«Փաստ» օրաթերթը գրում է.
Հետընտրական հետաքրքիր իրավիճակ է ստեղծուել Հայաստանում: Մի կողմից՝ ընդդիմադիր ուժերն ի ցոյց են դնում ընտրական խայտառակութիւններն ու դիմում են ՍԴ՝ ընտրութիւնների արդիւնքներն անուաւեր ճանաչելու պահանջով, միւս կողմից՝ սկսել են ընտրութիւնների ոչ լեգիտիմութեան եւ նոր ընտրութիւններ անցկացնելու անհրաժեշտութեան մասին խօսել նաեւ ՔՊ-ին կից սատելիտ (արբանեակ) ուժերն ու գործիչները:
Ընդդիմութեան դէպքում ամէն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ են ուզում նշեալ միաւորները: Եթէ հաշուի առնենք, որ նրանք ութ տարի է՝ տեղաւորուած են Նիկոլ Փաշինեանի ու ՔՊ-ի «տիրոյթում», պէտք է ենթադրել, որ նման մթնոլորտ ձեւաւորելը ձեռնտու է հէնց իշխող քաղաքական ուժին: Հասկանալի է, որ այդ սատելիտները վիճարկում են ոչ թէ կեղծուած ընտրութիւնները, ոչ թէ մանդատագողութեան փաստը, այլ ընդդիմութեան ներկայացուածութիւնը ԱԺ-ում՝ իբր «ընտրակաշառքների»՝ փաշինեանական կեղծ թեզերով: Հիմա շատ փորձագէտներ կարծիք են յայտնում, որ սրանով հող է նախապատրաստւում պատեհ պահի նոր ընտրութիւններ անցկացնելու համար (ՍԴ «անակնկալ» որոշմամբ, թէ յետագայում արտահերթ՝ կարեւոր չէ): Նման եզրահանգման համար հիմք են հանդիսացել այն քայլերը, որոնք իրականացնում է Նիկոլ Փաշինեանը: Ընդ որում՝ հապշտապ՝ դեռ ԿԸՀ որոշման «թանաքը չչորացած»: Դրանք ուղղուած են առաջիկայ ընտրութիւններին, իսկ եթէ Փաշինեանը նոր ընտրութիւնների չի գնում, ինչո՞ւ է այսքան շտապում: Խոսքը, մասնաւորաբար, կէս տարի Հայաստանում ապրածներին ընտրելու իրաւունք տալու նախագծի մասին է, եւ ոչ միայն: Զուգահեռաբար, Փաշինեանն ու իր քպականները խօսում են ընդդիմադիր ուժերը «փակելու», ընդդիմադիրներին «նստեցնելու» մասին: Այսինքն, ստացւում է, որ Փաշինեանը շտապում է ձերբազատուել հիմնական ընդդիմադիրներից, ստեղծել օրէնսդրական այնպիսի պայմաններ, որոնք չէն խանգարի իրեն, եւ գնալ նոր ընտրութիւնների:
Իսկ ինչի՞ն է նրան դա պէտք: Բանն այն է, որ առաջին հերթին նա մանդատների այսպիսի դասաւորութեամբ չի կարող ինքնուրոյն Սահմանադրութիւն փոխել եւ կատարել Ալիեւի պահանջը: Եւ, ընդհանրապէս, ակնյայտ է, որ ինքն ու իր ՔՊ-ն մեծամասնութիւն չէն ստացել, իրենց վրայ դրոշմուած է կեղծուած ընտրութիւնների կնիքը եւ այլն: Գումարած՝ այսօրուայ ընդդիմութիւնը, բնականաբար, ձեռնտու չէ իրեն, ուստի պէտք է այնպիսի խորհրդարան, որտեղ ինքը կ’ունենայ առնուազն 65 տոկոս քուէ, իսկ «ընդդիմութիւնը» կազմուած կը լինի իր արբանեակներից, այսինքն՝ ընդդիմութիւն չի լինի: Հաշուի առնելով, որ այդ սատելիտները, այսպէս կոչուած, արեւմտամէտներն են, պէտք է ենթադրել, որ դա էլ կարող է ԵՄ-ի եթէ ոչ գաղափարը լինել, ապա առնուազն հաւանութեանն արաժանանալ: Իսկ ժողովրդավարութիւնը վաղուց այլեւս որեւէ մէկին չի հետաքրքրում. միայն քաղաքական շահեր:
