Արցախի և Հայաստանի մի շարք քաղաքական ուժերի յայտարարութիւնը

Արցախի և Հայաստանի մի շարք քաղաքական ուժերի յայտարարութիւնը

Մենք` ներքոստորագրեալներս, Հայաստանի իշխանութիւններից պահանջում ենք արտաքին քաղաքականութեան օրակարգում ներառել եւ բանակցային գործընթացի շրջանակում պարտադիր քննարկման առարկայ դարձնել Արցախի ժողովրդի` միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հաւաքական իրաւունքն իրացնելու պահանջը:

Արցախի ժողովրդի ցեղային զտումն ու հայրենազրկումն արդիւնքն է Ազրպէյճանի կողմից միջազգային իրաւունքի կանոնների եւ քաղաքական պայմանաւորուածութիւնների կոպիտ խախտման, եւ չկայ միջազգային որեւէ դերակատար, որը կը կարողանայ հերքել խնդիրն օրակարգ բերելու հայկական կողմի իրաւունքը:

Առանց խոչընդոտների եւ միջազգային երաշխիքներով իր հազարամեակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրաւունքն է եւ դրա նախապայմանը` հաւաքական վերադարձը, որն ամրագրուած է միջազգային հիմնարար հռչակագրերով եւ փաստաթղթերով, ինչպէս նաեւ Արդարադատութեան միջազգային դատարանի` Արցախի վերաբերեալ կայացուած որոշումներով:

Հարաւային Կովկասում չի կարող լինել խաղաղութեան ակնկալիք, առաւել եւս` երաշխիք, քանի դեռ հայկական կողմը չի ձեւակերպել եւ օրակարգ չի բերել արդարութեան պահանջը: Սրա ապացոյցն Ազրպէյճանի պահուածքն է եւ խաղաղութեան հասնելու հայկական կողմի ապարդիւն փորձերը: Հնարաւոր չէ հասնել խաղաղութեան եւ կարգաւորման մի իրավիճակում, երբ կողմերից մէկը զրկուած է իր շահերի պաշտպանութեան հնարաւորութիւնից:

Համոզուած ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատմանը հասնել հնարաւոր է միմիայն Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձով` ամրագրուած միջազգային երաշխիքներով:

Վստահ ենք, որ սա ընկալում են տարածաշրջանի եւ դրանում ներգրաւուած բոլոր դերակատարները: Հայաստանի իշխանութեան պատասխանատուութիւնն է առնուազն այս հարցում դրսեւորել դիւանագիտական հմտութիւն եւ քաղաքական կամք` յօգուտ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենական սպառնալիքների չէզոքացման:

«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ-ՔՄԴ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ


«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ» ԱՐՑԱԽԵԱՆ ԿԱՌՈՅՑ

ԱՐՑԱԽԻ «ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

ԱՐՑԱԽԻ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

«ՊԱՏԻՒ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

«ՀԱՅԱՔՈՒԷ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԻՒՆ

«ՄԻԱՍԻՆ» ՇԱՐԺՈՒՄ

Share