Վերափոխել լռողների լռութիւնը

Վերափոխել լռողների լռութիւնը

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հայաստանեան այս աննորմալ վիճակը պահւում է ոչ թէ «ուխտաերթի» կազմակերպիչների կամ դրա մասնակիցների ուժի կամ պայքարողների ոչ բաւարար պայքարի շնորհիւ, այլ՝ լռողների լոութեան։

Մայր Աթոռում քացի տուողների քանակն աւելանալու էական պոտենցիալ չունի, տիրադաւների «պատարագներին» մասնակցողների քանակը՝ նոյնպէս։ Լաւ, ենթադրենք՝ աւելի ճնշեցին պետական համակարգին, մի շերտ էլ բերեցին. դրանից քիչ բան կփոխուի։

Սկզբունքային քաղաքացիական կեցուածք ունեցողների, հրապարակաւ պայքարողների շերտը նոյնպէս աւելանալու մեծ պոտենցիալ չունի։ Ով պիտի որոշեր, որ սա իր համար մարդկայնօրէն անընդունելի է, եւ ինքը չպէտք է լռի, արդէն վաղուց պայքարում է ։

Ու ձեւաւորուել է անոմալ ստատուս քուոյ, որի ընթացքում պետութիւնը մաշւում է, հանրային կեանքը՝ դեգրադացւում, ռիսկերն օր օրի մեծանում են։

Իրավիճակը հանգուցալուծելու են լռողները։ Լռողների լռութիւնը, շարունակուելու դէպքում, մեղսակցութեան է վերածւում։ Ի դէպ, մենք աններելի լռութեան մեծ փորձ ունենք. Արցախի շրջափակման ինն ամիսների մասին է խօսքը, երբ լռեց ոչ միայն լռութեան հասարակութիւնը, այլեւ՝ դրան արթնացնելու կոչուած վերնախաւերը։

Իմ խորին համոզմամբ, լռողների հասարակութեան մէջ զգալի տոկոս են կազմում նորմալ, պարկեշտ մարդիկ, որոնց համար նոյնպէս կատարուողը այլանդակութիւն է։ Լռողների հասարակութիւնն ընտրութիւնների ժամանակ ստանում է փայլուն հնարաւորութիւն՝ լուռ, առանց իրենց համար աւելորդ ռիսկի կատարել իրենց մարդկային քայլը՝ պարզապէս քուէարկել փոփոխութեան օգտին։

Բայց յոյսը դնել միայն մէկ օրուայ վրայ, մեծագոյն սխալ է։ Լռողների վերափոխումը պահանջում է քաղաքական մենեջմենթ։ Լռողների սոցիալական շերտերին պէտք է տալ, առաջարկել մասնակցութեան (ասել է թէ՝ չլռելու) տարբերակներ։ Իրական լիդերութիւնը հէնց դա է՝ կարողանալ կոտրել լռողների լռութիւնը։ Այլապէս, միայն համակիրների կամ ակտիւ հանրային շրջանակներում դիրքաւորուելը մեծ արդիւնք չի տա։ Բոլորն էլ գիտէն, որ հարիւր հազարաւոր հայկական ընտանիքներում վերջին բառերով են խօսում եկեղեցու դէմ տարուող արշաւի մասին, բայց ակտիւ պայքարի շարքերը մնում են նոյնը։ Այս պարադօքսի լուծումը ճիշտ մենեջմենթի մէջ է։

Share