ՀՅԴ Հայ Դատի Յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփ տեղեկագիր

ՀՅԴ Հայ Դատի Յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփ տեղեկագիր

Յունիսի 1, 2023 — Յուլիսի 15, 2023

Անցնող մէկ ու կէս ամսուայ ընթացքում ՀՅԴ Հայ դատի աշխարհասփիւռ համակարգի աշխատանքները շարունակել են մեծապէս պայմանաւորուած լինել ադրբեջանական ընթացիկ ահաբեկչական քաղաքականութեան արդիւնքում Արցախում ստեղծուած հոմանիտար եւ անվտանգային իրավիճակով։ Աշխատանքներ են շարունակուել Արցախի հանդէպ միջազգային զօրակցութեան ապահովման, շրջափակման վերացման, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցների կիրառման, Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութեան վերացման, հիմնախնդրի միջազգայնացման, ինքնորոշման իրաւունքի իրացման ճանաչման շեշտադրմամբ բանակցային գործընթացի լիարժէք ձեւաչափի վերականգնման եւ այլ ուղղութիւններով։

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

ԱՄՆ յիսուն նահանգներից Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի դաշնային, նահանգային եւ տեղական ներկայացուցիչները յունիսի 4-ին Կալիֆորնիայի Ռոնալդ Ռեյգանի անուան գրադարան-թանգարանում անցկացրել են Հայ դատի քաղաքական եւ կազմակերպական աշխատանքներին նուիրուած սեմինար-քննարկում։

Սեմինարի օրակարգը ներառել է քաղաքական խորը քննարկումներ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գործունէութեան բոլոր ուղղութիւնների եւ ոլորտների վերաբերեալ՝ սկսած համայնքային քաղաքական ներգրաւուածութիւնից մինչեւ հաղորդակցութիւն եւ մեդիայ, ընտրականից մինչեւ օրէնսդրական գործընթացներ։

Սեմինարին մասնակցել են նաեւ ոլորտային յայտնի փորձագէտներ, որոնք քննարկել են ԱՄՆ արտաքին քաղաքականութեան առանձնայատկութիւնները Հարաւային Կովկասում, ինչպէս նաեւ Հայ դատի քաղաքական առաջնահերթութիւնների սպասարկման ուղղութեամբ առաջիկայ մարտավարական քայլերը։ Մասնաւորապէս՝

– ԱՄՆ-ի շարունակական ճնշումն Ադրբեջանի վրայ՝ դադարեցնելու Արցախի շրջափակումը,
– ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զէնքի վաճառքի եւ անվտանգային աջակցութեան դադարեցում,
– Արցախին ԱՄՆ-ի անյապաղ մարդասիրական օգնութեան տրամադրում,
– Ադրբեջանի կողմից շարունակուող ռազմական յանցագործութիւնների եւ մարդու իրաւունքների խախտումների համար պատասխանատուութեան ենթարկում,
– Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալուած եւ խոշտանգուած հայ ռազմագերիների ազատ արձակում,
– Հայաստանի անվտանգութիւնը որպէս հայ-ամերիկեան երկկողմանի յարաբերութիւնների թիւ մէկ առաջնահերթութեան սահմանում,
– Արցախի Հանրապետութեան ինքնորոշման անքակտելի իրաւունքի ճանաչում։

