«Սինանեանի այցն ԱՄՆ խայտառակութիւն էր, բայց այս մարդը խայտառակուելուց չի ամաչում»․ Յարութ Սասունեան

«Սինանեանի այցն ԱՄՆ խայտառակութիւն էր, բայց այս մարդը խայտառակուելուց չի ամաչում»․ Յարութ Սասունեան

Յարութ Սասունեանի հարցազրոյցը 168.am հետ

Յունիսի սկզբին ՀՀ սփիւռքի գործերով գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը Միացեալ Նահանգներում էր, որտեղ, ըստ պաշտօնական հաղորդագրութիւնների, հանդիպումներ էր ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Լոս Անջելեսի հայ համայնքի հետ նրա հանդիպումը տապալուել էր եւ վերածուել «Սինանեան դաւաճան» կարգախօսով ակցիայի: Չնայած սրան, իր վերջին հարցազրոյցներից մէկում Զարեհ Սինանեանը ակցիան մի դրուագ էր որակել՝ ասելով, որ ունեցել է արդիւնաւետ այց եւ շուրջ 2 տասնեակ հանդիպումներ Միացեալ Նահանգներում:

168TV-ի եթերում այս եւ մի շարք այլ թեմաների շուրջ տեսակապով զրուցել ենք «Կալիֆոռնիայ կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանի հետ:

Նա նշեց, թէ չի զարմանում, որ Զարեհ Սինանեանը ոչինչ չի արել ու չի կարող անել, որովհետեւ պէտք է նայել, թէ ով է նրան նշանակել, իսկ նրան նշանակողը Փաշինեանն է, որն ինքն է երկիր ղեկավարելուց հեռու, անկարող է ղեկավարել: Ըստ Սասունեանի, Նիկոլ Փաշինեանի բոլոր նշանակումները՝ լինի Սինանեան, Մակունց, նախարարներ, բոլորն «անորակ» նշանակումներ են, նրանք անփորձ մարդիկ են, ոչ մի կերպ չէն կարող օգտակար լինել հայրենիքին եւ ոչ մի ձեւով խորհուրդ չէն կարող տալ Փաշինեանին:

«Նոյնիսկ, եթէ մէկը խելացի երկու խօսք ասի, որպէս խորհուրդ Փաշինեանին, դա էլ իզուր է, որովհետեւ Փաշինեանը ոչ մէկին չի լսում: Ինձ յաճախ հարցնում են՝ Փաշինեանը լսո՞ւմ է Սփիւռքին, ասում եմ՝ մոռացեք, Փաշինեանը նոյնիսկ իր կուսակիցներին, կողմնակիցներին, ԱԺ-ին չի լսում, միանձնեայ է կայացնում իւրաքանչիւր որոշում՝ առանց որեւէ բան իմանալու, մի օր մի յայտարարութիւն է անում, մէկ այլ օր՝ մէկ այլ յայտարարութիւն: Շատ վատ վիճակում է մեր երկիրը, եւ չեմ զարմանում, որ Սինանեանի նման մարդու է նշանակել»,- ասաց Սասունեանը: Բացի այդ, Հ․ Սասունեանն ուշադրութիւն հրաւիրեց այն հանգամանքի վրայ, որ Սինանեանը Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի պաշտօնը զբաղեցնում է շուրջ 3 տարի, աշխատավարձ է ստանում ժողովրդի գումարներից, բայց որեւէ արդիւնք չկայ, ժամանակ առ ժամանակ շրջագայում է, եւ «այս մարդը այստեղ-այնտեղ շրջում է, ոչ մի բան չի կատարում»։

«Մի քանի ամիս առաջ Ֆրանսիայ գնաց, նոյն խայտառակութիւնն այնտեղ տեղի ունեցաւ, գլխաւոր կազմակերպութիւնները հրաժարուեցին նրան հանդիպել: Այս մարդն այնքան աներես է, որ նոյնիսկ խայտառակ վիճակում է յայտնւում, հրապարակում է մամուլի հաղորդագրութիւն, ասում է, որ ինչ-որ բաներ է արել: Ես կարդացի իր վերջին գրութիւնը, հանդիպել է ոչ թէ մի քանի տասնեակ, այլ մի քանի փոքր թուով կազմակերպութիւնների հետ: Ես յիշում եմ, որ երբ 4 տարի առաջ Փաշինեանը նշանակեց պարոն Մխիթար Հայրապետեանին, որպէս Սփիւռքի նախարար, նա եկաւ այստեղ՝ Գլենդել, ոչ ոք նրան չէր ճանաչում, բայց քանի որ եկել էր Հայաստանից, որպէս նախարար, մի հսկայ սրահ էին վարձել, որտեղ կար 2000 հոգի, եւ այդ մարդն անծանօթ մարդ էր Սփիւռքի համար։ Իսկ Սինանեանն այստեղ էր ապրել ողջ կեանք, քաղաքապետ է եղել, եւ բոլորը նրան ճանաչում են, սակայն ոչ թէ 2000, այլ 200 հոգի չի կարող հաւաքել մի տեղում: Առաջին օրը, որ այստեղ հասաւ, եղաւ մի միջոցառում, որը խայտառակ ձեւով աւարտուեց, սրահից նա փախաւ, յետոյ երբ բողոքօղները գնացին, ետեւի մուտքից մտաւ՝ գաղտագողի, եւ մի քանի խօսք ասաց մօտաւորապէս 20 հոգու առջեւ: Այսինքն, լրիւ խայտառակութիւն է, բայց այս մարդը խայտառակուելուց չի ամաչում եւ անընդհատ կարծում է, թէ ինչ–որ բան է անում, բայց անընդհատ վնաս է տալիս մեր հայրենիքին, Սփիւռք-Հայաստան կապերին, քան օգուտ»,- ասաց Յարութ Սասունեանը:

Նա նշեց, որ այս դժգոհութիւնների մասին նշում է ոչ թէ ուրախութեամբ, այլ սրտի մեծ ցաւով: Ըստ նրա, Հայաստանի «բոլոր աթոռների վրայ կարող մարդկանց կարիքը կայ»՝ վերից վար: «Երանի հարցը միայն Սինանեանը լինէր, բոլորն էլ խնդիր են, որովհետեւ վարչապետն ինքը գլխաւոր խնդիրն է, եւ եթէ նա չի իմանում՝ ինչ է անում, ինչպե՞ս պէտք է նշանակի կարող մարդկանց»,- նկատեց Սասունեանը:

Ամերիկահայ գործիչը յիշեց, որ երբ Փաշինեանը եկաւ իշխանութեան, մարդիկ չգիտեին, թէ նա ով է, ինչ է անելու, չափազանց խանդավառ էին, կարծում էին՝ երկնքից մի փրկիչ է իջել երկիր, իսկ նա բոլոր հարցերի համար մեղադրում էր նախկիններին, եւ կամաց-կամաց ժողովուրդն իր աչքերով՝ նոյնիսկ մինչ պատերազմը, տեսաւ, որ այս մարդը ոչինչ չի կարող անել, պատերազմի ընթացքում, որպէս գերագոյն գլխաւոր հրամանատար՝ ձախողուեց, եւ այս վիճակին մենք հասանք: «Հիմա Սփիւռքում գրեթէ մեծամասնութիւնն իշխանութիւններին դէմ են: Ինչպէս որ Սինանեանն է անում, փորձում են մէկ-երկու մարդ այստեղ-այնտեղ գտնել, հանդիպել, նկարուել եւ այլն: Օրինակ, երբ նա գնաց Դետրոյտ, այնտեղ յաջորդ օրը յայտարարեց, թէ հանդիպել է հայ համայնքի ղեկավարների հետ, սակայն հայ համայնքի ղեկավարները յայտարարեցին, որ իրենք նոյնիսկ տեղեակ չէն, որ Սինանեանն այնտեղ է, ու նրան չէն տեսել, նա մտել էր միայն մէկ եկեղեցի, որտեղ կային փոքրաթիւ մարդիկ, տեսանիւթ կար, եւ այդտեղ երբ հրաւիրեցին երկու խօսք ասելու, նա դաշնամուր նուագեց, սա էր Դետրոյտում իր արածը: Այստեղ եկաւ՝ որեւէ մէկը տեղեակ չէր նոյնիսկ, որ նա այստեղ է, ոչ մի տեղ չէր երեւում: Կարող են մէկ-երկու հոգի գտնել, բայց Սփիւռքն ունի 7 մլն հայ, մէկ-երկու հոգով մենք տեղ չենք հասնելու, պէտք է ամէն ինչ անենք, որ միասին աշխատենք՝ որպէս մէկ ժողովուրդ, մէկ ընտանիք, մեր հայրենիքը բազում հարցեր ունի, 1-2 հոգով չի լուծուելու այս հարցը: Բոլորս պէտք է միասին աշխատենք»,- ասաց Սասունեանը:

Նա նաեւ այն կարծիքին է, որ սեւ-սպիտակի բաժանումը սկսուեց Հայաստանից եւ փոխադրուեց Սփիւռք: Սասունեանը նշեց, որ երբ Սինանեանը հարցազրոյց է տալիս, անընդհատ քննադատում է Սփիւռքի գլխաւոր կազմակերպութիւններին, անում է ճիշտ հակառակը, ինչ պէտք է անի: Ըստ նրա, նորմալ պաշտօնեան սիրաշահում է բոլորին, բոլորի հետ աշխատում է: «Իսկ ինքն ասում է՝ ես դասական կազմակերպութիւնների, կուսակցութիւնների հետ չեմ աշխատելու, աշխատելու եմ փոքր խմբերի հետ։ Լրիւ սխալ մօտեցում է, նա պէտք է աշխատի բոլորի հետ՝ անկախ նրանից, թէ ովքեր են, որ կողմից են․ պետութեան համար կողմ չկայ, մենք բոլորս էլ հայ ենք, ՀՀ-ն մեր բոլորի հայրենիքն է, մենք կարող ենք մեր ներքին վէճերն ունենալ, բայց երբ մեր հայրենիքին օգնելու հերթը գայ, մենք ամէն ինչ պէտք է մի կողմ դնենք ու օգնենք մեր հայրենիքին: Այս մարդը դա էլ չի հասկանում, որովհետեւ չի հասկանում իր պաշտօնը, նա սխալ պաշտօնի է»,- ասաց Սասունեանը:

Խոսելով այն հանգամանքից, որ Թուրքիայի իշխանութիւններն աջակցում են ՀՀ իշխանութիւններին ու փորձում պաշտպանել Սփիւռքի աւանդական կառոյցներից՝ Սասունեանը նշեց, որ Թուրքիան եւ Ադրբեջանը տեսնում են, որ Սյփուռքը կարծր դիրքորոշում ունի եւ պաշտպանում է ՀՀ ազգային շահերը եւ ոչ մի զիջման տեղի չի տալիս, չի ընդունում թուրքական ոչ մի սուտ, կեղծիք, զրպարտութիւն, Ցեղասպանութեան, մեր պատմական Արեւմտահայաստանի հողերի, մեր սահմանների մասին, ուրեմն՝ երբ Չաւուշօղլուն տեսնում է անզիջում Սփիւռք ու զիջողական իշխանութիւն, պարզ է, որ նա պէտք է կողմնապահութիւն անի ի օգուտ ՀՀ իշխանութիւնների:

Հարցին, թէ ՀՀ իշխանութիւնների քաղաքականութիւնն ազդե՞լ է այդ կառոյցների աշխատանքի արդիւնաւետութեան վրայ կամ վնասե՞լ է դրանց, Սասունեանը պատասխանեց, որ այդ կառոյցները լաւ թէ վատ շարունակում են իրենց աշխատանքը: «Բայց ինձ համար Սփիւռքի ներքին աշխատանքներից է՛լ աւելի կարեւոր է մեր հայրենիքի իրավիճակը, որովհետեւ իսկապէս անդունդի եզրին կանգնած վտանգաւոր իրավիճակում ենք: Սակայն այդ քաղաքականութիւնը որոշակի բացասական հետեւանքներ ունենում է»,- ասաց նա:

Նրա որակմամբ, ցաւալին այն է, որ բոլոր երկրները շատ լաւ հասկանում են իրենց շահերը, բայց ՀՀ իշխանութիւնները չէն հասկանում ՀՀ-ի շահերը:
Հարցին՝ ինչո՞ւ է այդպէս, նա պատասխանեց, որ անտեսանելի ու անփաստելի հարցերով չի զբաղւում: «Ասեմ այն, ինչ անձնապէս տեսել եմ ու հաւատում եմ: 2019 թուականի սեպտեմբերին ես եկայ Հայաստան, վարչապետն ինձ ընդունեց, մէկ ժամ նստեցինք-խօսեցինք: Նա ինձ քաղաքաւարի ու ազնիւ ընդունեց, մինչ այդ երբեք չէինք հանդիպել, բայց այդ մէկ ժամ խօսակցութիւնը, որ տեղի ունեցաւ, այնքան ձախողուած զրոյց էր: Այն բոլոր հարցերը, որ ներկայացնում էի Հայաստանի վերաբերեալ եւ խորհուրդներ տալիս, որեւէ հետաքրքրութիւն չէր ցուցաբերում, չէր լսում, նստած, սառած աչքերով, սառած դէմքով նայում էր իմ երեսին, եւ այդ մէկ ժամից յետոյ ես եզրակացրել եմ, որ այս մարդն իր տեղում չէ, իր պաշտօնում չէ, այս մարդը չի կարող երկիր ղեկավարել եւ պէտք է դուրս գայ այդ տեղից»,- ասաց Սասունեանը:

Նա նաեւ այն կարծիքին է, որ Արեւմուտքը՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, գնահատելով ՀՀ իշխանութիւններին՝ որպէս ժողովրդաւար, երկակի ստանդարտներով են առաջնորդւում, ինչպէս միշտ: «Փաշինեանը դիկտատոր է, քան ժողովրդաւար»,- նկատեց նա:

Ըստ նրա, Բայդենի կառավարութեան նպատակը տարածաշրջանում, Հայաստանում եւ ամէնուր ՌԴ-ն տկարացնելն ու թուլացնելն է, Ռուսաստանի ազդեցութիւնը վերացնելը, եւ այդ տեսանկիւնից պէտք է դիտարկել նաեւ ԱՄՆ քաղաքականութիւնը Հայաստանում եւ ռեգիոնում:

Share