Հայկական արբանեա՞կ թէ քարոզչական դոպինգ

Հայկական արբանեա՞կ թէ քարոզչական դոպինգ

Զարեհ Աճէմեան

Մայիս 26-ի կառավարութեան նիստում վարչապետը յայտարարեց, որ «Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանեակը»: Սոյն յայտարարութիւնը ցանկացած հայի համար ուրախութեան և հպարտութեան առիթ է հանդիսանում առաջին պահին, սակայն նկատի ունենալով «Փաշինեանական» գործօնի առկայութիւնը կամաց կամաց խանդավառութեանը սկսեց փոխարինուել մի այլ  յուսախաբութեան:

Իրողութիւնն այն է, որ բացի «Ազատութիւն», «Սիվիլնէթ» գործակալութիւնները և նրանց հետևող լրատուամիջոցները, ոչ ոք լուրջի չառաւ վարչապետի յայտարարութիւնը: Ընդդիմութեան լրատուամիջոցների կողմից լռութիւնը ընկալուեց իբրև քաղաքական հաշուարկներով երկրի յաջողութիւնները անտեսելու փորձ: Մի քանի օրուայ ընթացքում սակայն, ցանկացած զգայացունց լուրի պէս սկսում են պարզուել հարցի իրական կողմերը:

Ահա թէ ինչ են փաստացի իրողութիւնները՝

  1. Վարչապետի յայտարարութիւնը մնաց միմիայն կառավարութեան նիստի յայտարարութիւնների սահմաններում և վարչապետի կայքում: ՀՀ կառավարութիւնը իր կայքում ոչ միայն իբրև լուր չի անդրադարձել վարչապետի «այսքան կարևոր» յայտարարութեանը, այլ նաև իր պաշտօնական յայտարարութիւնների բաժնում ոչ մի յայտարարութիւն չի կատարուել այդ կապակցութեամբ:

  2. ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդիւնաբերութեան Նախարարութեան պաշտօնական կայքում անգամ ոչ մի տեղեկատւութիւն չկայ արբանեակի մասին, մինչ վարչապետի համաձայն Նախարարը ներկայ է եղել հրթիռի արձակման վայրում:

  3. Նոյնն է պարագան ՀՀ ԱՄՆ դեսպանութեան կայքէջի վրայ, ուր ոչ մի յիշատակում չկայ Մակունցի հրթիռի արձակման վայրում ներկայ գտնուելու մասին, որի կապակցութեամբ նաև յայտարարեց վարչապետը կառավարութեան նիստում:

  4. Իսկ Գիտութեան և… Նախարարութեան կայքէջը Մայիս 26ի թուականով 17 լուրեր է հաղորդել, որոնցից ոչ մէկը չի վերաբերում Հայաստանի գիտատեխնոլոգիական բարձրագոյն նուաճումին, որն է սեփական արբանեակ ունենալը:

  5. Համաձայն Գուգըլի որոնման համակարգին երբ փնտրում ես Հայաստան և Արբանեակ բառերը անգլերէնով պարզւում է որ ոչ մի հեղինակութիւն ունեցող լրատուամիջոց մինչև անգամ փոքր կամ հեղինակութիւն չունեցող լրատուամիջոց որևէ լրատւութիւն կամ ակնարկ չի կատարել «Հայկական արբանեակ»ի մասին:  
     
  6. Գուգըլի որոնման համակարգով նոյն անգլերէն բառերը որոնողների համար պարզւում է, որ հիմնականում միայն հետևեալ  լրատուամիջոցներն են, որոնք վարչապետի յայտարարութիւնը տարածել են իբրև լուր՝ Ազատութիւն, Սիվիլնէթ, Ռադիո Ֆարդա (Ազատութեան պարսկերէն ծրագիր), Ասպարէզ օրաթերթ, Հայաստանի Հանրային Ռադիոյի կայքը, Արմենպրէս և մի քանի այլ հայկական կայքեր, որոնք հիմնականում արտատպել են վերիններին:  

  7. «SpaceX»ի կայքում ընկերութիւնը յայտարարել է, որ Ֆալկոն-9 հրթիռը տիեզերք է հանել 59 ապարատներ, առանց նշելու Հայաստանի անունը:

