«Բանաձեւի ընդունումը շատ պահանջուած էր ոչ այդքան մեզ համար, որքան քաղաքակիրթ աշխարհի». Դաւիթ Բաբայեան

«Բանաձեւի ընդունումը շատ պահանջուած էր ոչ այդքան մեզ համար, որքան քաղաքակիրթ աշխարհի». Դաւիթ Բաբայեան

«alikonline.ir» — Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ։ Այն ներկայացրել են սենատորներ Բրունօ Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կաննէրը, Էրւէ Մարսէյը եւ Ժիլբէր-Լիւկ Դըւինազը։

Բանաձեւի ընդունման նիստին պատւոյ հիւրի կարգավիճակում ներկայ են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Յասմիկ Տոլմաջեանը եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը։

Ըստ այդ բանաձեւի՝ «Պահանջւում է հեռացնել Ադրբեջանի զինուած ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից եւ յարգել Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը։ Կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ ապահովել նրանց վերադարձը հայրենիք։ Առաջարկում է Ֆրանսիայի կառավարութեանը, եւրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիւանագիտական եւ տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացուած ագրեսիան պատժելու նպատակով, այդ թւում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կը թիրախաւորեն Ադրբեջանի իշխանութիւնների ունեցուածքը, ինչպէս նաեւ կը նախատեսեն էմբարգօ կիրառել Ադրբեջանից գազի եւ նաւթի ներկրման հարցում։ Վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման անհրաժեշտութիւնը եւ առաջարկում կառավարութեանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենեակ։ Առաջարկում է կառավարութեանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողութիւնների ամրապնդմանն աջակցելու հնարաւորութիւնը»։

168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանն անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւին եւ դրա նշանակութեանը, նշեց, որ նախեւառաջ բանաձեւի ընդունումը շատ կարեւոր քայլ է Ֆրանսիայի կողմից, քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիայի կողմից։

«Մենք իսկապէս բարձր ենք գնահատում այդ քայլը, բանաձեւն ընդունելուց յետոյ Արցախի ԱԳՆ-ն անմիջապէս յայտարարութիւն է տարածել։ Բանաձեւի ընդունումը կարեւոր քաղաքական, իրաւական, բարոյական, մարդասիրական քայլ է, այն իսկապէս շատ պահանջուած էր ոչ այդքան մեզ համար, որքան քաղաքակիրթ աշխարհի համար։ Ադրբեջանի պահուածքը, քաղաքականութիւնը եւ այն քայլերը, որ այդ երկիրն է իրականացնում՝ լուրջ վտանգ է ներկայացնում քաղաքակիրթ աշխարհի համար։ Յիշէք, թէ Ալիեւն ինչպիսի բառապաշար օգտագործեց նոյեմբերի 8-ին՝ օկուպացուած Շուշի իր կատարած այցի եւ ունեցած ելոյթի ժամանակ։ Սա ոչ միայն հայատեացութեան, նացիզմի դրսեւորում է, այլեւ անյարգալից վերաբերմունք է միջազգային հանրութեան նկատմամբ։ Ըստ Ալիեւի, իրեն որեւէ մէկը չի կարող կանգնեցնել, ինչ արել է՝ լաւ է արել, եթէ միջազգային հանրութիւնը չուզենար, այդ ագրեսիան չէր լինի։ Այսպիսի բառապաշարն ու քաղաքականութիւնն արդէն իսկ ցոյց է տալիս, որ Ալիեւն առհասարակ չափ ու սահման չի պահպանում»,- նշեց Դաւիթ Բաբայեանը։

Ըստ Դաւիթ Բաբայեանի, թէպէտ Արցախի, հայութեան համար շատ կարեւոր կը լինի, որպէսզի շատ արագ, սրընթաց ձեւով Ադրբեջանին իր տեղը ցոյց տան, սակայն դրան զուգահեռ՝ պարզ տեսանելի է՝ որքան միջազգային հանրութիւնն անտարբեր է մնում, կամ այս ու այն երկիրն Ադրբեջանին պաշտպանում են, Ալիեւն աւելի ագրեսիւ է դառնում, եւ, ի վերջոյ, այդ ագրեսիան օգտագործում է հէնց միջազգային հանրութեան դէմ։

