Քլենդելի Քաղաքապետ. Տեղեակ չենք՝ քանի հայ է ձերբակալուել, դաշնային իշխանութիւնները մեզ հետ չեն համագործակցում

Քլենդելի Քաղաքապետ. Տեղեակ չենք՝ քանի հայ է ձերբակալուել, դաշնային իշխանութիւնները մեզ հետ չեն համագործակցում

Քաղաքային իշխանութիւնները չեն կարող միջամտել դաշնային իրաւապահների աշխատանքին, NEWS.am-ի հետ զրոյցում յայտնել է Գլենդէյլի քաղաքապետ Արտաշէս Քասախեանը՝ անդրադառնալով հայաշատ քաղաքում դաշնային ներգաղթային մարմինների կողմից իրականացուող ստուգումներին ու ձերբակալութիւններին, որոնք վերջին օրերին մտահոգութիւն են առաջացրել տեղի հայ համայնքի շրջանում։

Քասախեանի խօսքով՝ քաղաքային իշխանութիւնները չեն համագործակցում դաշնային կառավարութեան հետ ներգաղթային գործողութիւնների իրականացման հարցում եւ իրաւասու չեն միջամտելու դրանց։ Դաշնային գործակալները, ըստ քաղաքապետի, տարբեր ժամանակահատուածներում գործողութիւններ են իրականացրել ոչ միայն Գլենդէյլում, այլեւ Կալիֆորնիայի եւ Միացեալ Նահանգների այլ համայնքներում։

Նրա խօսքով՝ հիմնական խնդիրներից մէկն այն է, որ բնակիչները յաճախ չեն կարողանում հասկանալ, թէ ում են թիրախաւորում ներգաղթային գործողութիւնների ընթացքում։ Քաղաքապետը նշել է, որ ձերբակալութեան են ենթարկւում նաեւ մարդիկ, որոնք ապաստան են հայցում կամ մշտական բնակութեան կարգավիճակ ստանալու գործընթացում են։

«Մարդիկ, որոնք ականատես են լինում այդ գործողութիւններին, չեն կարող տարբերել, թէ կոնկրետ ով է ձերբակալւում, եւ թափանցիկութեան պակասը մեծ անհանգստութիւն ու մտահոգութիւն է առաջացնում»,– ընդգծել է Քասախեանը։

Գլենդէյլի քաղաքապետն ասել է, որ իրենք տեղեկութիւն չունեն, թէ ներգաղթային գործողութիւնների շրջանակում քանի հայ է ձերբակալուել։

«Նման տուեալներ մենք չունենք, քանի որ չենք համագործակցում դաշնային կառավարութեան հետ, եւ նրանք էլ մեզ հետ չեն համագործակցում այս հարցերի շուրջ։ Սա հիասթափեցնող է մեզ համար»,– յաւելել է նա։

Share