Սոցհարթակները եւս զերծ չէն ամերիկեան թէժ ընտրապայքարից

Սոցհարթակները եւս զերծ չէն ամերիկեան թէժ ընտրապայքարից

ԱՄՆ նախընտրական թէժացող պայքարը իրեն զգացնել է տալիս ամէնուր։ Բնականաբար, սոցհարթակները, որոնց ազդեցութիւնը ժամանակակից հանրութեան նկատմամբ ահռելի է, չէին կարող զերծ մնալ ամերիկեան քաղաքականութիւնից։

Տարաբնոյթ սոցհարթակներում, կարծես, ամէն ինչ խառնուել է իրար՝ որքան մօտենում ենք նոյեմբերի 5-ին՝ ամերիկեան ընտրութիւնների օրուան, երբ ԱՄՆ քաղաքացիներն ընտրելու են երկրի նախագահ, Սենատի մէկ երրորդը եւ Ներկայացուցիչների տան ողջ կազմին։

Թրամփի ու Հարիսի միջեւ ընտրապայքարն ամէնուր է, նաեւ՝ սոցհարթկաներում, ուր ամերիկացիներն ամէն օր հանդիպում են բազմաձեւ բովանդակութեան, իսկ վերջին օրերին նաեւ այսպիսի՝ ինչպէս ԱՄՆ-ում են ասում, անզաւակ եւ կատու պահող կանանց մասին յիշատակումներ, կոկոսի պատկերներ ու անդրադարձ բրիտանացի փոփ-աստղ Charli XCX-ին։

Չեք սխալւում՝ այս ամէնը կապ ունի ամերիկեան ընտրութիւնների հետ։

Նախ, սոցհարթակները ցնցեցին ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածու Ջեյ Դի Վենսի խօսքերը։

«Մեր երկրում մէզ ղեկավարւում ենք դէմոկրատները՝ մեր կորպորատիւ օլիգարխները։ Մի խումբ անզաւակ եւ կատու պահող տիկնայք, ովքեր թշուառ են իրենց կեանքի եւ իրենց կատարած ընտրութեան պատճառով, ցանկանում են երկրի միւս մասն էլ թշուառ դարձնել»,- յայտարարել է Ջեյ Դի Վենսը։

Հանրապետական գործչի բառերն անարձագանք չմնացին՝ սուր քննադատութեան արժանանալով տարբեր կողմերից՝ նախկին պէտքարտուղար Հիլարի Քլինթօնից մինչեւ հոլիւուդեան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթօն։ Իսկ համացանցում․․․ սկսեցին տարածուել կատուների մասին մեմեր։

Ջեյ Դի Վենսը արձագանքել է, թէ իր խօսքերը կտրել են համատեքստից՝ իր հերթին քննադատելով դէմոկրատներին, որ նրանց վարած քաղաքականութիւնը չի նպաստում ընտանիքի ամրապնդմանը:

Համացանցի ուշադրութիւնից դուրս չի մնացել նաեւ ԱՄՆ փոխնախագահ Քամալայ Հարիսը, եւ պատճառը դէմոկրատների փաստացի թեկնածուի անցած տարի արտաբերած իր մօր խօսքերն էին․ «Կարծո՞ւմ եք, հէնց նո՞ր եք ընկել կոկոսի ծառից»:

Հարիսի խօսքերն ի սկզբանէ գրաւեցին հանրապետականների ուշադրութիւնը, որոնք տարածում էին այն համացանցում՝ ակնյայտօրէն ծաղրելու նպատակով, սակայն կարճ ժամանակ անց նախաձեռնութիւնը իրենց ձեռքը վերցրեցին Հարիսի կողմնակիցները՝ սոցհարթակներում տարաբնոյթ մեմեր եւ կոկոսի նշաններ տարածելու միջոցով պատմութիւնը դարձնելով զուարճալի։

Այսքանով, սակայն, Քամալայ Հարիսի շուրջ պատմութիւնները սոցցանցերում չէն աւարտուել։ ԱՄՆ փոխանախագահի մուտքը քարոզարշաւ գրաւել է բրիտանացի յայտնի փոփ-աստղ Charli XCX-ի ուշադրութիւնը, որը X-ում գրառմամբ Քամալային նմանեցրել է իր վերջին ալբոմի մտացածին հերոսուհուն։

Ինչեւէ, ընտրութիւններին դեռ ամիսներ կան եւ սոցցանցերում պտտուող պատմութիւնները դժուար թէ այսքանով աւարտուէն։

VOA

Share