Հարցին՝ այս բանաձեւի ընդունման օրինակին կարո՞ղ են հետեւել նաեւ այլ երկրներ, եւ առհասարակ նման բանաձեւերի ընդունումը որքանո՞վ կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիւ քաղաքականութիւնը, Դաւիթ Բաբայեանը պատասխանեց.

«Իհարկէ, շատ լաւ կը լինէր, եթէ նմանօրինակ բանաձեւեր ընդունէին նաեւ այլ երկրներ, եւ ոչ միայն օրէնսդիր, այլեւ գործադիր մակարդակով, որովհետեւ եթէ ժողովրդավարական Արցախն Ադրբեջանի կողմից ենթարկւում է ագրեսիայի եւ դրա դէմ աչք են փակում, աւելին՝ որոշ աշխարհաքաղաքական կենտրոններ փորձում են մեզ խցկել այդ տոտալիտար պետութեան կազմ՝ սա խայտառակութիւն է, պարզապէս խայտառակութիւն։ Սա համամարդկային արժէքների նկատմամբ անյարգալից եւ դաւաճանական վերաբերմունք է, եւ սա ասում ենք բարձրաձայն»,- յաւելեց Դաւիթ Բաբայեանը։

Արցախի ԱԳ նախարարը յոյս յայտնեց, որ բանաձեւը կազդի Ադրբեջանի ագրեսիւ քաղաքականութեան վրայ, թէպէտ պէտք է գիտակցել, որ չեն ապրում հրաշքների աշխարհում, այլ ապրում են դաժան, արժեհամակարգը կորցրած ժամանակահատուածում։ Հետեւաբար՝ պէտք է պայքարեն, աշխատեն եւ, ամենակարեւորը՝ իրականութիւնից չկտրուեն, ճիշտ պատկերացնեն բոլոր գործընթացները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի փոխնախագահ, Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի կողմից ԻՒՆԵՍԿՕ-ի «բարի կամքի դեսպան» տիտղոսից հրաժարուելուն եւ հարցին՝ սա որեւէ կերպ կարո՞ղ է կապուած լինել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունուած բանաձեւի հետ, Դաւիթ Բաբայեանը պատասխանեց, որ դժուար թէ միայն այդ բանաձեւի համար նա հրաժարուէր իր տիտղոսից։

«Իհարկէ, միջազգային հանրութիւնը պէտք է այնպէս անի, որ նման մարդիկ չարժանանան նման տիտղոսների։ Արցախեան երրորդ պատերազմից երկու տարի է անցել, Ալիեւան ոչ միայն առաջին տիկինն է, նա առաջին փոխնախագահն է եւ նաեւ պատասխանատու է այն ցեղասպանութեան համար, որը տեղի է ունեցել Արցախի դէմ։ Բայց նրան ոչ թէ այդ տիտղոսից զրկել են, այլ նա է հրաժարուել, որոշ մարդիկ էլ երեւի խնդրել են, որ մնայ, այ սա է դառը իրականութիւնը։ Ինչպէ՞ս կարող է նման մարդը «բարի կամքի դեսպան» լինել, սա՞ է կամքն աշխարհի։ Մենք մեծ աշխատանք ունենք անելու եւ, ամենակարեւորը՝ չպէտք է ընկնենք երազանքների գիրկը, ունենք յստակ նպատակներ, բարեկամ-եղբայրական երկրներ, որոնց հետ պէտք է զարգացնենք մեր յարաբերութիւնները եւ այնպէս պէտք է անենք, որ ագրեսորը պատասխանատւութիւն կրի»,- եզրափակեց Դաւիթ Բաբայեանը։

Զուարթ Խաչատրեան

Share