Տեր Սերոբ քահանայ Ազարեանը ելոյթ է ունեցել Միացալ Նահանգների միջազգային կրնօական ազատութեան դաշնային յանձնաժողովին (USCIRF)՝ Հայաստանում կրօնական ազատութեան հարցերի եւ Հայ Առաքելական եկեղեցու դէմ հալածանքների վերաբերեալ։
Լոս Անջելես, Կալիֆորնիա

————
Յարգարժան յանձնակատարներ, USCIRF-ի պատուարժան անդամներ,
Այսօր ես ձեր առջեւ կանգնում եմ ոչ միայն որպէս Հայց. Առաքելական Ս. Եկեղեցու քահանայ՝ այլեւ որպէս Միացեալ Նահանգների բանակի ւէտէրան, որը պատուով ծառայել է այս երկրին: Ես ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանում ծաւալուող ճգնաժամին։ Մի ազգի՝ որը տասնեօթ դար շարունակ ճանաչւում է որպէս առաջին քրիստոնեայ ազգ: Վարչապետ Նիկոլ Փաշինեանի օրօք, Հայ Առաքելական Եկեղեցին այսօր բախւում է իր իսկ սեփական կառավարութեան կողմից համակարգուած հալածանքների: Սա ինչ որ քաղաքական անհամաձայնութիւն չէ: Սա բացայայտ կրօնական հալածանք է, որը պահանջում է ձեր ուշադրութիւնն ու գործողութիւնները:
Եկեղեցու առաջնորդների բանտարկութիւնը
Այս պահին, Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 4 աւագ հոգեւորականներ բանտարկուած են կամ տնային կալանքի տակ են։ Արքեպիսկոպոսներ՝ Միքայել Աջապահեանը, Բագրատ Գալստանեանը, Արշակ Խաչատրեանը եւ Մկրտիչ Եպս. Պռոշեանը, որոնք բոլորն էլ կարեւոր պաշտօններ են զբաղեցնում Եկեղեցում։ Նրանք բոլորը ձերբակալուել են կասկածելի մեղադրանքներով։ Այս հոգեւորականները յանցագործներ չէն։ Նրանք մեր ուղղափառ հաւատքի նուիրեալ հոգեւորականներն են։ Մարդիկ՝ ովքեր իրենց ամբողջ կեանքը նուիրել են իրենց ժողովրդի հոգեւոր բարօրութեանը, այժմ լռեցուած են իրենց եկեղեցին եւ ազգը պաշտպանելու համար։
Նորին Սրբութիւն Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բախւում է անդադար հալածանքների, հրապարակային զրպարտութեան եւ Փաշինեանի ռեժիմի ամենօրեայ հետապնդումների։ Կաթողիկոսը՝ ինչպէս իր նախորդները, որոնց սրբազան պաշտօնը առաջնորդել է աշխարհասփիւռ Հայ ժողովրդին օտարերկրեայ ներխուժման, Օսմանեան ցեղասպանութեան եւ Խորհրդային հալածանքների միջով, այսօր դիտարկւում է որպէս յաղթայարման ենթակայ խոչընդոտ, եւ մեկուսացման ենթակայ ձայն։
Բոլոր հոգեւորականների բանտարկութիւնների միջոցով ուղարկուած ուղերձը բացարձակ յստակ է. հակառակուէք իշխանութեանը, պաշտպանեք ձեր Եկեղեցու ամբողջականութիւնը՝ եւ դուք կպատժուէք, կբանտարկուէք կամ կը հալածուէք։
Սրբազան Սահմանների Խախտումը
Փաշինեանի կառավարութիւնը մտել է արգելուած տարածք՝ ուղղակիօրէն միջամտելով Եկեղեցու ծիսական եւ վարչական կեանքին: Ամէն կիրակի, քահանաների կամքին հակառակ՝ անձամբ Փաշինեանը եւ իր կառավարութիւնը փորձել են թելադրել թէ ինչ է յիշատակւում Սուրբ Պատարագի ընթացքում։ Ինչպէս են կատարւում աղօթքները։ Որ մասէրն են ասւում կամ բաց թողնւում։ Ով է եպիսկոպոս եւ ով՝ ոչ։ Եկեղեցին ինչպէս պէտք է իրականացնի իր ամենասուրբ գործառոյթները: Սա կառավարում չէ. սա սրբապղծութիւն է: Ո՛չ մի աշխարհիկ իշխանութիւն երբեք չպէտք է նման իշխանութիւն