2018-ին և 21-ին մոլորեցրեցիք, բայց 2026-ին է՛լ չի ստացուի․ Խաչատրեանը՝ Փաշինեանին

2018-ին և 21-ին մոլորեցրեցիք, բայց 2026-ին է՛լ չի ստացուի․ Խաչատրեանը՝ Փաշինեանին

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի ելոյթն ԱԺ-ում։

«Սիրելի հայրենակիցներ,

Կառավարութիւնն այս տարի էլ օրիգինալ չգտնուեց, որեւէ կերպ իրեն նեղութիւն չտուեց բացատրելու, թէ վերջիվերջոյ ի՞նչ ծրագիր է իրականացրել, որովհետեւ այս գրքոյկի ու այս գրքոյկի միջեւ որեւէ կապ չկայ։ Սակայն, Նիկոլ Փաշինեանը վերջապէս խոստովանեց, որ որեւէ կապ չկայ իրենց նախընտրական խոստումների ու կառավարութեան ծրագրի միջեւ։ Այսինքն, խոստացել են մի բան, բայց արել են մի այլ բան։ Կոպիտ ասած՝ խաբել են։ Իսկ ո՞վ է այս խաբեութեան մեղաւորը։ Ըստ Նիկոլ Փաշինեանի՝ ժողովուրդը։ Բառացի մէջբերում եմ․ «Եկեք ի վերջոյ խոստովանենք, որ 2021 թուականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական փսեւդոդաշնակցական ծրագիր, եւ մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մօտ։ Ժողւուրդն այդ ծրագիրը մի կողմ է դրել եւ մէզ պարտադրել է ուրիշ օրակարգ»։ Ներէցեք, դա ինչպե՞ս, էդ ո՞նց։ Այդ նոր օրակարգն ինչպե՞ս, ու՞մ կողմից եւ ե՞րբ ձեւաւորուեց ու ձեւակերպուեց, ու յանձնարարուեց, որ սա դնեք մի կողմ ու…ու անեք ի՞նչ։ Որովհետեւ, սա էլ սրա հետ ոչ մի առնչութիւն չունի։

Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինեանն ու իր թիմը ձեզ բազում խոստումներ է տալիս, ինչպէս տուել է 5 տարի առաջ։ Երկու օր առաջ խոստովանեց, որ դրանք չի կատարել ու չի կատարել…. որովհետեւ դուք չեք ուզել, այլ բան եք ուզել, դուք եք մեղաւոր բոլոր ձախողումների ու չիրականացուած խոստումների համար։ Այս ամէնից յետոյ, իմ մեղաւոր ժողովուրդ, էլի՞ եք պատրաստւում քուէարկել Նիկոլ Փաշինեանի օգտին։ Վստահ եմ, որ ոչ։

Սիրելի հայրենակիցներ,

Նիկոլ Փաշինեանն ու իր քաղաքական թիմն այսօր Հայաստանում ու նրա շուրջ ստեղծուած իրավիճակը համարում են խա-ղա-ղու-թիւն։ Դրա միակ հիմնաւորումն այն է, որ սահմաններին զոհեր չունենք։ Հարիւրամեայ պատերազմի օրերին էլ անգլիացիներն ու ֆրանսիացիներն ամէն օր չէին կռւում։ Պատէրազմի ժամանակ էլ կան «հանդարտ» տարիներ, երբ չկան մարտական գործողութիւններ։ Պատէրազմն աւարտւում է, երբ հանգուցալուծւում է պատերազմը ծնած խնդիրը։

Սիրելի հայրենակիցներ,

Պետք է ընդունենք, որ այս իրավիճակը խաղաղութիւն չի, որպէսզի ձգտենք իրական խաղաղութեան։ Խաղաղութեան, որը կապահովի հակամարտ կողմերի կենսական շահերի պաշտպանութիւնը, խաղաղութեան, որը կուերացնի ցեղասպանութեան հետեւանքները, աւելի պարզ՝ կապահովի էթնիկ զտման ենթարկուած արցախցիների հաւաքական ու անվտանգ վերադարձի իրաւունքի ապահւումը։ Սիրելի հայրենակիցներ, մենք դէմ ենք ոչ թէ խաղաղութեանը, ինչպէս փորձում է ներկայացնել իշխանութիւնների գեբելսեան քարոզչութիւնը, այլ դէմ ենք Նիկոլ Փաշինեանին ու նրա վարած քաղաքականութեանը հէնց այն պատճառով, որ նա ունակ չէ խաղաղութիւն հաստատել․․․

Սակայն, Նիկոլ Փաշինեանն ու իր թիմն այս խախուտ հրադադարը համարում են խաղաղութիւն ու դեռ փորձում են բացատրել, թէ ինչպէս եկան այս «խաղաղութեան»։ Նա ինքն իրեն հարց է տալիս, թէ ի՞նչ գնով «խաղաղութիւն» հաստատուեց։ Ու պատասխանում է. «Զոհերի ու զոհողութիւնների գնով, բազում զրկանքների եւ տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով»։ Պարոն Փաշինեան, Մովսեսը չէք, Դուք ժողովրդին դէպի աւետեաց երկիր չառաջնորդեցիք, Դուք ժողովրդին տարաք դէպի դժոխք, Դուք կործանեցիք Արցախի Հանրապետութիւնը, Դուք կործանեցիք Հայաստանի 3-րդ Հանրապետութիւնը, Դուք հազարաւոր ընտանիքների դժբախտացրեցիք։ Դուք Իւան Սուսանինն եք, այն տարբերութեամբ, որ Ձեր զոհը ոչ թէ զաւթիչներն էին, այլ սեփական ժողովուրդը։

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի դէմ «անյայտ» երկրի կողմից վարուող հիբրիդային պատերազմի դէմ բողոքօղ Նիկոլ Փաշինեանը այս տարուայ մարտի 11-ին Եւրախորհրդարանում յայտարարում է․ «1991 թուականին Հայաստանն ու Ադրբեջանը անկախացել են այն նոյն օրը, երբ Ալմայ-Աթայի հռչակագրով արձանագրուեց Խորհրդային Միութեան գոյութեան աւարտը։» Բայց հիմա ես չեմ ուզում անդրադառնալ Նիկոլ Փաշինեանի պատմական գիտելիքներին կամ պատմական ճշմարտութիւնները հերքելու, պատմութիւնն աղճատելու նրա սովորութեանը։ Ես ուզում եմ խօսել Նիկոլ Փաշինեանի քաղաքական հաւատամքի, արժէքային համակարգի մասին։ Նիկոլ Փաշինեանը փաստօրէն յայտարարում է, որ Հայաստանն անկախութիւն ստացաւ, երբ ստորագրեց Ալմայ Աթայի հռչակագիրը՝ հռչակելով, որ միանում է Ռուսաստանի նախաձեռնութեամբ ստեղծուած Անկախ Պետութիւնների Համագործակցութեանը։ Այսինքն, եթէ Հայաստանը Լիտուայի նման չմիանար ԱՊՀ-ին՝ անկախ չէր լինի՞, կամ եթէ Վրաստանի նման դուրս գայ ԱՊՀ-ից՝ կկորցնե՞ր իր անկախութիւնը։ Եւ ահա մի մարդ, ով համոզուած է, որ Հայաստանն անկախացաւ ոչ թէ ազգային ազատագրական պայքարի, ոչ թէ հանրաքուէի միջոցով ինքնորոշման իրաւունքի իրացման արդիւնքում, այլ միայն ու միայն ԱՊՀ-ին միանալու արդիւնքում մէզ այս ամբիոնից սովորեցնում է, թէ ինչ է անկախութիւնը, ինչ է պետականութիւնը։ Աշխարհ, կանգնի՛ր, իջնող կայ․․․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նիկոլ Փաշինեանը երկու օր առաջ, այս ամբիոնից դարձեալ հանրութեանը վախեցրեց, թէ եթէ ընդդիմութիւնը գայ իշխանութեան կը լինի պատերազմ։ Ու գիտե՞ք ինչպէս դա հիմնաւորեց։ Այ եթէ ուզէնաք վերաբանակցել, կը լինի պատերազմ։ Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինեանի, միջազգային յարաբերութիւններում չէն կարող լինել փոխզիջումային լուծումներ, լուծումներ, որոնք հակամարտութեան բոլոր կողմերին բաւարարէն։ Յենց հակամարտութեան կողմերից մէկն անհամաձայնութիւն յայտնի, կը լինի պատերազմ։ Միայն մէկ դէպքում է անհամաձայնութիւնը բերում պատերազմին։ Դա անուէրապահ կապիտուլեացիայի պահանջն է։ ՔՊ-ն երկիրը կանգնացրել է կապիտուլեացիայի պահանջի առաջ եւ դա ներկայացնում է որպէս խաղաղութիւն։

