Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղութեամբ

Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղութեամբ

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Այսօր հերթական հրէշաւոր բանը կատարուեց մեր կեանքում։ Գործող վարչապետը շարունակեց Ալիեւի վերջին ասածները` սեփական ժողովրդին սպառնալով աշնանը հերթական պատերազմով։
Իհարկէ, պեռաժկին, ձգուելը, սիբեխը եւ այլ ապուշութիւն հանրային կեանքում աւելի կարեւորուեցին. ցաւօք, սա է մեր այսօրուայ լրջութիւնը, բայց իրականում շատ վտանգաւոր մի պրոցեսի սկիզբ դրուեց այսօր։

Երաշխաւորուած խաղաղութեան ընդհանրական պատկերացումով ընտրութիւնների գնացող ընդդիմութեանը մեղադրել պատերազմի կուսակցութիւն լինելու մէջ` նշանակում է օգնել Ալիեւին մինչեւ ընտրութիւնները նորանոր պահանջներ ու պայմաններ առաջ քաշել, ու ասել. «ես, միայն ես եմ պատրաստ դրանք անելու»։ Կտեսնեք, որ դրանք չէն ուշանայ։

Ամենայարմար պահն է ընդդիմադիր ուժերի միասնական պատասխանի համար։ Սեփական հանրութեանը յստակ ուղերձ յղելն է միասնութիւնը, համախմբումը, պետական մտածողութիւնը։ Ցաք ու ցրիւ պատասխանները չունեն բաւարար ուժ չէզոքացնելու գործող վարչապետի հրէշաւոր ծուղակը։

Եթէ այս իշխանութիւնը վերարտադրուեց, ապա իր նշած ժամկէտներում, աշնանը նա ասելու է հետեւեալը.

  1. Եթէ չփոխենք սահմանադրութիւնը, ապա լինելու է պատերազմ։
  2. Եթէ չհամակեպուենք 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալուն, լինելու է պատերազմ։
  3. Եթէ Սեւանի մի ափը չզիջենք Ադրբեջանին, լինելու է պատերազմ։
  4. Եթէ չանենք Ալիեւի հերթական որեւէ այլ պահանջ, լինելու է պատերազմ։

Ասելու է ու գնայ անհոգ սիբեխ ուտելու, ինչպէս այսօր։
Վստահաբար այդպէս է լինելու։ Եւ այսօր սա պէտք է տեղ հասցնել սեփական հանրութեանը, որ սեպտեմբերին չկանգնենք հերթական աղէտի առաջ։

Մեր ժողովուրդը ցաւօք ո’չ 2020-ին հասկացաւ, թէ իրեն ուր են տանում, ո’չ 2021 –ին, թէ իրեն ինչ է սպասում, ու հիմա՝ 2026-ին, կայ որոշակի հաւանականութիւն, որ նոյնիսկ այսքանից յետոյ չհասկանայ, թէ իրեն ինչ է սպասում ընդամէնը ամիսներ անց։
Ընդդիմութիւնը կը դառնայ միասնական, ընդդիմութիւնը կ’ունենայ իմաստ, եթէ սեփական ժողովրդին հանի պատերազմով վախեցնելու եւ խաղաղութեամբ սպառնալու` նիկոլական ծուղակից։

Share