ունենայ կրօնական համայնքի հոգեւոր կեանքի վրայ: Բացի բանտարկուած հոգեւորականներից՝ վարչապետը հրամայել է, որ կաթողիկոսը եւ եւս վեց եպիսկոպոսներ չկարողանան դուրս գալ Հայաստանից Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար, այդ թւում՝ երկու ամերիկեան քաղաքացիութեամբ եպիսկոպոսներ՝ Հայկազուն արք. Նաջարեանը եւ Վահան եպս. Հովհաննիսեանը, որոնք Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամներ են: Սա անընդունելի՛ է:
Ամենացնցող ստով՝ վարչապետ Փաշինեանը Հայց. Առաքելական Եկեղեցու ցանկացած հոգեւոր քարոզ հրապարակաւ համեմատել է իսլամիստականահաբեկչութեան հետ: Մի ռոպէ կանգ առնենք եւ մտածենք այս զրպարտութեան լրջութեան մասին: Սա ա՛յն Եկեղեցին է, որը պահպանել է Քրիստօնէութիւնը անթիւ նահատակների գնով՝ իսլամական իշխանութիւնների 1400 տարուայ պատմութեան ընթացքում։ Անցել է 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան եւ եօթանասուն տարուայ Խորհրդային աթեիստականբռնաճնշումների միջով։ Այժմ այս Եկեղեցին, մեղադրւում է իսլամիստականծայրայեղականութեան մէջ, Հայաստանի սահմանադրական օրէնքները խախտող վարչապետի կողմից։ Սա ոչ միայն յիմարաբանութիւն է, այլ զրպարտութեան եւ անարգանքի միջոցներով Եկեղեցու իշխանութիւնը հակաօրինականացնելու հաշուարկուած եւ դիտաւորեալ աշխատանք է։
Այս իրադարձութիւնները մէզ յիշեցնում են Հայ Եկեղեցու գլխին հասած հալածանքի եւ արիւնալի այն տարիները՝ երբ 1938-ին Սուէտական ահաբեկչութեան ներքոյ՝ Խօրէն Ա Կաթողիկոսը սպանուեց բոլշեւիկների կողմից։ Հայաստանի Առաքելական Եկեղեցու հոգեւորականները ձերբակալուեցին, խոշտանգուեցին եւ մեծ մասամբ գնդակահարուեցին։ Եկեղեցիները թալանուեցին եւ պղծուեցին «գանձեր» որոնելու պատրուակով։ Նպատակը Եկեղեցու ինքնիշխան կրօնական ու բարոյական յենասիւն լինելու ոչնչացումն էր՝ եւ է։
Խղճի Հարց
Մի պահ պատկերացրեք, եթէ որեւէ ռաբբի բանտարկուեր, որեւէ Կաթոլիկ եպիսկոպոս բանտարկուեր, Անգլիկան եկեղեցու աւագ քահանայ մը ձերբակալուեր, կամ որեւէ իմամ կալանաւորուեր՝ բացառապէս իրենց հաւատքը կառավարութեան միջամտութիւնից պաշտպանելու համար: Միջազգային բուռն արձագանքը կը լինէր կտրուկ եւ անմիջական: Բանաձեւեր կ’ընդունուեին, պատժամիջոցներ կքննարկուեին, դիւանագիտականճնշումները պատշաճ կերպով կկիրառուեին:
Սակայն, երբ դա տեղի է ունենում Հայաստանում՝ արդէն մի քանի ամիս, երբ արքեպիսկոպոսները բանտարկուած են, երբ Վեհափառ հայրապետը զրպարտւում է, եւ նրա հետ՝ գրեթէ բոլոր եպիսկոպոսներին արգելւում է դուրս գալ երկրից, երբ Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկւում է համակարգուած յարձակման՝ ո՞ւր է աշխարհի արձագանքը: Ո՞ւր է ԱՄՆ-ի կամ արեւմտեան պաշտօնեաների վրդովմունքը: Լռութիւնը խլացուցիչ է, եւ բացայայտում է անընդունելի կրկնակի ստանդարտներ, կրօնական հալածանքների ճանաչման եւ դատապարտման հարցում:
Լռութիւնը յանցակցութիւն է