Տվեալ ժամանակահատուածում ԱՄՆ Կոնգրեսում սկսուել են Արցախի օժանդակութեանը նուիրուած օրէնսդրական գործընթացներ։ Մասնաւորապէս՝ յունիսի 9-ին Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Ալեքս Պադիլան եւ Մարկոյ Ռուբիոն ներկայացրել են Արցախի ապաշրջափակմանն ուղղուած բանաձեւի նախագիծ, որը միաժամանակ ԱՄՆ կառավարութեանը կոչ է անում վերականգնել Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի պահանջները, ինչը բացառում է Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը։ Բանաձեւի նախագծով պահանջւում է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացուած պատերազմական յանցագործութիւնների միջազգային հետաքննութիւն եւ միջազգային դիտորդների տեղակայում Արցախում եւ Լաչինի միջիանցքում։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Բարբարայ Լին յունիսի սկզբին նախաձեռնել էր կոնգրէսական գրութիւն՝ ուղղուած նախագահ Բայդենի վարչակազմին՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը եւ առաւել կոշտ դիրքերից հանդէս գալ Արցախի շրջափակման ադրբեջանական քաղաքականութեան դէմ։ Յունիսի 21-ի դրութեամբ Բարբարայ Լիի առաջնորդած գրութեանն են միացել Կոնգրեսի 54 անդամներ: Պետքարտուղար Էնթօնի Բլինքենին ուղղուած գրութեամբ կոնգրէսականներն ԱՄՆ վարչակազմից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ կիրառել ԱՄՆ Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի (907-րդ բանաձեւ) պահանջները եւ ըստ այդմ դադարեցնել Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան օժանդակութիւնը։ Կոնգրեսականներն անդրադարձել են նաեւ Արցախեան վերջին պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ ադրբեջանական ուժերի կողմից իրաականացուած մարդկութեան նկատմամբ յանցագործութիւններին ու դրանց անպատժելի մնալու անթոյյլատրելիութեանը։ Կոնգրեսականները նաեւ քննադատել են պետդէպարտամենտին՝ Ադրբեջանի իշխանութիւնների գործողութիւնների գնահատման հարցում զսպուածութեան հարցում։ Նրանք վկայակոչել են նաեւ ԱՄՆ կառավարութեան հաշուետուութեան գրասենեակի (GAO) զեկոյցը, որը հրապարակուել է 2022 թուականին եւ արձանագրել, որ պետդէպարտամենտը պատշաճ կերպով Կոնգրեսին չի իրազեկել Բաքուին յատկացուող աւելի քան 164 միլիոն դոլարի օժանդակութեան՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական հաւասարակշռութեան վրայ ազդեցութեան մասին:

Նոյն օրը՝ յուլիսի 21-ին, ԱՄՆ Կոնգրեսում կայացել է նաեւ «Պաշտպանութիւն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագիրը կրող հանրային լսում՝ կազմակերպուած Թոմ Լանթոսի անուան մարդու իրաւունքների յանձնաժողովի համանախագահների կողմից։ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Գուս Բիլիրակիսն ու Ֆրենք Փալոնը հանդէս են եկել ներածական ելոյթներով, իսկ Ադամ Շիֆը յղել է գրաւոր ուղերձ։ Արցախում ստեղծուած իրավիճակի նկարագրական ելոյթներով են հանդէս եկել Միջազգային կրօնական ազատութիւնների հարցերով ԱՄՆ յատուկ յանձնարարութիւններով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը, Երեւանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Ամերիկեան ձեռնարկութիւնների ինստիտուտի աւագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը եւ Կոլումբիայի համալսարանի «Խաղաղութեան եւ մարդու իրաւունքների» ծրագրի տնօրէն Դեյուիթ Ֆիլիպսը։ Վերջիններս, ինչպէս նաեւ ԱՄՆ Կոնգրեսի այլ անդամներ մտքեր են փոխանակել Արցախում ստեղծուած իրավիճակի, ինչպէս նաեւ այդ իրավիճակը մեղմելու ամերիկեան կողմի հնարաւոր դերակատարութեան ու գործնական քայլերի վերաբերեալ։
Մինչ այդ, յունիսի 14-ին, Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի գրասենեակի տնօրէն Արամ Համբարեանը Կոնգրեսում մասնակցել է «Ամերիկացիները հնդիկների համար» կազմակերպութեան եւ Հնդկայ-ամերիկեան հիմնադրամի կազմակերպած ամերիկա-հնդկական համաժողովին՝ նուիրուած քաղաքական ներգրաւածութեան խնդիրներին եւ հանդէս եկել երկու ժողովուրդների ինչպէս պատմական, այնպէս էլ ներկայ համագործակցութեանը նուիրուած ելոյթով։

