2026 թուականի նոյեմբերի 5-ից 8-ը Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը բռնազաւթած վարչախումբը Երեւանում անցկացրեց այսպէս կոչուած «համահայկական» մի հաւաք, որին մասնակցեցին Սփիւռքի տարբեր շրջաններից անհատներ։ Նիդերլանդներից նոյնպէս գտնուեցին պատեհապաշտ մարդիկ, որոնք գնացին սատարելու հայրենի Արցախը վաճառքի հանած, ազգի սերուցքը կազմող 5000 երիտասարդների սպանդի տարած, հայրենիքի տարածքները թշնամուն զիջած եւ զիջող իշխանութեանը։ ՀՅԴ Նիդերլանդների կառոյցը, ազգային զգացումներով տոգորուած ողջ նիդերլանդահայութեան անունից, յայտարարում է․
Նմանօրինակ հաւաքները միայն ու միայն ուղղուած են հայ ժողովրդի պառակտումը խորացնելուն եւ հայրենավաճառ իշխանութեան ապազգային դիրքերն ամրապնդելուն։
Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են կեղծիքի եւ երեսպաշտութեան այս թատերախաղին, բացառապէս հետապնդել են անձնական շահեր եւ երբեք իրաւասու չեն ներկայացնելու նիդերլանդահայութեան հաւաքական կարծիքը։
Ամենազաւեշտալին այն է, որ մասնակիցների թւում կան մարդիկ, որոնք տասնամեակներ շարունակ Հայ դատի յանձնախմբի հետ համագործակցել են Հայոց ցեղասպանութեան ճանաչման պայքարում եւ Արցախի իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած աշխատանքներում։
Նոյն մարդիկ այսօր ծափահարում են իրենց խեղկատակ առաջնորդի յայտարարութիւններին, որը «Արցախ» անուան արտաբերումը յանցանք է համարում եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը վերջնականապէս հանել է Հայաստանի արտաքին քաղաքականութեան օրակարգից։
ՀՅԴ Նիդերլանդների կառոյցը, իր շուրջը համախմբելով ազգի եւ հայրենիքի ճակատագրով ապրող բոլոր նիդերլանդահայերին, շարունակելու է պայքարել թշնամու բերած եւ ամբողջութեամբ նրա կարգադրութիւնները կատարող իշխանազաւթ դաւաճանների դէմ եւ յայտարարում է, որ դաւաճանական իշխանութեան հետ ցանկացած համագործակցութիւն վաղ թէ ուշ ստանալու է իր արժանի գնահատականը։