  8. Համաձայն hetq.am կայքի ուսումնասիրութեան «այդ ապարատների թւում կան փոքր արբանեակներ, միկրոարբանեակներ, ուղեգծային տրանսպորտային միջոցներ եւ այլ օգտակար բեռ։ Spacenews.com-ն էլ գրել է, որ նշուած 59-ի մէջ իրենց ապարատներն ունեն տարբեր յայտնի ընկերութիւններ ու կազմակերպութիւններ՝ ամերիկեան ՆԱՍԱ-ն եւ «GeoOptics»-ը, որոնց համար փոքր արբանեակներ է արձակել նոյնպէս ամերիկեան «Terran Orbital»-ը, ինչպէս նաեւ ֆիննական «ICEEYE»-ը, արգենտինական «Satellogic»-ը եւ ամերիկեան «Spire»-ը, որոնց արբանեակներն ուղարկել է գերմանական «Exolaunch»-ը (59-ից 21-ը հէնց «Exolaunch»-ն է ուղարկել), արբանեակ է արձակել նաեւ ամերիկեան «HawkEye 360»-ը»։
     
  9. «Հետք» կայքի ուսումնասիրութիւնից պարզւում է, որ Փաշինեանի յայտարարած Իսպանական «Satlantis» ընկերութեան յայտարարութեան մէջ ևս ոչ մի տեղեկատւութիւն չկայ Հայաստանի մասին: «Իսպանական ընկերութիւնն անդրադարձել է իր կողմից «Falcon 9»-ով արձակուած «Urdaneta» փոքր արբանեակին (CubeSat), որը Երկրի շուրջ պտտուելու է 530 կմ բարձրութեան վրայ։ Ըստ «Satlantis»-ի՝ «Urdaneta»-ն առաջին բասկեան արբանեակն է, որն ունակ է բարձր որակի (resolution: <2m) մուլտիսպեկտրալ լուսանկարներ ստանալ։ Հայաստանի արբանեակի մասին «Satlantis»-ը ոչինչ չի հաղորդել»։

  10. Իսկ ո՞վ է Վարչապետի նշած  «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն, որ վարչապետի յայտարարութեան համաձայն իրականացրել է իսպանական ընկերութեան հետ համագործակցութիւնը: «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն ստեղծուել է 2017-ին ։ Կարէն Կարապետեանի կառավարութիւնը որոշել էր նման ընկերութիւն հիմնել եւ բաժնետոմսերի կառավարումը վերապահել ՊՆ-ին։
     
  11. Արբանեակի լուրը անմիջապէս կասկածի տակ դնողներից՝ փորձագէտ, լրագրող Նայիրի Հոխիկեանի կարծիքով՝ «չի բացառում, որ շաբաթներ անց կը պարզուի, որ տիեզերք թռածը ոչ թէ հայկական արբանեակ է, այլ որեւէ արբանեակի մէջ Հայաստանի համար նախատեսուած ծառայութիւն»։

  12. Բիւրականի աստղադիտարանի տնօրէն Արեգ Միքայէլեանի կարծիքով  արբանեակը հայկական կոչելու համար ամբողջ կառավարումը եւ տուեալների հասանելիութիւնը միմիայն Հայաստանը պէտք է ունենայ, որի մասին կասկածում է մասնագէտը-«Մեծ հաւանականութեամբ՝ ոչ: Այսինքն՝ դա շտապ յայտարարութիւն է… Հաւանաբար, ես, իհարկէ, դեռ չպնդեմ, եկէք առաջ չընկնենք, բայց չի կարող այդպէս յանկարծ, մէկ էլ միանգամից պարզուի՝ Հայաստանը արբանեակ ունի» յայտարարել է Միքայէլեանը:

Նկատի ունենալով Վարչապետի կողմից անցնող տարիներին բազմիցս հնչած սուտերը և դրանց բացայայտուելը, լուրջ կասկածներ է առաջանում վարչապետի ամենավերջին աղմկալի յայտարարութեան հաւաստիութեան շուրջ:  «Հայկական Արբանեակ»ն էլ թւում է լինել ընդամէնը հերթական մի այլ բեմադրութիւն խեղդուող վարչապետի հաշուած օրերը քարոզչական դոպինգով մի քանի օր երկարաձգելու համար:

Share