ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւն
Մէկ տարուց աւելի տեւած դատավարական ֆարսի արդիւնքում այսօր Բաքւի ռազմական դատարանը հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների եւ միւս հայ բանտարկեալների դէմ շինծու մեղադրանքների գործով «դատավճիռները»։
Դռնփակ, կեղծ «դատավարութեամբ» կանխորոշւած վճիռներով Ադրբեջանը աւելորդ անգամ հաստատեց, որ հակառակ խաղաղութեան մասին խօսոյթին եւ ձեւական քայլերին, ՀՀ գործող իշխանութիւնների մեղսակցութեամբ, շարունակում է իր հակահայ քաղաքականութիւնն ու վարքագիծը։
Ի սկզբանէ ակնյայտ էր, որ Բաքւի այս «դատավարութեան» նպատակն է թիրախաւորել ու վարկաբեկել Արցախի ու Հայաստանի Հանրապետութիւնները, արցախահայութեան ինքնորոշման պայքարը եւ այդ պայքարի առաջնորդներին։
Յատկանշական է, որ Հայաստանի ու հայերի դէմ կայացւած «դատավճիռների» նախօրէին Նիկոլ Փաշինեանն ու Իլհամ Ալիեւը Աբու Դաբիում խաղաղութեան մրցանակ են ստանում։ Ահա թէ ինչպիսին է եւ ինչի մասին «խաղաղութեան գործընթացը»։
Բաքւի ռազմական դատարանի կողմից դատապարտւած գերեվարւած հայերը իրականում փաստացի պատանդներ են Ադրբեջանի ձեռքում։ Առանց այդ պատանդների անյապաղ եւ առանց նախապայմանի ազատ արձակման, Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջեւ խաղաղութեան հաստատման մասին խօսելը ծաղրանք է, անկախ նրանից թէ ովքեր են այդ խօսոյթի հեղինակները։
Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ Ադրբեջանում պահւող հայ բոլոր գերիների ազատ արձակումը ապահովելու համար։ Կոչ ենք անում մեր տարածաշրջանում իսկական խաղաղութեան ջատագով ուժերին, առհասարակ մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան եւ արդարութեան համար աշխատող միջազգային բոլոր կառոյցներին՝ հետամուտ լինել եւ աջակցել հայ գերիների ազատ արձակման հարցում։
Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իսկական խաղաղութեան մասին կարելի է խօսել միայն արցախցիների անհատական ու հաւաքական բոլոր իրաւունքները, ներառեալ պատանդների հայրենիք վերադարձը ապահովելու ճանապարհով։
Դա ենթադրում է բոլոր առումներով իսկապէս ուժեղ հայրենի պետութիւն եւ ազգային նպատակների շուրջ համազգային համախմբում։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը յանձնառու է եւ շարունակելու է այդ նպատակին միտւած կազմակերպւած ու նպատակասլաց պայքարը։
Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
5 Փետրւարի, 2026 թ.
