Հացի թթխմորը

Հացի թթխմորը

Անի Մելքոնեան

Պատահաբար յիշեցի 14 տարի առաջ՝ ԱԺ ընտրութիւնների ժամանակ արձանագրուած մի դէպք։

Այդ ժամանակ դեռ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան դիմումագիր էի եւ, բնականաբար, ընտրութիւնների քարոզարշաւի շրջանում փորձում էի մարդկանց բացատրել, թէ ինչո՞ւ պէտք է ՀՅԴ-ին ձայն տալ։ Նրանցից մէկն ասաց. «Լա՛ւ, այդ ամէնը հասկացանք, բայց մէկ ձայնի համար ինչքա՞ն էք տալու»։ Ասացի՝ ոչ մի կոպէկ։

Զարմացաւ։

Բացատրեցի, որ մեր ընտրազանգուածը մեզ համար գլխաքանակ կամ էլ ապրանք չէ, որ գնենք։ Ասացի՝ փողով քուէարկող քաղաքացուն, երբ նրա ընտրած քաղաքական ուժը (յատկապէս եթէ իշխանութիւն է) պատերազմի ժամանակ կոչ անի գնալ ու պաշտպանել հայրենիքը, նա չի գնայ, մինչեւ փող չտան, որովհետեւ դրան է սովոր։ Փողով ընտրողը թէ՛ ղեկավար ընտրելիս, թէ՛ հայրենիքի ու պետութեան նկատմամբ վերաբերմունքում, թէ՛ սեփական պատմութեան ու մշակոյթի վերաբերեալ հարցերում, թէ՛ Արցախի ու Ցեղասպանութեան հարցերում միշտ առաջնորդուելու է «մէջը փող կա՞յ, թէ՞ չէ» սկզբունքով։

Իսկ ՀՅԴ-ն նման ընտրազանգուած չի ուզում։ ՀՅԴ-ի ընտրազանգուածը նրա յենարանը պէտք է լինի ոչ միայն սոցիալական անարդարութեան, միահեծան իշխանութեան, արատաւոր երեւոյթների դէմ պայքարում, այլ նաեւ հայրենիքի, ազգային իրաւունքների պաշտպանութեան ու պետութեան անվտանգութեան ապահովման գործում։ Եւ ՀՅԴ ընտրազանգուածը կաշառուող, վախեցող, ծախուող, երկչոտ ու շահախնդիր չի կարող լինել, որովհետեւ այդ զանգուածի համար ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԸ միշտ ստորադասւում է հանրային (ազգային, պետական, ընկերային) շահին․․․

14 տարի անց, փա՜ռք Աստծոյ, կրկին համոզուեցի, որ նոյնիսկ շատ երիտասարդ տարիքում ճիշտ էի ընկալել ու հասկացել Դաշնակցութեան «փոքր» (մօտ 6-10%) ընտրազանգուածի բնոյթն ու հոգեբանութիւնը, որը, փա՜ռք Աստծոյ, խորթ չէ ինձ եւ պատիւ կը բերէր ցանկացած քաղաքական ուժի (իսկ այդ թուի մեծացումը բխում է ոչ թէ Դաշնակցութեան կուսակցական, այլ Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ազգի շահերից)։

Իսկ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրութիւնների մասով կարող եմ միայն ասել, որ լինելով «ներսի մարդ»՝ շատ լաւ գիտեմ, թէ անցած 8 տարիներին ընդհանրապէս եւ վերջին 6 տարիներին մասնաւորապէս Դաշնակցութիւնն ինչերի միջով է անցնում։

Եւ որքան Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանութիւնը, որքան թուլանում է ու յայտնւում արտաքին թշնամու ազդեցութեան տակ, այնքան խստանում են հալածանքները ՀՅԴ-ի նկատմամբ։

Չնայած հալածանքներին, ճնշումներին, շինծու քրէական գործերին, սպառնալիքներին, պետական մակարդակով ՀՅԴ-ի դէմ տարուող ատելութեան ու թշնամանքի քաղաքականութեանը՝ Դաշնակցութիւնը փաստացի պահպանել է իր կշիռը։

1990-ականներից յետոյ, վերջին 6 տարիներին գտնուելով գործելու համար ամենադժուարին պայմաններում, ՀՅԴ-ն սեփական դէմքով 4 խոշորացուած համայնքներում մասնակցեց ՏԻՄ ընտրութիւններին ու ոչ միայն յաղթահարեց անցողիկ շեմը, այլեւ ստացաւ անցողիկից աւելին։