Կայ բարոյական սկզբունք, որը պէտք է առաջնորդի մեր արձագանքը. երբ հոգեւորականներ բանտարկւում են իրենց հաւատքի համար, երբ Կաթողիկոսը հրապարակային զրպարտումների եւ յարձակումների է ենթարկւում եւ հալածւում է, երբ կառավարութիւնը կոպտօրէն եւ չարաշահումներով միջամտում է Եկեղեցու պաշտամունքին եւ սրբազան խորհուրդներին, երբ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորականները անարդարօրէն մեղադրւում են շինծու մեղքերով եւ բանտարկւում են կեղծ դատավարութիւններով՝ լռութիւնը անարդարութիւն է: Լռութիւնը խոհեմութիւն չէ, եւ ընդունելի չէ: Լռութիւնը յանցակցութիւն է:
Հայաստանը համակարգուած կերպով քանդում է հէնց այն կրօնական ազատութիւնը, որը 17 դար շարունակաբար սահմանել է իր ազգային բնոյթն ու ինքնութիւնը: Սա ներքին քաղաքական հարց չէ, որ պէտք է քաղաքաւարիօրէն անտեսուի: Սա մարդու իրաւունքների, կրօնական ազատութեան, արժանապատուութեան եւ ինքնաւարութեան հիմնարար կոպիտ խախտում եւ չարաշահում է, որը պետութիւնը պարտական է իր բոլոր հաւատքի համայնքներին:
Միջազգային հանրութիւնը չի կարող անտարբեր մնալ, երբ կառավարութիւնը հալածում է հէնց այն Եկեղեցին, որը եղել է Հայ ազգի յենասիւնը, որը պահպանել է հայկական ինքնութիւնը դարաւոր նուաճումների, ցեղասպանութեան, օկուպացիայի եւ հալածանքների միջոցով, նոյնիսկ այն ժամանակ երբ Հայաստանը պետութիւն չուներ, որը վառ է պահել իր լեզուն եւ մշակոյթը երբ կայսրութիւնները փորձում էին դրանք ոչնչացնել:
Մեր սրբազան պատասխանատուութիւնը
Ես կոչ եմ անում այս յանձնաժողովին անյապաղ եւ վճռական գործողութիւններ ձեռնարկել.
- Խստագոյն ձեւով եւ հրապարակայնօրէն դատապարտել այս կոպիտ խախտումները: Պահանջել բոլոր բանտարկուած եպիսկոպոսների անյապաղ եւ անպայման ազատ արձակումը: Անուէրապահօրէն կոչ եմ անում դադարեցնել կառավարութեան միջամտութիւնը Հայց. Առաքելական Ս. Եկեղեցու ներքին, ծիսական եւ աստուածաբանական կեանքին:
- Հայաստանը կրօնական ազատութեան խախտումների համար յատուկ մտահոգութեանց ենթակայ երկիր ճանաչելու հարցը քննարկել, եթէ այս համակարգուած չարաշահումները շարունակուեն: Անմիջապէս շփուել Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Կաթողիկոսի եւ եկեղեցու այլ առաջնորդների հետ՝ այս հետապնդման ամբողջական ծաւալն ու օրինաչափութիւնը փաստաթղթաւորելու համար:
- Փաշինեանի ռեժիմին յստակացնել, որ այն երկրները, որոնք հետապնդում են Հայց. Առաքելական Եկեղեցուն, բանտարկում են նրա հոգեւորականներին եւ միջամտում են նրա վարչական, եկեղեցական եւ ծիսական կեանքին, չէն կարող ակնկալել, որ միջազգային ասպարէզում իրենց կուերաբերէն որպէս ազատութեան եւ ժողովրդաւարութեան պաշտպանների:
Կրոնական ազատութիւնը պետութեան նուէրը չէ. դա իրաւունք է՝ որը նախորդում է բոլոր կառավարութիւններին եւ կգոյատեւի բոլորից յետոյ: Կրոնական ազատութեան գործը կախուած է այն մարդկանցից՝ ովքեր պատրաստ են խօսել, երբ միւսները լռում են: Ես կոչ եմ անում ձեզ, խնդրում եմ, խօսեք հիմա՛: Գործեք հիմա՛: Որովհետեւ եթէ ոչ հիմա, ապա ե՞րբ: Եւ եթէ ոչ դուք, ապա ո՞վ: Շնորհակալութիւն։
Տ. Սերոբ քահանայ Ազարեան,
Լաս Վեգաս, Նեւադայ