Նոր պատերազմի սպառնալիքը Նիկոլ Փաշինեանն ընտրութիւններում որպէս յաղթաթուղթ է օգտագործելու։ «Ես չլինեմ, չի լինի Հայաստանը»։ Ճիշտ նոյն մօտեցումն է, ինչ 2018-ին. «Ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենայ»։ Ու մենք դառնում ենք Նիկոլ Փաշինեանի գերին։ Նիկոլ Փաշինեանը չլինի, Ալիեւը կռիւ կը սկսի։ Ու դեռ զայրանում են, որ ասում ենք, որ Նիկոլ Փաշինեանն Ալիեւի սրտի վարչապետն է․․․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Իր ելոյթում Նիկոլ Փաշինեանը նշեց, թէ TRIPP նախագծի իրագործումը, Հայաստանը վերջնականօրէն դուրս կը բերի շուրջ 34-ամեայ շրջափակումից։ Ինչպէս օգոստոսի 9-ից սկսած եմ ասել, հիմա էլ եմ ասում․ որպէսզի Հայաստանն ապաշրջափակուի պէտք է գործեն Սադարակ – Երասխ, Իջեւան – Ղազախ, Գիւմրի – Կարս երկաթուղիները։ Այլապէս՝ ադրբեջանցիները կը ստանան միջանցք, իսկ Հայաստանը, որպէս «փոխադարձ առաւելութիւն», ընդամէնը սահմանափակ տրանզիտի հնարաւորութիւն։

Նիկոլ Փաշինեանը սա հրաշալի է հասկանում եւ դրա համար է ուռճացնում Ադրբեջանից գնուած եւ Վրաստանով Հայաստան ներմուծուած մի բաժակ բենզինի նշանակութիւնը։ Աւելին, նա մի քանի անգամ պնդել է, թէ Ադրբեջանի հետ յարաբերութիւնները ոչ միայն արտաքին ճակատի վրայ են խաղաղութիւն բերել, այլեւ բարելաւել են մեր ներքին կեանքը, օգնել լուծել տարիներով կուտակուած, բայց լուծում չստացած խնդիրները։ Փաշինեանը երկու օր առաջ յայտարարեց, թէ իբր ադրբեջանական նաւթամթերքի ներկրումն ի վերջոյ այն վերջին գործոնն էր, որի արդիւնքում իշխանութիւններն աւարտեցին նաւթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում օպերացիան։ Նոյն ընկերութիւնները, նոյն մասնաբաժինները շուկայում… բա էլ ի՞նչ մենաշնորհներ։ Հորմուզի նեղուցը փակուեց առաւելագոյնը մէկ ամիս առաջ, «ադրբեջանական» բենզինի վերջին խմբաքանակն, ըստ հրապարակուած տեղեկութիւնների, Հայաստան է մտել յունուարի 8-ին։ 1000 տօննայ AI 92, 1800 տօննայ AI 95 եւ 1000 տօննայ դիզ վառելիք։ Հո՞ այնքան էժան բենզին չէին բերել, որ մինչեւ հիմա սպառւում է ու սպառւում, բայց դեռ չի սպառուել վերջացել։ Սա ի՞նչ հեքիաթներ են։ Հայաստանի բենզինի տարեկան պահանջը մօտ 200,000 տօննայ է։ Ներմուծուած բենզինը, նախորդ տարուայ դեկտեմբերն էլ հաշուած, կրկնում եմ, մի բաժակ ջուր է ընդհանուրի հետ համեմատած։ Այնպէս որ հա՜յ մոնոպոլիայ, հա՜յ մաֆիայ, հա՜յ մարդ, հա՜յ աշխարհ, հա՜յ հեռախօս..․ Ուրեմն ինչու՞ է Նիկոլ Փաշինեանն ուռճացնում բենզինի եւ ընդհանրապէս ադրբեջանական գործոնի նշանակութիւնը ներքին կեանքի բարելաւման հարցում։ Չեմ բացառում, որ վաղն ասէն․ «Ադրբեջանցիներն օգնեցին յաղթելու հայկական ու միջազգային մաֆիային, ադրբեջանցի ոստիկաններն էլ կարող են օգնել պայքարել Հայաստանում կատարուող յանցագործութիւնների դէմ»։ Ու միգուցէ Հայաստանում տեսնենք ադրբեջանցի ոստիկանների։ Ճիշտ է, չէն ասել ումից, բայց ասել են, որ Ադրբեջանն է Հայաստանի անվտանգութեան երաշխաւորը, այնպէս որ չզարմանաք, որ վաղն էլ ասէն, թէ Հայաստանի անվտանգութիւնն ապահովելու համար մեր երկրում պէտք է ադրբեջանցի զինուորներ տեղակայուէն․․․

Չի լինելու։ 2018-ին մարդկանց մոլորեցրեցիք, 2021-ին մոլորեցրեցիք, 2026-ին էլ չի ստացուի․․․»

Share