Արամ Համբարեանը յուլիսի 7-ին անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ վերջերս արած յայտարարութիւններին եւ կոշտ քննադատութեան ենթարկել ԱՄՆ վարչակազմին՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու եւ, ըստ այդմ, ժողովրդավարական Արցախը բռնապետական Ադրբեջանի կազմում էթնիկ զտման եւ ցեղասպանութեան վտանգի առջեւ կանգնեցնելու դիրքորոշման համար։ Նախագահ Բայդենի վարչակազմի կողմից նման դիրքորոշումը Համբարեանը համարել է անխոհեմ եւ որակել որպէս Արցախի 120․000 հայ բնակչութեան մահապատիժ։ Հայ դատի յանձնախմբի նախագահը նկատել է՝ նման վախկոտ կեցուածքը հարիր չէ Ամերիկայի նման պետութեան, որը ձգտում է միջազգային բազմոլորտ առաջնորդութեան։ Ըստ նրա՝ Միացեալ Նահանգները կրում է ինչպէս բարոյական, այնպէս էլ միջազգային իրաւական պարտաւորութիւններ՝ կանխելու էթնիկ զտումները: Ադրբեջանի գործողութիւնները հէնց ապացոյց են այն բանի, որ Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների հայերը կանգնած են ցեղասպանութեան վտանգի առաջ։

Եւրոպա

ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքների արդիւնքում Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի արտաքին քաղաքականութեան յանձնաժողւում Արցախի վերաբերեալ բանաձեւ է ընդունուել՝ Ադրբեջանի կողմից արգելափակուած Լաչինի միջանցքի անյապաղ բացման եւ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զօրքերի դուրսբերման պահանջներով։

Բանաձեւում արձանագրուած է՝ Լաչինի միջանցքը, Արցախը Հայաստանի Հանրապետութեան հետ կապող կենսական կարեւոր օղակ է, ինչը արգելափակման է ենթարկուել Ադրբեջանի կողմից։ Շրջափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչութեան համար եւ խոչընդոտում առաջին անհրաժեշտութեան պարագաների, մարդասիրական օգնութեան մուտքն ու տնտեսական հնարաւորութիւնները։ Ֆլամանդական խորհրդարանի արտաքին քաղաքականութեան յանձնաժողովը ընդունում է հարցի հրատապութիւնը եւ կոչ անում Ադրբեջանին` անյապաղ վերացնել շրջափակումը` ապահովելով ապրանքների, ծառայութիւնների հոսքն ու մարդկանց տեղաշարժը միջանցքով։

Աւելին, բանաձեւում ընդգծւում է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի անյապաղ դուրսբերման անհրաժեշտութիւնը։ Նշւում է, որ ինքնիշխան պետութեան սահմաններում օտարերկրեայ ռազմական ուժերի ներկայութիւնը միջազգային իրաւունքի խախտում է եւ ինքնիշխանութեան սկզբունքների խաթարում։ Բանաձեւը կոչ է անում ԵՄ-ին` դրդել Ադրբեջանին դադարեցնելու իր թշնամական քաղաքականութիւնը հայ ժողովրդի դէմ եւ ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը, որը կանգնած է ցեղասպանութեան վտանգի առաջ։
Եւրոպական Խորհրդարանի յունիս ամսուայ լիագումար նիստի ընթացքում, մտքերի փոխանակման ժամանակ, Եւրոպական խորհրդարանի պատգամաւորները քննադատական հարցեր են ուղղել ԵՄ արտաքին հարցերի եւ անվտանգութեան քաղաքականութեան բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Արցախի բնակչութեան նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառուող շրջափակման եւ այս առնչութեամբ ԵՄ քաղաքականութեան վերաբերեալ: Նիստի ժամանակ ելոյթ ունեցած խորհրդարանականների մեծամասնութիւնը վերահաստատել է ադրբեջանական ագրեսիայի դէմ ԵՄ առաւել խիստ դիրքորոշման անհրաժեշտութիւնը եւ դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականութիւնը։
Նրանք դատապարտել են ԵՄ ղեկավարութեան անգործութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հետ կապուած եւ նկատել Հայաստանում ԵՄ ներկայիս առաքելութեան անարդիւնաւետութիւնը։

Եւրախորհրդարանի պատգամաւորները կոչ են արել ԵՄ ղեկավարութեանը՝ օգտագործել իր լծակները՝ վերացնելու համար Լաչինի միջանցքի շրջափակումը, որը յանգեցրել է հումանիտար ճգնաժամի։

Եւրախորհրդարանի պատգամաւորները նաեւ կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որը չի յարգում միջազգային համաձայնագրերն ու դատական ատեանների որոշումները։

Տեսակէտներ են հնչել, որ ԵՄ գործադիր իշխանութիւնը կարծես ի վիճակի չէ պատշաճ կերպով դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքների լուրջ խախտումները։

Բրիւսելում յուլիսի 6-ին կայացել է Եւրոպայի մի շարք երկրների հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչների հանդիպում։ Ներկայացուած են եղել Եւրամիութեան այն անդամ-երկրները, որտեղ հայ համայնքն ունի միասնական ներկայացուցչական մարմին, այն է՝ Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Կիպրոսը, Շուեդիան եւ Ռումինիան։ Հանդիպումը կազմակերպել էր ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը։ Հանդիպման գլխաւոր նպատակն էր՝ քննարկել Արցախի շուրջ ստեղծուած օրհասական իրավիճակը եւ համախմբել, ինչպէս նաեւ զօրաշարժի ենթարկել Եւրամիութիւնում հայկական սփիւռքին՝ ի պաշտպանութիւն արցախահայութեան անքակտելի իրաւունքների։

Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ 2023 թուականի յուլիսի 15-ին Բրիւսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ՝ աւելի քան 470 եւրոպական ՀԿ-ներ եւ միաւորումներ նամակ են յղել Եւրոպական միութեան եւ Եւրոպայի խորհրդի ղեկավար անձանց՝ յորդորելով անյապաղ եւ արդիւնաւետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ Նամակը հասցէագրուած է Եւրոպական խորհրդի, Եւրոպական յանձնաժողովի եւ Եւրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպէս նաեւ Եւրոպայի խորհրդի անդամ պետութիւնների ղեկավարներին։ Նամակի հեղինակները մատնանշել են անտանելի կենսապայմանները, որոնցում յայտուել են 120.000 արցախահայեր՝ Ադրբեջանի կողմից աւելի քան 7 ամիս Արցախը Հայաստանի Հանրապետութեանը կապող միակ ճանապարհի կանխամտածուած շրջափակման հետեւանքով եւ կոնկրէտ քայլեր առաջարկել ադրբեջանական ագրեսիային վերջ տալու նպատակով։

Կանադա

Յունիսի 7-ին կայացել է Կանադայ-Արցախ խորհրդարանական բարեկամութեան խմբի ամենամեայ ընդհանուր ժողովը, որի արդիւնքում սենատոր Լեոյ Յուսակուսը եւ խորհրդարանական Ռախել Թոմասն ընտրուել են որպէս խմբի համանախագահներ, իսկ խորհրդարանական Ալեքսանդր Բուլերիսը՝ փոխնախագահ։ Բարեկամութեան խումբը յունիսի 29-ին՝ Արցախի շրջափակման 200-րդ օրուայ կապակցութեամբ հանդէս է եկել յայտարարութեամբ, որով Կանադայի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրութիւնն է հրաւիրուել Արցախում ստեղծուած իրավիճակի վրայ։

ՀՅԴ Հայ դատի Կանադայի յանձնախումբը յուլիսի 14-ին հանդէս է եկել յայտարարութեամբ՝ մտահոգութիւն յայտնելով, որ կանադական կառավարութիւնը պատրաստւում է հանել Թուրքիային ռազմական նշանակութեան արտադրանք վաճառելու էմբարգոն, ինչին հնարաւոր էր եղել հասնել ՀՅԴ Հայ դատի Կանադայի յանձնախմբի տեւական աշխատանքի արդիւնքում։ Կանադական կառավարութեանը փոխանցելով կանադահայ համայնքի վրդովմունքը՝ ՀՅԴ Հայ դատի յանձնախումբը կոչ է արել մարդու իրաւունքները, միջազգային անվտանգութիւնն ու արդարութիւնը վեր դասել քաղաքական կարճաժամկէտ հաշուարկներից եւ վերատեսութեան ենթարկել որոշումը։

