Փաշինեանը հիմա անում է այն, ինչի համար քուէ չի ստացել․ Անդրանիկ Թեւանեան

Փաշինեանը հիմա անում է այն, ինչի համար քուէ չի ստացել․ Անդրանիկ Թեւանեան

Ձեզ խաբել են, խաբում են ու շարունակելու են խաբել, քանի դեռ հանդուրժում եք դա

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանի յայտարարութիւնը․

«Յարգելի՛ հայրենակիցներ,

Տեղի է ունեցել մեծ խաբէութիւն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը եւ դրա առաջնորդը 2021–ի նախընտրական ծրագրով խոստացել են՝

– պաշտպանել Արցախի Հանրապետութեան ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումն՝ առանց սահմանափակումների,

–պայքարել ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի համար,

–հակամարտութիւնը կարգաւորել Արցախի կարգավիճակի վերջնական յստակեցման տեսքով՝ առաջնորդուելով «Անջատում հանուն փրկութեան» սկզբունքով:

ՔՊ–ն ասել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայութեան ներքոյ, եւ որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը։

Այսպիսի խոստումներ տալով նրանք քուէ են ստացել եւ խաբել։ Ի դէպ, այդ քուեին յղում անելով է Ալիեւը յայտարարում, որ հայ ժողովուրդն ընտրել է Փաշինեանին, ուրեմն համաձայնել է անդադար զիջումների։ Այնինչ դա ոչ թէ հայ ժողովրդի, այլ Փաշինեանի դիրքորոշումն է, որը լեգիտիմ չէ։

Նիկոլ Փաշինեանն ու իր թիմակիցները հիմա անում են այն, ինչի համար քուէ չէն ստացել։ Անում են իրենց ասածների հակառակը։ Վարում են Արցախն Ադրբեջանին յանձնելու քաղաքականութիւն, հակադրում 120 հազար արցախցուն 3 միլիոն հայաստանցու հետ՝ ներազգային ռասիզմ, մարդակերութիւն եւ թշնամանք սերմանելով։

2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում Փաշինեանն ընդունել է, որ Արցախն Ադրբեջանինն է, ինչը դարձել է Ալիեւի կողմից յանցաւոր կերպով Լաչինի միջանցքը փակելու պատճառներից մէկը։ Պրահեան համաձայնութիւնները Փաշինեանն օրերս վերահաստատել է Միւնխենում տեղի ունեցած հակահայկական դաւադրութեան շրջանակներում։ Ինչպէս որ 1938–ին նոյն Միւնխենում Հիտլերին «խաղաղեցրին», այնպէս էլ 2023–ին Ալիեւին են «խաղաղեցնում»։

Իշխող ուժն այժմ առաջնորդւում է «Ղարաբաղն Ադրբեջան է, եւ վէ՛րջ» կարգախօսով, ինչին յաջորդել է Ալիեւի կողմից «Հայաստանն Արեւմտեան Ադրբեջան է, եւ վէ՛րջ» ծրագրի հռչակումը։

ՔՊ–ն խաբել է նաեւ հայ–թուրքական յարաբերութիւնների հարցում՝ յայտարարելով, որ դրանք առանց նախապայմանների են։ Սոյ՛ւտ է։ Կայ՛ն նախապայմաններ ու դրանց մասին բաց խօսում է Անկարան։ Փաշինեանը հիմա այդ նախապայմանների բաւարարմամբ է զբաղուած՝ գերեզմանային «խաղաղութեան դարաշրջան» նախապատրաստելով։

Փաշինեանի սուտը վերաբերում է նաեւ հայ–ռուսական յարաբերութիւններին։ Նա խոստացել էր ռազմավարական դաշինքի խորացում, բայց միացել է հակառուսական կոալիցիային ու հակառուսական հիստէրիայ բարձրացրել մէզ մօտ՝ Հայաստանը դարձնելով Արեւմուտք–Ռուսաստան բախման թատերաբեմ։

Եւ այսպէս, իշխող ուժը խաբեութեամբ է քուէ կորզել, ինչը ապալեգիտիմացնում է 2021–ի ընտրութեան արդիւնքները։

Յարգելի՛ հայրենակիցներ,

Ձեզ խաբել են, խաբում են ու շարունակելու են խաբել, քանի դեռ հանդուրժում եք դա։ Պետք է, հետեւաբար, ամէն մէկս իր քայլն անի՝ մերժելով ստին»։

Share