«Միասնական՝ յանուն Արցախի» համահամայնքային հանրահաւաքն ու երթը տեղի կ՚ունենան նոյեմբերի 8-ին՝ Գլենդելում

«Միասնական՝ յանուն Արցախի» համահամայնքային հանրահաւաքն ու երթը տեղի կ՚ունենան նոյեմբերի 8-ին՝ Գլենդելում

ԳԼԵՆԴԷՅԼ, Կալիֆորնիա — Հարաւային Կալիֆորնիայի հայ համայնքը կոչ է արւում համախմբուել 2026 թուականի նոյեմբերի 8-ին՝ կիրակի օրը, մասնակցելու «Միասնական՝ յանուն Արցախի» համահամայնքային հանրահաւաքին, լուռ երթին եւ մոմավառութեանը՝ պահանջելով Ադրբեջանում պահուող հայ պատանդների ազատ արձակումը, բռնի տեղահանուած արցախահայութեան վերադարձի իրաւունքի ապահովումը եւ արդարութիւն Արցախի ժողովրդի համար։

Հաւաքը կը սկսուի երեկոյեան ժամը 5։00-ին՝ Գլենդէյլի Արցախի փողոցի եւ Բրոդուէյի խաչմերուկում, որին կը յաջորդի լուռ երթ դէպի Սուրբ Աստուածածին Հայ Առաքելական Եկեղեցի, որտեղ մասնակիցները կը համախմբուեն մոմավառութեան համար։

Միջոցառման նպատակն է համախմբել Հարաւային Կալիֆորնիայի հայութեանը՝ անկախ կազմակերպական պատկանելութիւնից, քաղաքական տարաձայնութիւններից կամ կրօնական դաւանանքից՝ համազգային ընդհանուր նպատակի շուրջ։ Հայկական բոլոր կազմակերպութիւնները, հաստատութիւնները, եկեղեցիները, դպրոցները, երիտասարդական խմբերն ու համայնքային միութիւնները հրաւիրւում են մասնակցելու եւ աջակցելու իրենց անդամների համախմբմանը։

Ադրբեջանի ռազմական յարձակումից եւ Արցախի հայ բնակչութեան բռնի տեղահանումից աւելի քան երեք տարի անց հայ պատանդների, վերադարձի իրաւունքի եւ Արցախի ապագայի չլուծուած հարցերը շարունակում են մնալ համազգային հրատապ առաջնահերթութիւններ։ Նոյեմբերի 8-ի հաւաքը նպատակ ունի վերահաստատելու, որ այս հարցերը չեն մոռացուել, եւ հայկական Սփիւռքը շարունակում է յանձնառու մնալ արդարութեան հաստատմանն ու Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեանը։

Կազմակերպիչներն ընդգծում են, որ «Միասնական՝ յանուն Արցախի» միջոցառումը համահամայնքային նախաձեռնութիւն է, որի նպատակն է ընդհանուր հարթակ ստեղծել հայկական կազմակերպութիւնների եւ անհատների միասնական մասնակցութեան համար։ Այն կազմակերպութիւնները, որոնք ցանկանում են պաշտօնապէս միանալ նախաձեռնութեանը որպէս համակազմակերպիչներ, կարող են կապ հաստատել Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահանգների շրջանի հետ՝ ayf@ayfwest.org հասցէով։

Հանրահաւաքը նաեւ հնարաւորութիւն կ՚ընձեռի երիտասարդ սերունդներին արտայայտելու իրենց յանձնառութիւնն Արցախի նկատմամբ, իսկ ամբողջ համայնքին՝ միասնական ուղերձ յղելու, որ հայ ժողովրդի՝ արդարութեան, պատասխանատուութեան եւ իրաւունքների վերականգնման պահանջները մնում են անփոփոխ։

Համայնքի անդամներին կոչ է արւում գրանցել իրենց մասնակցութիւնը, հրաւիրել ընտանիքի անդամներին ու բարեկամներին եւ աջակցել միջոցառման տարածմանը՝ իրենց կազմակերպութիւնների ու սոցիալական ցանցերի միջոցով։

Միջոցառման մանրամասները

  • Օրը՝ կիրակի, 8 նոյեմբերի, 2026 թ.
  • Ժամը՝ երեկոյեան 5։00-ին
  • Հաւաքի վայրը՝ Արցախի փողոցի եւ Բրոդուէյի խաչմերուկ, Գլենդէյլ
  • Ծրագիրը՝ համահամայնքային հանրահաւաք, լուռ երթ դէպի Սուրբ Աստուածածին Հայ Առաքելական Եկեղեցի եւ մոմավառութիւն
  • Մասնակցութեան գրանցում եւ տեղեկութիւններ՝ UnitedForArtsakh.org
  • Որպէս կազմակերպիչ միանալ ցանկացող կազմակերպութիւնների համար՝ ayf@ayfwest.org

Հայ համայնքին կոչ է արւում նոյեմբերի 8-ին զանգուածաբար մասնակցել հաւաքին՝ ցոյց տալու, որ Արցախը շարունակում է մնալ աշխարհասփիւռ հայութեանը միաւորող համազգային դատ։

Արցախը կայ։ Նրա ժողովուրդն ունի վերադարձի իրաւունք։ Նրա պատանդները պէտք է ազատ արձակուեն։

Share