Կիպրոս

ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի յանձնախումբը յունիսի 26-ից յուլիսի 1-ը կազմակերպել էր քաղաքական հանդիպումների շարք, որին մասնակցել են ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը, ՀՅԴ Հայ դատի յանձնախմբի նախագահ Յակոբ Կազանչեանը եւ ՀՅԴ Կիպրոսի կոմիտէի անդամներ։ Արդիւնաւետ հանդիպումներ են տեղի ունեցել երկրի պաշտպանութեան նախարարի, մշակոյթի փոխնախարարի, քաղաքական բոլոր կուսակցութիւնների նախագահների ու ներկայացուցիչների, Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Կոստաս Մաւրիդեսի, Ստրովոլոսի քաղաքապետի, հոգեւոր առաջնորդների, հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանի եւ համայնքային ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկուել է Արցախի շարունակուող խիստ շրջափակման, ուժի կիրառման եւ էթնիկ զտման ահագնացող սպառնալիքները։ Շեշտուել է Արցախում ճգնաժամը յաղթահարելու եւ Ադրբեջանի սադրանքները կանխելու ուղղութեամբ միջազգային գործուն քայլերի անհրաժեշտութիւնը։

Աւստրալիա

Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում յունիսի 26-ին Աւստրալիայի խորհրդարանի պաշտօնական կայքում զետեղուել է Արցախի շրջափակումը դատապարտել պահանջող հանրային խնդրագիր։

Տվեալ ժամանակահատուածում Արցախին պարտադրուող ադրբեջանական շրջափակումը դատապարտել են եւ աւստրալիական կառավարութիւնից յստակ դիրքորոշում են պահանջել ֆեդերալ ու տարածքային խորհրդարանների բազմաթիւ անդամներ, մասնաւորապէս Նոր Հարաւային Ուելս նահանգի խորհրդարանի անդամներ Հուգ մքդերմթոը եւ Ջորդան Լանը, ֆեդերալ խորհրդարանական Ջերոմի Լաքսելը, լիբերալ եւ կանաչների կուսակցութիւնների արտաքին քաղաքականութեան պատասխանատուներ սենատոր Սիմոն Բիրմինգհամը եւ Ջորդոն Սթիլ-Ջոնը։

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ Թիմ Լոթնը եւ փոխնախագահ Ջեսիկայ Մորդէնը, ինչպէս նաեւ Բարոնուհի Քերոլայն Քօքսը (առցանց) հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի Եւրոպայի հարցերով նախարար Լեոյ Դոչերթիի հետ։ Հանդիպմանը հեռաւար եղանակով մասնակցել է նաեւ Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի նախագահ Անեթ Մոսքոֆեանը։

Հանդիպման ընթացքում քննարկուած հարցերը վերաբերել են Հայաստանի եւ Արցախի անվտանգային եւ հումանիտար խնդիրներին: Թիմ Լոթնը նախարարից ակնկալել է Մեծ Բրիտանիայի կառավարութեան առաւել կոշտ դիրքորոշում Լաչինի միջանցքի շրջափակման առիթով։

Լիբանան

Ադրբեջանական տեղակատուական սադրանքներին հակազդելու նպատակով՝ Հայ դատի Լիբանանի մարմինը յունիսի 21-ին լիբանանեան լրատուամիջոցներին հաղորդագրութիւն է ուղարկել՝ ներկայացնելով դրան նախորդող օրերին ադրբեջանական նախայարձակ գործողութիւնները։ Նամակով անդրադարձ է կատարուել նաեւ Արցախի շրջափակմանն ու տեղում ստեղծուած հումանիտար իրավիճակին։

Եւրոպական միութեան խորհրդի նախագահութիւնը ստանձնելու կապակցութեամբ՝ յուլիսի 3-ին ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմնի պատուիրակութիւնը այցելել է Բեյրութիւմ հաւատարմագրուած Իսպանիայի դեսպանատուն, որտեղ հանդիպել է փոխդեսպանին եւ շնորհաւորել կարեւոր քաղաքական իրադարձութեան առթիւ։ Հանդիպման ընթացքում յանձնախմբի անդամները հանգամանօրէն ներկայացրել են Բերձորի միջանցքի փակման պատճառով Արցախում ստեղծուած հումանիտար ճգնաժամը եւ միջազգային դատական ատեանների՝ շրջափակումը վերացնելու մասին որոշումների ադրբեջանական արհամարհումը։

Հայ դատի յանձնախմբի անդամները նաեւ շեշտել են հայ-ադրբեջանական ստորագրուելիք փաստաթղթում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման անհրաժեշտութիւնը, նշելով, որ հակառակ պարագայում Արցախը կկրկնի Նախիջեւանի ճակատագիրը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
17. 07․ 2023 թ․

Share