Ռուսաստանը եւ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) միւս անդամ երկրները Հայաստանի ամենահուսալի դաշնակիցներն են, սակայն Երեւանը վտանգում է կորցնել նրանց։ Նման կարծիք է յայտնել ՌԴ սենատոր Վլադիմիր Ջաբարովը։
Չորեքշաբթի օրը ՀԱՊԿ անդամ երկրները որոշում են կայացրել Հայաստանի նկատմամբ կիրառել կազմակերպութեան կանոնադրութեան 25-րդ յօդուածը, որը նախատեսում է ձայնի իրաւունքից զրկում։
ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը յայտարարել է, որ Հայաստանը կարող է վերականգնել իր մասնակցութիւնը կազմակերպութեան աշխատանքներին՝ անդամավճարների պարտքի մարման հարցը լուծելուց յետոյ։ Միեւնոյն ժամանակ, վերջնական որոշումը Հայաստանի իշխանութիւնների իրաւասութեան շրջանակում է։
Ջաբարովի կարծիքով՝ Հայաստանի իշխանութիւնները ձգձգում են արտաքին քաղաքական հետագայ ուղեգծի յստակեցումը, քանի որ մինչեւ տարեվերջ պէտք է որոշում կայացնեն Եւրամիութեանն անդամակցելու կամ Եւրասիական տնտեսական միութեան կազմում մնալու հարցով հանրաքուէ անցկացնելու վերաբերեալ։
«Կարծում եմ՝ Հայաստանի ներկայիս ղեկավարութիւնը կրակի հետ է խաղում, քանի որ այդպիսով կարող է կորցնել իր ամենահաւատարիմ եւ վստահելի, բնական դաշնակիցներին՝ ի դէմս Ռուսաստանի եւ ՀԱՊԿ միւս երկրների»,– յայտարարել է սենատորը։
Մեկնաբանելով Երեւանի նկատմամբ կազմակերպութեան որոշումը՝ Ջաբարովը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները գործել են կազմակերպութեան կանոնադրութեանը համապատասխան։
«Հայաստանը ցուցադրաբար չի մասնակցում որեւէ միջոցառման, անդամավճարներ չի վճարում։ Անընդհատ յայտարարում են, որ, իրենց կարծիքով, արդէն իսկ դուրս են եկել ՀԱՊԿ-ից, թէեւ այդ մասին պաշտօնական դիմում չի ներկայացուել»,– եզրափակել է ռուսաստանցի խորհրդարանականը։
