ՀՀ կառավարութիւնը խոչընդոտում է Սփիւռքի լոբբիստական աշխատանքներին. Գեւորգ Ղուկասեան

ՀՀ կառավարութիւնը խոչընդոտում է Սփիւռքի լոբբիստական աշխատանքներին. Գեւորգ Ղուկասեան

Գեւորգ Ղուկասեանի հարցազրոյցը Alpha Newsroom-ին

Այսօր ՀՀ կառավարութեան օրակարգը գրեթէ 100%-ով հակասում է սփիւռքեան ուղենիշներին: Alpha Newsroom-ի ուղիղ եթերում նման կարծիք է յայտնել Հայ դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանը:

«Այսօր պետութեան եւ Սփիւռքում քաղաքական գործունէութիւն իրականացնող կազմակերպութիւնների միջեւ յարաբերութիւնները չափազանց վատ են, եւ ըստ էութեան, Սփիւռքն առաջնորդւում է իր քաղաքական օրակարգով, քանի որ ՀՀ կառավարութեան ունեցած օրակարգը գրեթէ 100%-ով հակասում է սփիւռքեան ուղենիշներին: Այս պարագայում, մէզանում Սփիւռքի ներուժը հնարաւորինս չի կապիտալիզացւում»,- ասել է Գեւորգ Ղուկասեանը:

Ղուկասեանը, միեւնոյն ժամանակ, ընդգծել է, որ չպէտք է թերագնահատել Սփիւռքի աշխատանքները: Նրա խօսքով՝ բացառութեամբ մէկ-երկու դէպքերի, ՀՀ դեսպանատները Հայ Դատի յանձնախմբերի գրասենեակների գործունէութեանը չէն խոչընդոտում, փոխարէնը, Հայաստանի կառավարութիւնն իր քաղաքական յայտարարութիւնների մակարդակով է նրանց խանգարում:

Ի պատասխան հարցի՝ արդեօ՞ք Սփիւռքում հայկական լոբբինգով զբաղուող կազմակերպութիւնները պէտք է վերաձեւակերպէն իրենց ռազմավարութիւնը, մեթոդները՝ հաշուի առնելով ստեղծուած վիճակը, Ղուկասեանը ասել է, որ Հայ Դատի յանձնախմբերը 2020 թուականի պատերազմից յետոյ արդէն իսկ փոխել են իրենց մօտեցումները, քաղաքական առաջադրանքները եւ սկսել զբաղուել այնպիսի հարցերով, որոնք հայկական լոբբի համար այդ ժամանակ նորութիւն էին:

«Հետպատերազմեան շրջանում մենք առաջ քաշեցինք օրինակ՝ ռազմագերիների վերադարձի ապահովման հարցը, դեօկուպացիայի խնդիրների բարձրաձայնումը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան դէմ պատժամիջոցների կիրառման նախաձեռնութիւնը եւ Արցախի ժողովրդի ինքորոշման իրաւունքի պաշտպանութեան հարցը միջազգային քաղաքական դիսկուրս վերադարձնելը: Վերջինը մեր պայքարում այժմ առաջին տեղն է զբաղեցնում», — շեշտել է Գեւորգ Ղուկասեանը:

Alpha News-ի խնդրանքով՝ Հայ դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատուն նաեւ թուարկել է այն երկրների անունները, որտեղ կայ հայկական համայնք, սակայն ՀՀ իշխանութեան աշխատանքի բացակայութեան պատճառով Սփիւռքի ներուժը չի օգտագործւում ու չի ռեալիզացւում՝ ինչպէս հարկն է:

«Աշխատանքներ կան տարուելու Գերմանիայում, որտեղ մեծ է Թուրքիայի ազդեցութիւնը, Իսպանիայում, որը Ադրբեջանի հետ ունի ռազմաքաղաքական առեւտրային յարաբերութիւններ: Այդ հանգամանքից բացի, Եւրոպական խորհրդարանի սոցիալիստական ֆրակցիայում գերակշռում է իսպանական մասը, ֆրակցիայի ղեկավարը իսպանացի է, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը նոյնպէս ազգութեամբ իսպանացի է»,- նշել է Ղուկասեանը եւ յաւելել, որ Իսպանիան այժմ Եւրոպայի քաղաքան վարքի վրայ մեծ ազդեցութիւն ունեցող պետութիւննեից է:

Մանրակրկիտ աշխատանք պէտք է տանել նաեւ Իտալիայի հայկական համայնքի հետ: Նրա գնահատմամբ՝ բաւականին ակտիւ աշխատողներից է Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը: Վերջերս ադրբեջանական ֆինանսաւորմամբ բելգիական թերթերը ողողուել էին գրասենեակի ղեկավար Գասպար Կարապետեանի նկատմամբ հիւանդագին եւ կեղծ պնդումներով, որոնց յաջորդել են դատական գործընթացներ:

Մանրամասները՝ տեսանիւթում:

Share