Ամերիկացի կոնգրէսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անյապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Այս մասին յայտնում է Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը (ANCA)։
Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի յանձնաժողւում նա փոփոխութիւն է առաջարկել Ներկայացուցիչների պալատի Դիւանագիտական ծառայութեան մասին օրէնքում (H.R. 9086), որը «կոչ է անում Ադրբեջանին անյապաղ եւ անուէրապահօրէն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու քաղբանտարկեալներին»։
Քաղաքական գործիչը յիշեցրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի եւ շուրջ 2 հազար տարի այնտեղ ապրող աւելի քան 100 հազար հայերի էթնիկ զտումների մասին: Նա մատնանշել է նաեւ համացանցում տարածուած այն կադրերը, որոնք փաստում են հայ գերիների արտադատական մահապատժի դէպքերը:
«Հաշուի առնելով այս ամէնը՝ չափազանց կարեւոր է, որ Միացեալ Նահանգները Բաքուից պահանջի անյապաղ ազատ արձակել բոլոր գերեւարուած հայերին», — յայտարարել է նա Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի յանձնաժողւում։
Շերմանը նաեւ նշել է, որ պատանդների ազատ արձակումն ուղղակիօրէն կապուած է Հարաւային Կովկասում խաղաղութիւն հաստատելու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադրած ջանքերի հետ։
«Քանի որ նախագահ Թրամփը շարունակում է Հարաւային Կովկասում տեւական խաղաղութեան ապահովմանն ուղղուած իր ջանքերը, հայ ռազմագերիների եւ քաղբանտարկեալների ազատ արձակումը կարեւոր քայլ կը լինէր այդ ճանապարհին», — յայտարարել է նա։
Առաջարկին կողմ է արտայայտուել յանձնաժողովի նախագահ, հանրապետական Բրայեան Մաստը։
Այժմ սպասւում է այս փոփոխութեան վերաբերեալ անուանական քուէարկութիւն։ Ընդունուելու դէպքում նախագիծը կփոխանցուի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։
Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը ողջունել է երկկուսակցական յանձնաժողովի այս որոշումը։
«Ադրբեջանում հայ պատանդների ապօրինի կալանաւորումը մարդու իրաւունքների իսկական ճգնաժամ է, ինչը Կոնգրեսից վճռական քայլեր է պահանջում: Մենք բարձր ենք գնահատում յանձնաժողովի նախագահ Մաստի աջակցութիւնը Շերմանի նախաձեռնութեանը եւգերիներին անյապաղ ու անուէրապահօրէն ազատ արձակելու հարցում յանձնաժողովի երկկուսակցական հաստատակամ դիրքորոշումը», – յայտարարել է Ամերիկայի Հայ դատի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը։
