Ադրբեջանական լրատուամիջոցները յայտնում են, որ ձերբակալուել է Ադրբեջանի բանտում պահուող Արցախի ԱԺ նախկին նախագահ Դաւիթ Իշխանեանի փաստաբանը՝ Էլչին Ամիրովը։ Ընդ որում՝ ձերբակալութիւնը տեղի է ունեցել մէկ քաղաքացու բողոքի հիման վրայ։ Ամիրովին մեղադրանք է առաջադրուել Ադրբեջանի քրէական օրէնսգրքի 178.2.2-րդ (կրկնակի կատարուած խարդախութիւն) եւ 182-րդ (շորթում) յօդուածներով։
Աւելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպէս խափանման միջոց ընտրել է երեք ամիս ժամկէտով կալանքը։ Ներկայումս Ամիրովը պահւում է Բաքուի քննչական մեկուսարանում։
Նշենք, որ Դաւիթ Իշխանեանին Բաքուի դատարանը 2026 թ. փետրուարին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Դրանից յետոյ իր ուղերձում նա ասել էր, որ դատավարութեան աւարտին չի կարողացել իր վերջին խօսքն ամբողջութեամբ ներկայացնել։
«Ես չկարողացայ դատավարութեան վերջում՝ իմ վերջին խօսքի ժամանակ, ամբողջութեամբ ասել իմ խօսքը․ նուազագոյնը 30-40 տոկոսով այդպէս էլ չթողեցին իմ վերջնական խօսքն ասել»,– ընդգծել էր Դաւիթ Իշխանեանը։
Աւելին, այս տարուայ յուլիսին նա Բաքուից փոխանցած իր ուղերձներից մէկում յայտնել էր.
«Մինչեւ հիմա պաշտպանները չունեն ո՛չ մեղադրական ակտը, ո՛չ մեղադրական եզրակացութիւնը եւ ո՛չ էլ դատավճիռը։ Դատաւորը մեր պահանջներից յետոյ որոշում կայացրեց, որ էլեկտրոնային տարբերակով թոյլ է տալիս, որպէսզի պաշտպանները ծանօթանան դատավճռին, հասկանո՞ւմ էք՝ ծանօթանան, այսինքն՝ նրանք չեն կարող դա իրենց ձեռքի տակ ունենալ»։
Արդեօք ադրբեջանցի փաստաբան Էլչին Ամիրովի դէմ քրէական հետապնդման հիմքում կարող է Դաւիթ Իշխանեանի դէմ շինծու մեղադրանքի հետ կապուած որեւէ հանգամանք լինել, այս պահին չենք կարող ասել, բայցեւ չի բացառւում։
Ի դէպ, ադրբեջանական լրատուամիջոցների փոխանցմամբ՝ Ամիրովի ձերբակալութիւնից օրեր առաջ Ադրբեջանի ՆԳՆ կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի գլխաւոր վարչութեան աշխատակիցների կողմից ձերբակալուել է պետական դաւաճանութեան եւ այլ ծանր յանցագործութիւնների համար մեղաւոր ճանաչուած Ռամիզ Մեհտիեւի դստեր փաստաբան Ռաման Աբիշեւը։
Դատաւորի որոշմամբ՝ Ռ. Աբիշեւի նկատմամբ որպէս խափանման միջոց ընտրուել է չորս ամիս ժամկէտով կալանքը։
Թէ որքանով են փաստաբաններին առաջադրուած մեղադրանքները հիմնաւոր կամ անհիմն, ոչինչ պնդել չենք կարող, բայցեւ չենք կարող չնկատել, որ Ալիեւը հետապնդում է սկսել ալիեւեան վարչակարգի թիրախում յայտնուած անձանց փաստաբանների նկատմամբ։
