ԱՄՆ-ի օգնութիւնն Ադրբեջանին աններելի եւ անընդունելի է. Բոբ Մենենդես

ԱՄՆ-ի օգնութիւնն Ադրբեջանին աններելի եւ անընդունելի է. Բոբ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ  Բոբ Մենենդեսը շեշտել է, որ ԱՄՆ-ի աջակցութիւնն Ադրբեջանին աններելի է եւ բարոյապէս անընդունելի: Ինչպէս «Արմենպրես»-ը տեղեկացաւ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովից՝ սենատորն այս մասին ընդգծել է յանձնաժողւում լսումների ժամանակ՝ ելոյթ ունենալով ԱՄՆ պէտքարտուղարի՝  Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնականի եւ ԱՄՆ պէտքարտուղարի՝ կովկասեան բանակցութիւնների գծով աւագ խորհրդականի առաջ:

Սենատորը նախ ընդգծել է, որ տարածաշրջանը խորը աշխարհաքաղաքական նշանակութիւն ունեցող հնագոյն խաչմերուկ է՝ որպէս կամուրջ Արեւմուտքի եւ Ասիայի սրտի միջեւ: Սակայն շատ յաճախ կայսերական նկրտումներ ունեցող բռնապետէրը Հարաւային Կովկասում ապրողներին զոհ են դարձնում՝ որպէս օրինակ նշելով Թուրքիայի կողմից աջակցութիւն ստացող  ադրբեջանական ագրեսիան հայերի դէմ: Նա յիշեցրել է, որ 2020 թուականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը մօտ հարիւր հազար հայերի ստիպել է լքել Լեռնային Ղարաբաղում իրենց տները։ Սենատորը խօսել է նաեւ էթնիկ զտումների սպառնալիքների մասին:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը բաւարար չի եղել, ահա, թէ ինչու ինքն աւելի շատ առաջ է քաշել մարդասիրական օգնութեան հարցը՝ օգնելու տուժածներին ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղում:  

«Բայց անհաւատալիօրէն մենք դեռեւս անվտանգային աջակցութիւն ենք ուղարկում Ադրբեջանին: Միացեալ Նահանգներն ինչպե՞ս կարող է հիմնաւորել Բաքուի ռեժիմին ցանկացած տեսակի աջակցութիւն՝ անվտանգային կամ այլ: Դա աններելի է: Անձամբ ես կարծում եմ, որ դա բարոյապէս անընդունելի»,-ասել է յանձնաժողովի նախագահը՝ յաւելելով, որ դա անարգանք է Ազատութեան աջակցութեան ակտին:

Այդ ակտի 907-րդ բաժինը կոչուած է արգելելու աջակցութիւնն Ադրբեջանին անվտանգութեան ոլորտում, քանի դեռ Բաքուն ակնյայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դէմ բոլոր տեսակի շրջափակումների եւ ուժի կիրառման սպառնալիքի վերացման ուղղութեամբ: Եւ, այնուամենայնիւ, Պետդէպարտամենտը կրկին ու կրկին հրաժարուել է 907-րդ բաժնի կասեցումից: Նա տեղեկացրել է, որ այն 600 000 դոլար է խնդրել 2022 ֆինանսական տարուայ համար՝ Ադրբեջանին միջազգային ռազմական կրթութեամբ եւ ուսուցմամբ ապահովելու համար։

«Ես կտրականապէս դէմ եմ, որ որեւէ օգնութիւն տրամադրուի այն ուժերին, որոնք յայտնի են պատերազմական յանցագործութիւններով եւ ագրեսիայով՝ հարեւան պետութեան դէմ»,-շեշտել է սենատորը:

Մենենդեսը յիշեցրել է դեռ ամիսներ առաջ տարածուած տեսանիւթերի մասին, որոնցում երեւում է, թէ ինչպէս են ադրբեջանական ուժերը սառնասրտօրէն սպանում անզէն հայ զինուորներին, նա նաեւ յիշեցրել է ադրբեջանցի զինուորականների կողմից հայ կին զինուորի նկատմամբ սեռական ոտնձգութիւնների եւ մատէրը, ոտքերը կտրելու մասին:

Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ օգնութիւնն ազդել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հաւասարակշռութեան վրայ։ «Ուստի ուզում եմ, որ դուք մէզ փոխանցեք Կոնգրեսի պահանջած բոլոր մանրամասները, որպէսզի մենք կարողանանք գնահատել ցանկացած օգնութիւն, որը ԱՄՆ-ն տրամադրում է Բաքուին: Ես դեռ յոյսէր ունեմ տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատման համար»,-ասել է Մենենդեսը՝ յոյս յայտնելով ներկաներից լսել, թէ ինչ կարող են անել Կովկասում խաղաղութեան համար՝ յատկապէս Հայաստանի վրայ վերջին յարձակումից յետոյ:

Սենատորը շեշտել է, որ Հարաւային Կովկասի տարածաշրջանում մարդիկ չէն ուզում ապրել  բռնութեան սպառնալիքի ներքոյ, չէն ցանկանում աւտօրիտար կառավարում, որը նրանց պարտադրւում է զէնքով:

«Նրանք արժանի են խաղաղ ապրելու։ Նրանք արժանի են ազատութեան եւ անվտանգութեան: Իսկ դա նշանակում է երաշխաւորել, որ խաղաղութեան պայմանագիրը չի յանգեցնի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան էթնիկ զտումների: Դա նշանակում է լուծել այնտեղ հումանիտար ճգնաժամի արդիւնքում առաջացած կարիքները: Դա նշանակում է պատասխանատուութեան ենթարկել նրանց, ովքեր պատուիրում եւ իրականացնում են այն բռնութիւնները, որ մենք տեսել ենք  տարածաշրջանում»,-ընդգծել է Մենենդեսը:

Share