Դուք մէկ փորձ եւս արեցիք` նսեմացնելու սփիւռքեան մեր աւանդական կառոյցների առաքելութիւնը. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը` Սինանեանին

Դուք մէկ փորձ եւս արեցիք` նսեմացնելու սփիւռքեան մեր աւանդական կառոյցների առաքելութիւնը. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը` Սինանեանին

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՍԵՐՈՎԲԵ եպիսկոպոս ԻՍԱԽԱՆՅԱՆԸ դիմել է Սփիւռքի հարցերով գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանին:

«Յարգարժան պարոն Սինանեան,

Այսօր պատահաբար աչքիս ընկաւ Ձեր գրասենեակի ֆեյսբուքեան էջում տեղադրուած գրութիւնն ու նկարները, որոնցով ծանուցում եք, որ Գերմանիայի Քեոլն քաղաք Ձեր այցելութեան ընթացքում հանդիպել եք նաեւ Քեոլնի քաղաքապետ տիկին Յենրիետէ Ռեքերի հետ։

Բնականաբար Դուք ազատ եք հանդիպել ում հետ ուզում եք։ Բարով եք հանդիպել։ Սակայն, եթէ որեւէ պաշտօնատար անձի հետ հանդիպման ընթացքում Ձեր քննարկելիք հարցերն ուղղակի առնչւում են նաեւ Սփիւռքի, այս պարագայում Գերմանահայ համայնքի եւ մասնաւորաբար՝ Քեոլնի Հայ Համայնքի, ներքին հարցերին, հայապահպանման խնդիրներին, դիմագրաւած մարտահրաւէրներին, նախընտրելի ու սպասելի է, այդ հարցերը նախ քննարկել այդ կառոյցների պատասխանատու անձերի հետ, անմիջականօրէն լսել նրանց, ծանօթանալ առկայ խնդիրներին, թերեւս նրանց ներգրաւել նաեւ հանդիպման մասնակիցների ցանկում։



Ձեր հրապարակած հաղորդագրութեան մէջ բառ կամ ակնարկ անգամ չկայ այն մասին, որ թեմակալ առաջնորդը արծարծեց նաեւ իշխանութիւն-եկեղեցի փոխյարաբերութիւններին վերաբերող հարցեր, իր մտահոգութիւնն ու քննադատութիւնն արտայայտեց «Հայ Եկեղեցու Պատմութիւն» առարկան դպրոցական ծրագրից հանելու առնչութեամբ, քննադատեց Հայաստանի ներկայ իշխանութիւնների Սփիւռքի հետ յարաբերութիւններ մշակելու եւ սփիւռքեան աւանդական կառոյցներն անտեսելու գործելաոճը, Արցախի հարցում զիջողական ու պարտուողական քաղաքականութիւնը

Իսկ Դուք գալիս եք Քեոլն, որտեղ գտնւում է Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդարանը եւ Գերմանիայի ամենամեծ հայ համայնքը։ Հանդիպում եք թեմակալ առաջնորդին, Քեոլնի հոգեւոր հովուին, թեմական խորհրդի անդամներին, որոնցից ոմանք նաեւ Քեոլնի հայ համայնքի ներկայացուցիչներ են։ Աւելի քան մէկ ժամ զրուցում եք վերոյիշեալ ներկաների հետ։ Ձեր մտքի ծայրով սակայն չի անցում նրանց տեղեկացնել, որ նախատեսուած է նաեւ Ձեր հանդիպումը Քեոլնի քաղաքապետի հետ։ Չեմ կարծում, թէ տիկին քաղաքապետի հետ հանդիպումը հանպատրաստից էր, Քեոլն էիք եկել եւ մտածեցիք՝ «ձեռի հետ մի հատ էլ քաղաքապետին հանդիպել, բարեւ-բարի լոյս անել»։ Փորձ անգամ չեք կատարում՝ ուղղակի մէզնից իմանալ մեր խնդիրների ու մարտահրաւէրների մասին, բայց գնում եք քաղաքապետի մօտ եւ նրա մօտ «անդրադարձ կատարում Քեոլնի հայկական համայնքին՝ նշելով, որ համայնքի ներկայացուցիչներն ակտիւ եւ էական դեր ունեն երկու երկրների հասարակական կեանքում եւ երկու ժողովուրդների մերձեցման գործում» եւ ապա՝ «յատկապէս կարեւորում հայերենի պահպանման հարցը եւ դիմում քաղաքապետին՝ քննարկելու Քեոլնի հանրային դպրոցներում սովորող հայազգի դպրոցականների համար հայերենի դասաժամի ներառման հնարաւորութիւնը»։

Ինքներդ որոշեք, թէ գործնական ի՞նչ արդիւնք կը տայ, պարոն Սինանեան, մէզնից անկախ ու մէզ անտեսելով, մէզ յուզող հարցերը Քեոլնի քաղաքապետի հետ քննարկելը (ի միջի այլոց տեղեկացնեմ, որ վերոյիշեալ տիկին քաղաքապետը ոգի ի բռի պայքարում է Քեոլնի կենտրոնում Հայոց ցեղասպանութեան «Այս ցաւը բոլորինս է» մակագրութիւնն ունեցող յուշարձանի տեղադրումը խափանելու ուղղութեամբ), իսկ մենք արձանագրենք կրկին այն փաստը, որ Դուք մէկ փորձ եւս արեցիք` նսեմացնելու սփիւռքեան մեր աւանդական կառոյցների, այս դէպքում Հայ Եկեղեցու հովանու ներքոյ գործող Քեոլնի Հայ Համայնքի, տասնամեակների նուիրեալ առաքելութիւնն ի խնդիր երեկուայ եւ այսօրուայ սերունդների հայեցի դաստիարակութեան։

Իմիջիայլոց՝ Առաջնորդարան այցելութեան եւ ինձ հետ հանդիպման մասին Ձեր հրապարակած հաղորդագրութեան մէջ բառ կամ ակնարկ անգամ չկայ այն մասին, որ թեմակալ առաջնորդը արծարծեց նաեւ իշխանութիւն-եկեղեցի փոխյարաբերութիւններին վերաբերող հարցեր, իր մտահոգութիւնն ու քննադատութիւնն արտայայտեց «Հայ Եկեղեցու Պատմութիւն» առարկան դպրոցական ծրագրից հանելու առնչութեամբ, քննադատեց Հայաստանի ներկայ իշխանութիւնների Սփիւռքի հետ յարաբերութիւններ մշակելու եւ սփիւռքեան աւանդական կառոյցներն անտեսելու գործելաոճը, Արցախի հարցում զիջողական ու պարտուողական քաղաքականութիւնը։ Յարգանօք՝ Սերովբէ սրբազան», — ընդգծել է Սերովբէ սրբազանը:

Share