Ձեւաւորուել է միջկուսակցական համակարգող մարմին

Ձեւաւորուել է միջկուսակցական համակարգող մարմին

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողւում ներկայացուած երեք ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ Արցախի կառոյցի, «Արդարութիւն» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցութիւնների ղեկավար կազմերի միջեւ քննարկումների արդիւնքում ստորագրուել է յուշագիր, որի համաձայն ստեղծուել է Միջկուսակցական համակարգող մարմին (ՄՀՄ):

Յուշագիրը արձանագրում է, որ «միջկուսակցական համակարգող մարմինը խորհրդատուական կառոյց է, որտեղ քննարկուելու են Արցախի քաղաքական դաշտի ընթացիկ ու սպասուող զարգացումները եւ անհրաժեշտութեան դէպքում եզրակացութիւններ ու առաջարկներ են ներկայացուելու համատեղ գործողութիւնների եւ միասնական դիրքորոշումների համար»:

Իր անդրանիկ նիստում ՄՀՄ որոշել է առաջիկայ օրերին Արցախում ստեղծուած ներքաղաքական իրավիճակի եւ արտաքին մարտահրաւէրների թեմայով խորհրդատուութիւններ անցկացնել Արցախում գործող քաղաքական ուժերի, հանրային տարբեր խմբերի ու առանձին անհատների հետ:

Միջկուսակցական համակարգող մարմինը ձգտելու է հանրային-քաղաքական տեսակէտների եւ նոր գաղափարների համադրման կամ փոխանակման հարթակ դառնալ, որին, հիմնադիր քաղաքական ուժերից բացի, կարող են մաս կազմել նաեւ այլ քաղաքական ու հանրային միաւորներ:

Share