Ծաղկաձոր՝ 15,4%
Մարտունի՝ 11,2%
Արտաշատ՝ 10,6%
Հրազդան՝ 9,6%

Կ՚ասէք՝ քի՞չ է։ Այո՛, քիչ է, բայց ցաւօք սրտի ՀՅԴ ընտրազանգուածը յետխորհրդային Հայաստանում գրեթէ երբեք այնքան մեծ չի եղել, որ նրան իշխանական լծակներ տար։ Եւ պատճառը միայն ու միայն այն է, որ ՀՅԴ ընտրազանգուածը ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ է՝ հասարակութեան այն փոքրիկ, բայց շատ կարեւոր հատուածը, որը ոչ մի իշխանութեան ճնշումից, ոչ մի թշնամու յարձակումից չի վախենում, չի փոխում իր արժէհամակարգը, սկզբունքներն ու ՆՊԱՏԱԿԸ։

Յայտնի խօսք է. «Յանուն ընտանիքի իրենց զոհաբերում են շատերը, յանուն հայրենիքի՝ քչերը, յանուն գաղափարի՝ եզակիները»։

Այդ եզակիներն են հէնց, որ իւրաքանչիւր պահի Դաշնակցութեան մէկ կոչով կարող են յայտնուել բարիկադների վրայ, առաջին գծում եւ այնտեղ, ուր կ՚առաջնորդի նրանց Դաշնակցութիւնը։ Հէնց դրա համար էլ այդ եզակիներին չեն կարող կաշառել, վախեցնել, սպառնալ, լռեցնել (նոյնիսկ ապօրինի կալանքներով ու շինծու քրէական գործերով)։

Եւ այս տեսակը, ցաւօք սրտի, հայ հասարակութեան մէջ քիչ է ու դեռեւս իր փոքրաթիւ լինելու պատճառով նրա ձայնը լսելի չէ։ Բայց հէնց այս ԵԶԱԿԻ տեսակի շնորհիւ է մեծապէս, որ դեռ Հայաստան գոյութիւն ունի։ Այս տեսակն է, որ վերջին 136 տարիներին եղել է ու շարունակելու է լինել Հայաստանի գոյութեան վէմն ու սիւնը։

Այս տեսակը կարող է չլինել (ու մեծապէս չէ) Դաշնակցութիւն կուսակցութեան անդամ, բայց նա ի ծնէ դաշնակցական է՝ սովորաբար իր կողքին ապրողներից շատերի նախանձի, ատելութեան, թշնամանքի ու չարութեան թիրախը՝ նրանցից տարբե՛ր, աւելի բարձր արժէհամակարգ ունենալու համար․․․

Ո՛չ թէ հաւաքած տոկոսների (շատ ու քիչ՝ էական չէ), այլ Դաշնակցութեան նկատմամբ չսասանուող ՎՍՏԱՀՈՒԹԵԱՆ եւ իրենց տեսակի գոյութեան համար շնորհակալ եմ ՀՅԴ իւրաքանչիւր ընտրողի։

Ապրե՛ք, որ կաք, որ ամէն հալածանք, հետապնդում ու դժուարութիւն արժանապատուութեամբ էք կրում՝ հաւատարիմ մնալով ձեր տեսակին։

Փա՜ռք Աստծոյ ՀԱՅԻ այս տեսակի գոյութեան համար։

Կեցցէ՛ք, որ Հայաստանի ճակատագրին ու հայոց պատմութեանը տէր լինելը ձեր ուսերին ոչ թէ որպէս բեռ էք կրում, այլ որպէս պատիւ ու պարգեւ։

Ես գիտեմ՝ մեզ դեռ շատ դժուար օրեր են սպասւում թէ՛ արտաքին, թէ՛ ներքին թշնամու դէմ պայքարում, բայց նաեւ գիտեմ, որ մենք, որքան էլ սակաւաթիւ լինենք, ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ ու մեր յետեւից տանելու ենք նաեւ մեր ժողովրդի հայրենասէր, բայց ոչ այնքան համարձակ տեսակին։

Ու մի օր, ոչ շատ հեռու ապագայում, մեր հայրենիքը մաքրելու ենք մոլախոտերից․․․ Եւ գուցէ (աւելի ճիշտ՝ հաստատ) տասնամեակներ անց (որ այս օրերը գալու են, դոյզն իսկ չեմ կասկածում) հէնց ՀՅԴ-ն մեզ կ՚առաջնորդի դէպի ՄԵԾ ու ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ։

Լեռ Կամսարը հէնց այնպէս չէր ասում. «Դաշնակցութիւնն ինքը հայ ժողովուրդն է՝ իր անխախտ համոզումով․․․»։

Հ.Գ. Բազմիցս ասել եմ ու կրկնում եմ. քանի Դաշնակցութիւնը կայ՝ ՅՈՅՍ էլ կայ։

Share