թէ գործ ունենք տիկին Նախշքարեանի կամ մէկ այլ անձի շահերի պաշտպանութեան հետ, այլ ողջ դատական համակարգի։ Դատաւորներին պատժելու առիթ են ընտրում գերծանրաբեռնուածութեամբ  պայմանաւորուած երեւոյթները, որոնք համատարած են, դատական համակարգում չկայ մի դատաւոր, որը չի առերեսւում այս խնդրին։ Այդ սուրը կախելով՝ իրական սպառնալիքներ են ներկայացնում ողջ դատական համակարգին եւ այն մեխանիզմը, որը գործարկւում է, պատրաստ է ամէն պահի  խժռել ողջ  դատական համակարգը»,- նշեց Սահակեանը։

Նրա խօսքով, բարեփոխումներ կատարուեցին, ստեղծուեց ԲԴԽ-ն, որը պէտք է կանգներ դատաւորների կողքին, երաշխաւորեր դատական համակարգի անկախութիւնը,  օբյեկտիւացներ կարգապահական քաղաքականութիւնը։ Սակայն մենք տեսանք, որ ԲԴԽ-ում անընդհատ տեղի ունեցան կադրային փոփոխութիւններ, որոնք որեւէ կերպ  չեանգեցրեցին ԲԴԽ-ի կազմի բարելաւմանը։ Եթէ գիտնական  անդամների դերում նախկինում ունէինք անձինք, ովքեր որոշակի ճանաչում ունէին եւ  պառլամենտական ընդդիմութեան հետ կոնսենսուսով էին ընտրուել, դրանք փոխարինուեցին մէկ քաղաքական ուժի  կողմից ընտրուող թեկնածուներով, աւելին՝ իրաւաբան գիտնականների փոխարէն տեսանք կուսակցական անդամներ։

Այս փոխարինեումները տեղի ունեցան հրաժարականների հետեւանքով, ոչ թէ ժամկէտի լրանալու հիմքով։ Եղան հարկադիր հրաժարականներ, որոնց անմիջապէս փոխարինեցին նոր նշանակումներ»,- նշեց իրաւապաշտպանը։

Նա նշեց, որ նոր նշանակումների ժամանակ անգամ չպահպանուեց քաղաքական մշակոյթը. բոլոր թեկնածուները պէտք է քննարկուեին ընդդիմութեան հետ, թեկնածուները  ունակ լինէին ստանալ գոնէ 1 ձայն  ընդդիմութիւնից, որպէսզի համարուեին պառլամենտում համաձայնեցուած թեկնածու, կարողանային  անկախ կերպով իրականացնէին իրենց գործառոյթները ԲԴԽ-ում։

«Մենք ունեցանք միակուսակցական առաջադրումներ եւ միակուսակցական նշանակումներ, որտեղ ամբողջովին անտեսուած է ընդդիմութեան դերը։

Որեւէ թափանցիկ գործընթաց տեղի չունեցաւ եւ մինչ օրս անբացատրելի են մնում ինչպէս հրաժարականների պատճառները, այնպէս էլ այս կամ այն թեկնածուի առաջադրման պատճառը, այս կամ այն թեկնածու հետ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները։ Արդունքում, համարում ենք, որ ԲԴԽ գիտնական անդամները խոցելի են, քաղաքականապէս են առաջադրուել, քաղաքականապէս ընտրուել են եւ չէն կարող ապաքաղաքական որոշումներ կայացնել»,- ասաց Ս. Սահակեանը։

ա նշեց, որ սրան զուգահեռ մէկ այլ բացասական երեւոյթ ունեն. ԲԴԽ-ում որոշումների կայացման շեմերն իջեցուեցին եւ եթէ նախկինում անհրաժեշտ էր 6 ձայն, հիմա ընդամէնը 5 անձով կարելի է որոշում կայացնել։

 

Share